Նախարար Մանուկյանի «կրեատիվ» մոտեցումները

Նախարար Մանուկյանի «կրեատիվ» մոտեցումները

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի «արեւմտակրեատիվ» մոտեցումներն ակտիվորեն կիրառվում են ոչ միայն մամուլի ասուլիսներ հրավիրելիս կամ լրագրողների հարցերին պատասխանելիս, այլեւ նրա բուն գործունեության մեջ, հատկապես խորհրդարանի հետ համագործակցության հարցում:



Պարոն Մանուկյանը սովորություն ունի սեփական գործը թողնել տեղակալների ուսերին: Ինչպես իր աղջիկների ակումբում կազմակերպված «կրեատիվ» ասուլիսում, այնպես էլ այժմ, Ազգային ժողովում իրենց բերած նախագծերի ներկայացման ժամանակ, նրա փոխարեն տեղակալներն են պատասխանում հարցերին, իսկ ինքը լուռ նստած հետեւում է այդ ամենին:



Ի դեպ, պարոն Մանուկյանը «կրեատիվ» է նաեւ հագուկապի հարցում. նա իր կոստյումների հետ «հիանալի համադրում է» գունավոր, ծաղկավոր փողկապներ: Վերջին շրջանում, օրինակ, խորհրդարանի դատին ԱՆ-ի կողմից ներկայացված բոլոր նախագծերում որպես հիմնական զեկուցող հանդես է գալիս Մանուկյանի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, իսկ ինքը՝ նախարարը, գալիս լուռ նստում է դահլիճում: Այս հանգամանքը, ի դեպ, առաջացրել էր թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական թեւի պատգամավորների դժգոհությունը. «Էս ի՞նչ բան է, ոչ մի նախագիծ ինքը չի զեկուցում, բա ինքն ինչի՞ համար է»:



Վերջերս էլ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ Մանուկյանը, ով էլի լուռ նստած էր իր տեղակալի կողքին, ձայն հանեց ընդամենը մի երկու անգամ, մի անգամ՝ «կասկածող ման եկավ», մյուս անգամ էլ՝ որպեսզի «ցրի» իրենց վրայից հարցի զեկուցումը, սակայն արժանացավ պատգամավորների դժգոհությանն ու դիտողությանը, հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ կասկածեց. «Կարո՞ղ է պատրաստ չեք»: Մի քանի օր առաջ էլ նիստերի դահլիճում, դարձյալ նրանց բերած նախագծերից մեկի քննարկման ժամանակ, ՀԱԿ-ից Գագիկ Ջհանգիրյանը չզսպեց իրեն ու դժգոհեց. «Իհարկե, լավ կլիներ, որ ձեր նախարարն էստեղ լիներ»:



Փորձեցինք հետաքրքրվել, թե ինչու Մանուկյանն ինքը չի ներկայացնում նախագծերը, այդ գործը թողնելով տեղակալների, կոնկրետ դեպքում Արսեն Միրտչյանի վրա՝ նրան գցելով պատգամավորների «քլնգոցների» տակ:



«Դա կառավարության իրավունքն է, կառավարությունն է որոշում՝ ով է զեկուցում, իսկ արդարադատության նախարարությունը, գիտե՞ք, եթե վերցնենք ընդհանուր մյուս նախարարությունների համեմատ, ծավալային առումով մի քանի անգամ յուրաքանչյուր նախարարությունից ավելի շատ օրինագծեր է ներկայացնում, ու մենք աշխատում ենք անպայման, նույնիսկ եթե նախարարը չի զեկուցում, նախարարն անպայման պետք է ներկա գտնվի հանձնաժողովի նիստին, հետո, նաեւ կան քաղաքական հարցադրումներ, որին նախարարը պիտի լսի ու երբեմն նաեւ պատասխան տա: Միայն օրենսդրական բլոկը չի, դրա համար մենք փորձում ենք մեր թիմում՝ ես, փոխնախարարները, այնպիսի բաշխում կատարել մեր պարտականությունների, որպեսզի յուրաքանչյուրս կարողանանք գոնե մեր բլոկը նորմալ սպասարկել»,- ասաց նա:



Հիշեցրինք հայտնի ասուլիսը, ինչին նախարարը պատասխանեց. «Էնտեղ մի քիչ ուրիշ նպատակ կար, էնտեղ մի քիչ ավելի ուրիշ իմաստ կար»: Սակայն եթե խոսքն զբաղվածության մասին է, ապա գրեթե միշտ ներկա է իր տեղակալների զեկուցումներին, ուստի կարող է նաեւ անձամբ զեկուցել, հատկապես որ ի պաշտոնե, անկախ նրանից՝ զեկուցող է, թե ոչ, պարտավոր է ծանոթ լինել թեմային: Մանավանդ շփվելու խնդիր կարծես թե նախարարը չունի՝ համենայնդեպս, հաճույքով զրուցում է լրագրողների հետ եւ տեսախցիկների առաջ մանրակրկիտ հարցազրույցներ տալիս: