Շլյապա

Շլյապա

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, նույն ինքը՝ Վարդանիկը, արդեն հասցրել է մի քանի առիթներով սահմանադրության նոր տարբերակը որակել «գեյերի սահմանադրություն»: Երանի նա իմանար, թե ինչ է գեյը: Եթե իմանար, վստահ եմ, ՀՀԿ ղեկավարի այս նախաձեռնության մասին այդպես չէր արտահայտվի: Ստացվում է, որ եթե Վարդանիկը ճիշտ է, ապա ՀՀ նախագահը, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, նժդեհական ՀՀԿ-ն ոչ թե սահմանադրություն են առաջարկել, այլ՝ գեյություն:



Գյումրիի չգործող քաղաքապետը դեռ պետք է այս խայտառակության տակից դուրս գա: Ինչպե՞ս: Ինչպես մտել է, այնպես էլ թող դուրս գա: Ինքը հո գեյ չէ՞, որ իր ասածի տակից չկարողանա դուրս գալ:



Ինչեւէ:



Իսկ Վարդան Ղուկասյանն ինչի՞ց է հանկարծ ենթադրել, որ սա գեյերի սահմանադրություն է եւ կվնասի ավանդապաշտ Գյումրիին: «Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունները» գլխի (գլուխ 2) հոդված 29-ում կարդում ենք. «Խտրականությունը՝ կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ կարծիքից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»: Եթե այս կետն է մտահոգել Գյումրիի չգործող քաղաքապետին, ապա նրան պետք է բացատրել, որ խտրականություն երեւույթը, առհասարակ, մերժելի է բոլոր արդար հասարակություններում, որովհետեւ, երբ խտրություն կա մարդկանց որեւէ խմբի նկատմամբ, իսկ մյուսների համար ամեն ինչ լավ է, արդարությունը մեռնում է, եւ արդարության մասին բոլոր գեղեցիկ խոսքերը վերածվում են բարբաջանքի: Իսկական գեյությունը սա է, պարոն Ղուկասյան:



Թե գործող եւ թե առաջարկվող սահմանադրությամբ բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առաջ, եւ միայն համապատասխան օրենքների անհրաժեշտաբար կիրառման դեպքում կարող են սահմանափակվել առանձին մարդկանց եւ քաղաքացիների որոշակի իրավունքները: Գործող սահմանադրության օրոք այս նորմը երբեք չի պահպանվել: Ղուկասյանը լավ գիտի դա, եւ այս առումով Հայաստանում իսկական գեյություն է տիրում: Այսինքն՝ մարդկանց մի խումբ օրենքի առաջ միշտ հավասար է, իսկ մեկ այլ խումբ, որի մեջ երկար ժամանակ եղել է նաեւ Վարդան Ղուկասյանը, ավելի հավասար: Սա գեյություն է, պարոն Ղուկասյան: Հետեւաբար, որպեսզի, ի թիվս այլ բնակավայրերի, նաեւ ավանդապաշտ Գյումրին չտուժի այդ գեյությունից, պետք է այնպես անել, որ խտրականություն չլինի: Ճիշտ չէ, երբ մեկի երեխային սպանում են կամ աչքը հանում, իսկ հետո գժի թուղթ ճարում, որ իրենց լակոտներին պատասխանատվությունից ազատեն: Սա է գեյությունը, պարոն Ղուկասյան:



Եվ, առհասարակ, կատարած ամեն ինչի համար պետք է պատասխան տալ այսուհետ, որովհետեւ այլեւս չես կարող վազել միապետի մոտ ու հարցերդ կարգավորել: Ինչպես ասում են՝ օրենք կա, դատարան կա-բան կա:



Աշխարհում հատուկ գեյերի համար դեռեւս սահմանադրություններ չեն գրվել: Երեւի չգրվեն էլ: Աշխարհի սահմանադրություններում, սակայն, կան ընդհանուր դրույթներ մարդու իրավունքների եւ ազատությունների մասին, որոնց էլ հղումներ են կատարում սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները՝ իրենց իրավունքների խախտում նկատելիս: Նրանք չեն ասում՝ այ, դուք խախտում եք գեյերի իրավունքը: Նրանք ասում են՝ դուք խախտում եք մարդու իրավունքների եւ ազատությունների մասին սահմանադրության դրույթները: Աշխարհի մի շարք երկրներ, որոնք օրենքով թույլատրել են միասեռական ամուսնությունները, սահմանադրության մեջ հատուկ կետ չունեն միասեռականների եւ այս կարգի այլ փոքրամասնությունների մասին: Բոլոր սահմանադրություններում նրանք մարդ են, քաղաքացի եւ ունեն նույն իրավունքները, ինչ որ մյուսները: Եթե ուշադիր կարդանք մեզ առաջարկվող բարեփոխումները, կտեսնենք, որ մարդկանց իրավունքների եւ ազատությունների մասին դրույթներում ընդհանրացված է խոսվում խտրականության անթույլատրելիության մասին, բայց շատ դեպքերում, այդ թվում՝ եւ ամուսնության, եւ ընտանիք կազմելու հետ կապված սահմանափակումների առնչությամբ, սահմանադրությունը հղում է կատարում համապատասխան օրենքների, որոնցով կարգավորվում են կյանքի այդ բնագավառները: Հետեւաբար՝ հրապարակ բերված սահմանադրությունը որակել գեյերի, հաշմանդամների, ազգային փոքրամասնությունների, լեզվի արատ ունեցողների կամ այլ խմբերի սահմանադրություն, մեծագույն հիմարություն է:



Հայտնի բան է, որ գողը բոլորից բարձր է գոռում՝ բռնեք գողին: Գեյն էլ, բնականաբար, եթե տվյալ հասարակությունում մերժողական վերաբերմունք կա նրա նկատմամբ, գոռում է՝ նա է գեյը, բռնեք գեյին: Բայց թե մեկ եւ թե մյուս դեպքում բարձր գոռալը հիմք չէ՝ մտածելու համար, որ գոռացողը գող կամ գեյ չէ: Սահմանադրությունը, պարոն Ղուկասյան, ասում է՝ բռնեք գողին, գեյին, անհավատին, կռապաշտին, խաչապաշտին, բոլորին, եթե նրանք հասարակության համար վտանգ են ներկայացնում՝ սահմանափակելով ու ոտնահարելով մյուսների իրավունքները:



Եվ վերջում մի փոքր լուսավորենք Վարդանիկ Ղուկասյանին: Գոյություն ունեն գեյերի բազմաթիվ տարատեսակություններ, այդ թվում՝ եւ քաղաքական: Քաղաքական գեյերն էլ իրենց հերթին լինում են երկու տեսակի՝ հանրահայտ խոշոր գեյեր եւ գեյիկներ: Մեր կարծիքով՝ նրանցից ամենահետաքրքիրը քաղաքական գեյիկներն են, որ մանր-մունր գեյություններ են անում՝ փորձելով մնալ հասարակության ուշադրության կենտրոնում: Վատ բան է, իհարկե, բայց, անտեր մնա, սահմանադրությունը նաեւ սրանց իրավունքները չի սահմանափակում, որովհետեւ չկա մի օրենք, որտեղ գրված լինի, որ Հայաստանում քաղաքացին իրավունք չունի քաղաքական գեյ լինել: