Մի կողմից Սփյուռքին ասում ես՝ փող տուր, մյուս կողմից՝ քո փողը մսխում թիկնապահի գործուղման վրա

Մի կողմից Սփյուռքին ասում ես՝ փող տուր, մյուս կողմից՝ քո փողը մսխում թիկնապահի գործուղման վրա

ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում նոյեմբերի 26-ին մեկնարկած «Մեր տունը» խորագրով դրամահավաքի շրջանակներում հանգանակվեց 10 մլն. 378 հազար 465 ԱՄՆ դոլար։



«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացված հեռուստամարաթոնի այս տարվա դրամահավաքի գլխավոր նպատակն էր բնակարաններով ապահովել Արցախի 5 եւ ավելի երեխա ունեցող բազմազավակ ընտանիքներին: Նախորդ տարում՝ 2014թ.-ին, հեռուստամարաթոնն արձանագրել էր 12 մլն. 399 հազար 550 ԱՄՆ դոլարի նվիրատվություն, մինչդեռ 2013-ին կազմում էր 22 մլն. 661 հազար 372 ԱՄՆ դոլարի նվիրատվություն։ Հիշեցնենք, որ այս տարի, հեռուստամարաթոնին ընդառաջ, «Հայկական վերածնունդ» սփյուռքյան քաղաքացիական կազմակերպությունը հայտարարություն էր տարածել, որտեղ կոչ էր արել արտերկրում բնակվող եւ Հայաստանի ապագայով մտահոգ մարդկանց բոյկոտել «ռեժիմի գործիքը դարձած եւ վարկաբեկված «Հայաստան» հիմնադրամի դրամահավաքը», ինչը, կարելի է ասել, անարձագանք չէր անցել հեռուստամարաթոնի ընդհանուր արդյունքի վրա: 



Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը, անդրադառնալով այս տարվա հեռուստամարաթոնի հավաքած գումարներին, նշեց, որ չի կարծում, թե դա ճգնաժամի հետեւանք է, այլ խոսում է անվստահության եւ կոռուպցիոն ռիսկերի մասին, եւ դա է պատճառը տարեցտարի նվազ հավաքվող գումարի. «Եթե հաշվի առնենք, թե արդեն քանի տարի է (ընդ որում՝ ոչ միայն այս մարաթոնի միջոցով) եւ ինչքան գումար է Սփյուռքի կողմից մտել Հայաստան, ու Հայաստանում դեռ կա «աղետի գոտի» հասկացություն, կան անտուն, սոված մարդիկ, ուրեմն մի բան այն չէ կամ շատ բան այն չէ։ Այսինքն՝ մի քանի անգամ մի քանի Արցախ, մի քանի աղետի գոտի կարելի էր վերականգնել զրոյից, որը չի արվել։ Ես նույնիսկ զարմացա, որ այս տարի այդքանն էլ հավաքվեց, ու, ինչքան հասկանում եմ, ավելի շատ ռուսահայերն այս տարի մասնակցություն ունեցան, եւ դա հասկանալի է, թե ինչու»։



Այն, որ առաջին դժգոհությունները Սփյուռքից եղան, ըստ Թուխիկյանի, հենց Սփյուռքից պետք է լինեն այդ ահազանգերը, որովհետեւ Սփյուռքին մենք նայում ենք որպես գանձերի կղզու, բայց «այդ գանձերը հայրենասիրության, ազնվության, արդարամտության շնորհիվ տարիների ընթացքում եկել են Հայաստան, եւ գրեթե ոչ մի արդյունք։ Իհարկե, որոշ գործեր արվեցին՝ Հայաստան-Արցախ ճանապարհները սարքվեցին, դրանք շատ կարեւոր ստրատեգիական բաներ էին, բայց շատ ուրիշ հարցերում գործն առաջ չի գնացել, եւ, վերջապես, հենց Սփյուռքը հասկացավ, որ ինչքան էլ Հայաստան սիրի, սա իր հայրենիքն է, բայց չպիտի թույլ տա իրեն խաբել։ Այսինքն՝ չափ կա ամեն ինչին, այդպիսի գումարների մեջ երեւի հնարավոր չէ հարյուր տոկոսանոց մաքուր բազմաթիվ մարդկանց գտնել, բայց ամեն ինչ իր չափն ունի, եւ ամեն ինչի համար պետք է պատասխան տաս»։



Նա նաեւ նկատեց, որ, առհասարակ, ազգային տուրքի հարցը շատ բարձր է գնահատում եւ կարծում է, որ անկախ նրանից, թե պետությունն ինչ վիճակի մեջ է, ինչքանով է բարգավաճել, ամեն դեպքում վատ բան չէ, որ համայն հայությունն իր տուրքը տալիս է՝ էլ ավելի զարգացնելու հայրենիքը։ Բայց «էլ ավելի զարգացնելու, ոչ թե նորից զրոյից սկսելու։ Ամեն անգամ այդ պտույտը նորից գալիս՝ զրոյի վրա կանգնում է։ 27-28 տարի է արդեն, բայց մենք դեռ աղետի գոտի ունենք, դա չտեսնված, չլսված մի բան է։ Եվ, վերջապես, այդ հանգանակությունը ոչ միայն Արցախի եւ Հայաստանի համար կարելի է կազմակերպել, այլ նաեւ սիրիահայության, իրաքահայության համար։ Իսկ հիվանդանոց սարքել, բազմազավակ ընտանիքներին օժանդակել՝ դա իրոք պետության խնդիրն է։ Բայց հենց մարաթոնի օրը մենք իմացանք, թե ինչքան գումար է հատկացվել պետբյուջեից՝ թիկնապահների գործուղումների համար. այնքան հակասություն, դիսոնանս կա, եւ արդեն այնքան պարզունակ են գործում... Այսինքն՝ մի կողմից դու Սփյուռքին ասում ես՝ փող տուր, մյուս կողմից քո փողը մսխում ես թիկնապահի արտասահմանյան ուղեւորության համար՝ ինչ-որ աբսուրդ, ապոկալիպտիկ բաներ կան մեր ուղեղներում»։



Հաղորդավար, ռեժիսոր Արտավազդ Եղոյանն էլ նախ նկատեց, որ հայերի միասնականությունը մեկը մյուսի ուսը, թիկունքն զգալու մեջ է, այս առումով դրամահավաքները, հիմնադրամները շատ մեծ նշանակություն ունեն եւ արտացոլում են ազգի միասնականությունը, իրար սատար կանգնելը։ Բայց մյուս կողմից էլ նկատեց, որ վերջին տարիներին հիմնադրամի դրամական հանգանակումների անկումն ուղիղ համեմատական է դրամահավաքների վստահության անկմանը. «Դրա համար պետք է որ դրանց ղեկավարները կամ հիմնադրամի ամբողջ կազմն այնպիսի անբասիր, մաքուր թիմ լինի, որ կասկած չլինի։ Այսպիսի մի հայկական խոսք կա, ասում է՝ մեղր հավաքողը մեկ-մեկ էլ մատներն է լիզում, այսինքն՝ գումարը հավաքվում է, եւ ինչ-որ տանողներ միջից լինում են, որը ես, իհարկե, չեմ արդարացնում։ Հիմա, օրինակ, իմ ընկերն ուզում էր գումար ուղարկել, բայց ասեց՝ չեմ վստահում, չգիտեմ ում ուղարկեմ, որ տեղ հասնի։ Ժամանակին՝ 88-ին, երբ օգնություն էր գալիս երկրաշարժի համար, օգնության առաջին խմբի մեջ նույնիսկ օգտագործված, հագած կոշիկներ կային, հայը, իհարկե, դրանից վիրավորվեց, որից հետո սկսեցին նոր հագուստներ գալ եւ տեղ չհասնել, դրանք պիտակներով արդեն հայտնվեցին խանութներում։ Այդ ամեն ինչից հետո ժողովրդի մոտ վստահությունն ինչ-որ պետական կամ իշխանական կառույցում հավաքված կամ պատրաստված հիմնադրամների նկատմամբ սկսեց անկում ապրել։ Դրա համար ինչքան գալիս ես մեր օրեր, այնքան հավատի կորուստն ավելի է մեծանում։ Ես ցավում եմ, որ մարդկանց վստահությունն անկում է ապրում, դա շատ վատ է, եւ ես, որպես հայ, շատ ամոթ եմ զգում»։