Հասարակությունը կանանցից ավելի շատ է պահանջում, քան տղամարդկանցից

Հասարակությունը կանանցից ավելի շատ է պահանջում, քան տղամարդկանցից

Այսօր «ՀԱՅ ԱՐՏ» մշակութային միությունում տեղի ունեցավ «ՀԱՎԱՍԱՐ» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսի բացումը, որը ներառում է թեմատիկ չորս շարք՝ հայ կին քաղաքական գործիչների դիմանկարներ (Հերմինե Նաղդալյան, Մարգարիտ Եսայան, Էլինար Վարդանյան և այլք), գյուղաբնակ կանանց աշխատանքային առօրյան ներկայացնող ֆոտոպատմություն, մասնագիտություններ, որոնք հայ կանայք խիստ հազվադեպ են ընտրում, տարբեր ոլորտներ ներկայացնող հայտնի կանայք և տղամարդիկ՝ հավասար իրավունքների և հնարավորությունների կոչ-ուղերձներով (Արսեն Ջուլֆալակյան, Գոհար Հարությունյան, Աննա Մայիլյան և այլք): Ցուցահանդեսը նվիրված էր Հայաստանում կանանց եւ տղամարդկանց աշխատանքային հնարավորությունների անհավասարության թեմային։ Ցուցահանդեսին ներկայացված լուսանկարների հեղինակն է լուսանկարիչ Արամ Կիրակոսյանը, ցուցահանդեսի կազմակերպիչը՝ «ՕՔՍՖԱՄ» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը եւ «ՕքսԵջեն» հիմնադրամը։



«ՕՔՍՖԱՄ» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Հայաստանում բարձրագույն կրթությամբ անձանց գրեթե 60%-ը կանայք են, բայց թե ինչքանով են ռեալիզացված այդ կանայք, թվերն այդքան էլ հուսադրող չեն։ Բացի այդ կա նաեւ մեկ այլ խնդիր, մեր հասարակությունը ամեն ինչ անում է, ֆինանսական մեծ ռեսուրսներ է ներդնում, որպեսզի իրենց աղջիկները ստանան բարձրագույն կրթություն, բայց երբ այդ կանայք եւ աղջիկներն այնուհետ չեն օգտագործում իրենց կրթությունը, մասնագիտական հմտությունները, ապա 10 տարի հետո ոչ միայն դեգրադացվում են, դառնում ոչ մրցունակ աշխատաշուկայում, այլեւ ի դեմս նրանց հասարակությունը կորցնում է մարդկային մեծ կապիտալ։ Նա նաեւ նկատեց, որ կա հավասար հնարավորությունների պակաս տարբեր մակարդակներում։



ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանի գնահատմամբ անվիճելի է, որ մենք ունենք կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքներ ու թեպետ դա ամրագրված է սահմանադրությամբ, բայց օրենքում գրվածը մի բան է, իրականությունը՝ այլ։ Կանայք բավարար չափով ներգրավված չեն բոլոր ոլորտներում եւ դրա պատճառներից մեկն էլ, ըստ նրա, հասարակության վերաբերմունքն է։ Հասարակությունը կանանցից ավելի շատ է պահանջում, քան տղամարդկանցից։ Չնայած այդ ամենին հասարակական դաշտում կանայք ունեն լուրջ ներգրավվածություն։ Նա նաեւ նկատեց, որ եթե ընդունում ենք՝ բոլորս ունենք հավասար իրավունքներ, ուրեմն պետք է ստեղծենք նաեւ հավասար հնարավորություններ՝ ինքնադրսեւորվել ցանկացողների համար։ Էլինար Վարդանյանը նշեց, որ ԱԺ-ում 13 կին քաղաքական գործիչ կա, որոնցից յուրաքանչյուրը, ըստ նրա, իր ոլորտում լրջագույն աշխատանքներ է անում, ինչը չի կարելի ասել տղամարդ քաղաքական գործիչների մասին։



«ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ-ի նախագահ Թամարա Հովնաթանյանն էլ իր խոսքում ընդգծեց, որ եթե աշխարհում կանանց ներգրավվածությունը խորհրդարանում 23% է, մեզ մոտ ընդամենը 10% է, ինչը, ըստ նրա, ոչ միայն ամենացածր ցուցանիշն է, այլ նաեւ ամոթալի իրավիճակ մեզ համար։ Բանախոսները ներկայացրեցին նաեւ մի քանի փաստեր, որոնք ավելի էին ակնառու դարձնում անհավասարության պայմանները, մասնավորապես՝ ՀՀ-ում կանանց աշխատավարձը գրեթե 34%-ով ցածր է տղամարդկանց աշխատավարձից։ ՀՀ-ում կա 49 քաղաք ու չկա ոչ մի կին քաղաքապետ։ Չկա նաեւ կին մարզպետ։ ՀՀ-ում միջին եւ փոքր բիզնեսում կանանց մասնաբաժինը չի գերազանցում 10%-ը։ Լինելով գյուղատնտեսության շարժիչ ուժը՝ կանայք գրեթե չեն մասնակցում իրենց իսկ համայնքներին վերաբերող որոշումների կայացմանը՝ դրանով իսկ զրկվելով իրենց շահերն արտահայտելու հնարավորությունից։