Նաղդալյանի ելույթն ընդհատել են և սուլել

Նաղդալյանի ելույթն ընդհատել են և սուլել

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունն այս անգամ այնպիսի ակնհայտ ձախողումներով վերադարձավ Հայաստան, որ պատվիրակության անդամներից ոչ մեկն ամոթից չի ուզում որեւէ բան ասել լրատվամիջոցներին եւ չգիտի էլ ինչ ասի: Բոլորը միաբերան հրաժարվում են մեկնաբանություն տալուց, սպասում են պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի վերադարձին, ով, ի դեպ, պետք է վերադառնա ոչ թե Ստրասբուրգից, այլ Վրաստանից, քանզի երեկ Գալուստ Սահակյանի պատվիրակության կազմում մեկնել է Թբիլիսի: Պատվիրակության անդամները հասկացնում են՝ «թող ինքը գա ու իր եփած ճաշի տակից դուրս գա»: Միայն ՀԱԿ-ից Լեւոն Զուրաբյանն էր, ով երեկ չդիմացավ ու ասուլիս տվեց՝ կատարվածի մեղքը բարդելով Նաղդալյանի ու ըստ այդմ նաեւ ՀՀ ապաշնորհ իշխանությունների վրա: Ոմանք անգամ սկսել են արձանագրել՝ Դավիթ Հարությունյանի բացակայությունն է զգացնել տալիս, եւ կանանցով համալրված այս պատվիրակության ուժերից վեր է Հայաստանը ներկայացնել այդ կարեւոր կառույցում: Ի դեպ, ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանն էլ երեկ ՀՅԴ պատվիրակության կազմում մեկնել էր Արցախ, եւ նրա հետ եւս կապ հաստատել չհաջողվեց:



Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում ներկայացվել էր զեկույցի նախագիծ՝ «Բռնության սրացումը ԼՂՀ-ում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» անվանումով, որի հիման վրա հետագայում կարող է ընդունվել բանաձեւ, ինչն էլ մեզ համար արդեն վտանգավոր է: Նախագծի զեկուցող է նշանակվել բրիտանացի պատվիրակ Ռոբերտ Վալտերը, ով հայտնի է իր ադրբեջանամետ կեցվածքով: «Սա դիվանագիտական պարտություն է, որն իջեցրեց Հայաստանի նշաձողը նոր մակարդակի: Սա լրջորեն թուլացնում է Հայաստանին, ԼՂՀ-ին եւ ուժեղացնում Ադրբեջանի հիմքերը»,-մեղադրելով Հերմինե Նաղդալյանին՝ ասել է Լեւոն Զուրաբյանը: «ԵԽԽՎ-ի կողմից նման վերնագրով զեկույցի ընդունումն արդեն միջամտություն է Մինսկի խմբի բանակցություններին եւ կանխորոշում է այն էլեմենտները, որոնք պետք է ընդունվեն: Եթե ԼՂՀ-ն օկուպացված տարածք է, ուրեմն պետք է ազատեն տարածքը, սա է խնդիրը»,-նշել է Զուրաբյանը:



Բանն այն է, որ քվեարկության էր դրվել ինչպես զեկույցի նախագծի վերնագրի փոփոխության հարցը, որով կարող էին այլ՝ մեզ համար ավելի նպաստավոր վերնագիր առաջարկել ու անցկացնել, այնպես էլ զեկուցողի հարցը: Այստեղ էլ հայկական պատվիրակությունը կարող էր, համապատասխան թվով համակիրներ հավաքելով, անցկացնել մեկ այլ զեկուցողի, օրինակ՝ ֆրանսիացի հայամետ պատվիրակ Ժան Կլոդ Մինյոնին, սակայն չի արել: Իսկ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը ՀՀ իշխանությունների անունից հայտարարել է, որ իրենք այլեւս չեն համագործակցելու զեկուցողի հետ, ապա դուրս է եկել դահլիճից ու չի մասնակցել քվեարկությանը: Ի դեպ, ԵԽԽՎ-ում Հայաստանից քաղաքական հանձնաժողովի անդամ են Հերմինե Նաղդալյանն ու Նաիրա Կարապետյանը, ովքեր պետք է մնային ու մասնակցեին քվեարկությանը, սակայն երկուսն էլ բոյկոտել ու դուրս են եկել, արդյունքում ընդամենը մի քանի ձայնի տարբերությամբ ի վնաս մեզ է տեղի ունեցել քվեարկությունը:
«Այդ դեմարշը, եթե ուզում էին անեին էլ, պետք է անեին գոնե անվանման քվեարկությունից հետո: Սա արդեն շախմատ էլ չի, էլի, շաշկի է»,-հայտարարել է Զուրաբյանը:
Հերմինե Նաղդալյանի «շաշկին», սակայն, այսքանով չի ավարտվել: Պարզվում է՝ նա մի հսկայական ելույթի տեքստ է գրել ռուսերենով, որը կարդալու տեւողությունը 10-15 րոպե է եղել, մինչդեռ ելույթների ռեգլամենտը 5 րոպե է: Նաղդալյանը համառորեն շարունակել է կարդալ տեքստը՝ անգամ այն բանից հետո, երբ նրա խոսափողն անջատել են, թարգմանությունը դադարեցվել է, եւ նրան այլեւս լսող չի եղել, ղեկավարությունից էլ դիտողություն են արել, որ ժամանակն ավարտված է, եւ պետք է վերջացնել խոսքը, սակայն Նաղդալյանը չի ենթարկվել պահանջին: Դրան հետեւել է այն, որ դահլիճում նստած պատվիրակներն սկսել են ձեռքերով խփել սեղանին, սուլել, բայց՝ անօգուտ, Նաղդալյանը համառորեն կարդացել է մի տեքստ, որը ոչ ոք չի լսել: 



Հայկական պատվիրակության որոշ անդամներ անգամ դուրս են եկել դահլիճից:



ՀԳ. Ինչ խոսք, այստեղ միայն Հերմինե Նաղդալյանի մեղքը չէ, այլեւ ողջ պատվիրակության: Ի դեպ, եթե պատվիրակության անդամ ՀՀԿ-ականների լռությունն ինչ-որ տեղ հասկանալի է, ապա հասկանալի չէ, թե ինչու ընդդիմությունը ներկայացնող պատվիրակներն այսօր համատեղ ասուլիս չեն տվել՝ Լեւոն Զուրաբյանին թողնելով մենակ: Այստեղ, անշուշտ, փոքր չէ նաեւ ՀՀ իշխանության եւ, մասնավորապես, արտգործնախարարության մեղքը, որը նախապես չի աշխատում պատվիրակների հետ եւ նման վճռական պահերին գործի չի դնում բոլոր հնարավոր լծակներն ու ուժերին: