Ոստիկանության «մեծահոգությունն» ու վարորդների դժգոհությունը

Ոստիկանության «մեծահոգությունն» ու վարորդների դժգոհությունը

Հայրենի ոստիկանությունն սկսել է «անվտանգության» աննախադեպ քայլեր ձեռնարկել։ Կիրակի օրը՝ Վարդավառի տոնին, Երեւան-Սեւան մայրուղում շարժական արագաչափ են տեղադրելու, որպեսզի վարորդները հանկարծ չհանդգնեն սահմանված 90 կմ/ժ-ից ավելի արագությամբ երթեւեկել։ Չգիտենք, թե այս սարքերը, օրինակ, Լիսկայի որդու կամ թե նախագահականի համարներով ծառայողական մեքենաների, կամ էլ հենց իր՝ ՀՀ ոստիկանապետի ու ՃՈ պետի, նրանց մերձավոր շրջապատի մեքենաների վրա ինչ ազդեցություն կթողնեն, բայց որ սա մեծ դժգոհությունների տեղիք է տվել այլ՝ ավելի հասարակ դասի վարորդների մոտ, փաստ է։



Հայտարարությունը տարածելու օրվանից սկսած՝ վարորդներն սկսեցին դժգոհել, որ սա հայրենի ոստիկանության կողմից հերթական «փող պոկելու» արշավն է վարորդների դեմ։ Այս առիթն օգտագործեց ու հերթական անգամ իր օրենսդրական բողոքն արտահայտեց նաեւ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ Ֆեյսբուքի իր էջում կարծիք հայտնելով։ «Վարդավառի տոնին շարժական արագաչափերի կիրառումը մարդկանց հարստահարելու հերթական հնարքներից մեկն է»,-եզրակացրել է պատգամավորը։
Սակայն դժգոհ-բողոքական մեկնաբանությունները դուր չեն եկել մեր ոստիկանությանը, որտեղից հակադարձում են՝ ինչո՞ւ որեւէ մեկը հանդես չի գալիս վարորդներին ուղղված կոչով, որ մի՛ գերազանցեք արագությունը։



Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը մեզ հետ զրույցում նախ ասաց, թե որն է տարբերությունն այս շարժական արագաչափերի եւ ՃՈ ավտոմեքենաներում տեղադրված արագաչափ սարքերի միջեւ։ «Մակնիշի մեջ է,- ասաց Ահարոնյանը, ապա պարզաբանեց։- Դրանք նույն արագաչափերն են, ինչ տեղադրված են ճանապարհներին, ուղղակի տեղադրված մեքենայի վրա, իսկ մեքենան էլ կարող է կանգնած լինել ճանապարհի ցանկացած հատվածում»։ Եվ տարբերությունն այն է, որ եթե ՃՈ մեքենայի արագաչափի արձանագրած խախտման դեպքում վարորդը կարող է կանգնել ու ավանդական մեթոդներով «բանակցել» ճանապարհային ոստիկանի հետ՝ այդպիսով նվազեցնելով տուգանքի չափը կամ, առհասարակ, չտուգանվելով, ապա այս դեպքում այս նոր շարժական սարքերը, ստատիկ տեղադրվածների նման, գրանցելու են խախտումն ու վարչական ակտն ուղարկեն «վերեւներին»։



Այստեղ, սակայն, մի հետաքրքիր նյուանս կա․ շատ հավանական է, որ այս մեքենաները որեւէ տարբերանշան չունենան, ինչպես ՃՈ մեքենաներն են, այսինքն՝ լինեն սովորական մեքենաներ, որոնք ճանաչելի չեն լինի վարորդների կողմից։ Պարոն Ահարոնյանը թեպետ երեկ դժվարացավ հստակ պատասխանել, թե ինչ մեքենաներ կլինեն։ Հարցին՝ եթե դա ընդամենը երթեւեկության արագությունը կարգավորելուն է ուղղված, այլ ոչ թե թաքուն փողեր կորզելուն, պարտավոր չե՞ն արդյոք այնպիսի մեքենաներով իրականացնել ակցիան, որ վարորդների համար տեսանելի լինեն, Ահարոնյանն ասաց․ «Տեսանելին մեր հայտարարությունն է, մենք ասել ենք, որ Երեւան-Սեւան մայրուղու վրա լինելու է շարժական արագաչափ։ Վարորդը պարտավոր է երթեւեկել այն արագությամբ, որ արագությունը որ գրված է»։



Այսինքն՝ մեծահոգությո՞ւն է այս իրազեկումը ոստիկանության կողմից, Ահարոնյանն ասաց․ «Նախապես տեղյակ պահե՞լը։ Դա մեծահոգություն չէ, դա կանխարգելիչ է։ Մենք նախապես ասում ենք, որ բոլոր վարորդներն իմանան, որ այդ ամբողջ ճանապարհահատվածում կա նաեւ շարժական արագաչափ, ու չգերազանցեն սահմանված արագությունը»։ Դիտարկումը, թե շատերը պնդում են, որ սա հերթական փող պոկելու միջոցն է, Աշոտ Ահարոնյանին դուր չեկավ․ «Ճիշտն ասած՝ ինձ զարմացնում են այդ բողոքները, որովհետեւ այդ արագաչափերից խուսափելու մի շատ պարզ տարբերակ կա՝ չգերազանցել սահմանված արագությունը։ Ես զարմանում եմ, որ ինչ-որ մարդիկ՝ հայտնի, անհայտ, դա դարձրել են մատի փաթաթան, երբ որ ես չլսեցի գոնե մեկ կոչ նույն էդ մարդկանց կողմից, որ եկե՛ք չգերազանցենք արագությունը, եկե՛ք հարբած վիճակում մեքենա չվարենք»։



«Ավտովարորդների պաշտպանության լիգա» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը․ «Ես հիմա չեմ ուզում անմիջապես բացասական հայտարարություններ անեմ, ժողովրդի մի մասն արագաչափերին կողմ է, բայց էդ խաչմերուկները եւ այլն, մնացած Երեւան քաղաքի տեսախցիկները, որոնք ֆիքսում են գծանշանը, խաչմերուկները, այ, դրան է դեմ ժողովուրդը։ Դրա համար ես ուզում եմ մի քիչ տնտղեմ, հասկանամ, տեսնեմ այդ մեքենան, այդ տեղակայված արագաչափերը, որ լուրջ պատասխան տամ»։