Եռյակի աչքն իշխանության «ողջամիտ» առաջարկների ճամփին է

Եռյակի աչքն իշխանության «ողջամիտ» առաջարկների ճամփին է

Ոչ իշխանական եռյակը (ՀԱԿ, ԲՀԿ, «Ժառանգություն») հոկտեմբերի 24-ի հանրահավաքին ընդառաջ եւ 10-ի հանրահավաքից հետո «թայմ աութ» է վերցրել եւ սպասում է իշխանության «ողջամիտ» առաջարկներին, ինչի մասին հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Թերեւս սրանով են պայմանավորված եռյակում միասնական քաղաքական օրակարգի բացակայությունն ու առաջիկա հանրահավաքի մասին հայտարարությունը: Ու, դատելով գործընթացներից, իշխանությունը չի շտապում բանակցությունների մեջ մտնել եռյակի, ավելի ճիշտ՝ դրա շարժիչ ուժ ԲՀԿ-ի հետ, որից է կախված՝ հոկտեմբերի 24-ին ժողովրդական շարժումը թա՞փ է հավաքելու, դոփելո՞ւ է տեղում, թե՞ մարելու է: Եռյակի երեկվա հերթական նիստից հետո ասելիքի բացակայությունը եւս ասվածի ապացույցն է: Իշխանություն-ոչ իշխանություն հարաբերություններն այնքան մշուշոտ են, որ այլեւս խուսափում են անգամ կրկնել նախկինում արված հայտարարություններն այն մասին, որ հարթակի օրակարգը ձեւավորվելու է ժողովրդի պահանջով: Մինչդեռ հոկտեմբերի 10-ից առաջ եռյակի ներկայացուցիչները շշմելու հայտարարություններ էին անում եւ միաբերան խոստանում, թե հանրահավաքի հաջորդ օրն արթնանալու ենք «նոր Հայաստանում»: «Յոթ օր հետո վարկային իջեցված տոկոսներով պիտի գնանք տուն, յոթ օր հետո ձեզ տեղի-անտեղի չպիտի տուգանեն՝ իրենց հարստանալու համար, յոթ օր հետո ձեր աշխատավարձերից չպետք է պահումներ կատարվեն, յոթ օր հետո չպիտի Սահմանադրություն փոխեն՝ վերարտադրման համար: Մեր խոսքը գործ է, բարե՛ւ, Հայաստան, նո՛ր Հայաստան»,- հոկտեմբերի 10-ի հանրահավաքից յոթ օր առաջ հայտարարել էր ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ վստահեցնելով, որ անելու են այնպես, ինչպես ժողովուրդն է պահանջելու:
Եռյակի երեկվա նիստի «մեկնաբան» Նաիրա Զոհրաբյանից փորձեցինք ճշտել՝ իսկ ո՞ւր մնացին խոստումները, եռյակը գործելո՞ւ է ժողովրդի պահանջներին համապատասխան, հատկապես որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքում մարդկանց «հիմա-հիմա» կոչերն անտեսվեցին ու «սխալ» որակվեցին: Զոհրաբյանը հարցից վրդովվեց. «Եռյակն առաջ է գնալու սթափ, սառը ու կշռադատված քայլերով եւ չի ենթարկվելու որեւէ պրովոկացիայի»: «Իսկ ինչպե՞ս են տարբերելու պրովոկացիան իրական պահանջից» մեր մյուս հարցը տիկինն օդում կախեց՝ ասելով, որ իրենք հստակ գիտեն ժողովրդից եկող պահանջների մասին, որոնցում ամրագրված չէ ոչ շուտափույթ իշխանափոխության, ոչ շուրջօրյա հանրահավաքների պատրաստակամության հարցը: Առաջիկա հանրահավաքի օրակարգում, Զոհրաբյանի խոսքով, առանցքայինը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ծրագրային ելույթն է: Մինչ հանրահավաքը եռյակի առաջնորդների հանդիպման հավանականության հարցն էլ օդում կախված մնաց, Զոհրաբյանը կտրեց՝ երբ լինի, կտեղեկացնեն: Միակ կոնկրետ գործողությունը, որի մասին ներկայացվեց հաջորդ հանրահավաքի վերաբերյալ, հանրահավաքից հետո երթ լինելու մասին է, ինչն արդեն իսկ հայտնի էր:



«Քաղաքագիտական վերլուծության» երկրորդ «զոհը»



Նախօրեին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով խանդավառված չէ եռյակի ֆորմատով եւ ԲՀԿ-ի հետ իր կուսակցության համագործակցության փաստով, «Բարգավաճի» «ընդդիմադիր» դոզան ստուգելու առաջարկներ է ներկայացրել՝ հրապարակելով 8 կետից բաղկացած «միասնական հարթակի օրակարգ», համաձայն որի՝ երեք ուժերն Ազգային ժողովում պետք է սկսեն Սերժ Սարգսյանի պաշտոնանկության՝ իմպիչմենտի գործընթաց, ԲՀԿ-ն պետք է հայտարարի, որ ճանաչում է Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին որպես հանցագործների եւ որ հետամուտ է լինելու նրանց քրեական հետապնդմանն ու օրինական կարգով ազատազրկմանը, ինչը պետք է վերահաստատվի ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» կողմից, ապօրինի սեփականաշնորհված կամ ձեռք բերված գույքը վերադարձվի պետությանը, ինչպես նաեւ պետությանը պետք է վերադարձվի ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական եւ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի մերձավոր օլիգարխների կողմից ապօրինի ձեռք բերված ունեցվածքը: Մեր հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում այս առաջարկներին, Ն. Զոհրաբյանը շնչակտուր նետեց, թե գործընկերներն իրենց հորդորել են հիմք ընդունել միայն «Ժառանգության» նախագահի ու փոխնախագահի, մամլո խոսնակի, ինչպես նաեւ խմբակցության ղեկավարի հայտարարությունները, մյուս անդամների հայտարարություններն իրենց համար հիմք չեն, եւ այդ պատճառով էլ չի մեկնաբանում: Եվ, չթաքցնելով իր վերաբերմունքը Զարուհի Փոստանջյանի նկատմամբ, խնդրեց իրեն ազատել «այդ կնոջ» հայտարարությունները մեկնաբանելուց:



Փորձեցինք պարզել, թե ով է «Ժառանգության» բանագնացներից գործընկերներին հավատացրել, որ Փոստանջյանի ասածներին պետք չէ լուրջ վերաբերվել: Եռյակի նիստին մասնակցող «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը վստահեցրեց, որ ինքն այդ առիթով որեւէ հայտարարություն չի արել: Իսկ մյուս մասնակիցը՝ Ռուբեն Հակոբյա՞նը: «Չգիտեմ, փակ քննարկման մասին չեմ կարող խոսել»,- ասաց Թեւան Պողոսյանը: Վերջինն ասաց, թե անգամ ծանոթ չէ Փոստանջյանի առաջարկներին, գիշերն է վերադարձել գործուղումից, առավոտյան շտապել եռյակի նիստին: Ռուբիկ Հակոբյանն այս առիթով, մեր որոշ գործընկերների հարցերին ի պատասխան, միայն հարկ է համարել ասելու, որ Փոստանջյանն իր տեսակետն է ներկայացրել: Ինքը՝ Զարուհի Փոստանջյանը, հայտարարել է, որ մտադիր է այս առաջարկները ներկայացնել «Ժառանգություն» կուսակցության վարչությանը, եւ վարչության կողմից ընդունվելու դեպքում այն պետք է կուսակցության կողմից ներկայացվի եռյակի անդամներին ու ընդգրկվի եռյակի կամ միացյալ հարթակի օրակարգում: Պատրա՞ստ են «Ժառանգությունում» հավանություն տալ Փոստանջյանի օրակարգին: «Երբ որ ինքը կներկայացնի, մենք կքննարկենք»,- խուսափեց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ, ի պատասխան կուսակցության պաշտոնական տեսակետի մասին հարցին, նշեց. «Մեր պաշտոնական տեսակետն այն է, որ եռյակի շրջանակներում այս պահին մենք համագործակցում ենք իշխանափոխության հարցի շուրջ»: Այսպիսով՝ «Ժառանգությունը» կարող է դառնալ Լեւոն Տեր-Պետրոսյանի «քաղաքագիտական վերլուծության» երկրորդ զոհը եւ պառակտվել՝ հետեւելով ՀԱԿ-ի օրինակին: