Շահագործման է հանձնվել ՊՆ միջոցներով կառուցված հերթական բնակելի շենքը (լուսանկարներ)

Շահագործման է հանձնվել ՊՆ միջոցներով կառուցված հերթական բնակելի շենքը (լուսանկարներ)

Դեկտեմբերի 19-ին Տավուշի մարզի Արծվաբերդ սահմանամերձ գյուղում շահագործման է հանձնվել պաշտպանության նախարարության միջոցներով կառուցված հերթական բնակելի շենքը` նախատեսված սպաների և նրանց ընտանիքների համար: Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ բնակարանամուտի արարողությանը ներկա էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: 12 սպայի նոր բնակարանի բանալիները և սեփականաշնորհման վկայականներ հանձնելով` նախարարը շնորհավորանքի խոսքում կարևորել է սոցիալ-կենցաղային պայմաններն ու կեցության հարցը զինծառայողների համար, քանզի յուրաքանչյուր սպա պետք է ունենա իր ջերմ անկյունը, որպեսզի կարողանա բարեխղճորեն շարունակել ծառայությունը: Նախարարը փաստել է, որ առաջիկայում Տավուշի մարզում ևս 50 ընտանիք կապահովվի բնակարաններով:



Այնուհետև պաշտպանության նախարարը հանդիպում է ունեցել 3-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկի զինանձնակազմի և տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ, հանդիպման ընթացքում ամփոփվել են 2014 թ. աշխատանքներն ու քննարկվեցին հետագա անելիքները:



Սեյրան Օհանյանն արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի և Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հետ այցելել է նաև մարտական հենակետեր: Նրանք ծանոթացել են մարտական հերթապահության կրման պայմաններին, զինծառայողների մարտական պատրաստականությանն ու բարոյահոգեբանական վիճակին, ինչպես նաև՝ հետաքրքրվեցին նրանց առօրյայով ու կենցաղային պայմաններով:



Տավուշի մարզում շրջայցը եզրափակվել է ռազմական ոստիկանության զորամասերից մեկում, որտեղ նախարարները մասնակցել են 3-րդ կայազորային կարգապահական վաշտի բացման արարողությանը: