ՀԱՊԿ-ն չի մոռանում Հարավային Կովկասի մասին

ՀԱՊԿ-ն չի մոռանում Հարավային Կովկասի մասին

Այսօր Երեւանի եւ Աստանայի հետ տեսակամուրջ հաստատելու միջոցով «Սպուտնիկ» մամուլի ակումբում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան պատասխանեց լրագրողների հարցերին։



Նա սկզբում հայտարարեց, որ ՀԱՊԿ-ն անցյալ տարի գործել է ակտիվ, իրականացրել է մասշտաբային միջոցառումներ, հատկապես՝ պաշտպանության ոլորտում։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշեց, որ իրենց համար կարեւորը ՀԱՊԿ անդամ երկրներում կայուն եւ կանխատեսելի վիճակի ապահովումն է, որի ուղղությամբ էլ իրենք համապատասխան քայլեր են արել։



Հայ լրագրողներին հետաքրքրում էր, թե ինչու ՀԱՊԿ-ն հանդես չի գալիս հասցեական հայտարարությամբ, ինչու չի հնչեցնում գնահատականներ, երբ Ադրբեջանը սադրանքներ է հրահրում հայ-ադրբեջանական սահմանին եւ տանկեր գործի դնում։



Նիկոլայ Բորդյուժան գիշեցրեց, որ ՀԱՊԿ-ն ամեն տարի հանդես է եկել հայտարարություններով եւ անդրադարձել Հարավային Կովկասում տիրող իրավիճակին եւ դաշնակիցների հարաբերություններին։ Բորդյուժան տեղեկացրեց, որ ՀԱՊԿ պետությունների ղեկավարների, արտգործնախարարների հայտարարությունները նա փոխանցել է, երբ վերջին անգամ եկել էր Հայաստան։ Նիկոլայ Բորդյուժան ասաց նաեւ, որ ՀԱՊԿ-ն արձագանքել եւ շարունակելու է արձագանքել այն բոլոր իրադարձություններին, որոնք անդրադառնում են դաշնակից երկրների անվտանգությանը։



«Եթե մի երկրում առաջանում է լարվածություն, ապա դա անդրադառնում է նաեւ ՀԱՊԿ անդամ մյուս երկրների վրա»,-ասաց նա։



Անդրադարձ եղավ նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ՀԱՊԿ դերակատարմանը։



«ՀԱՊԿ-ն ներգրավված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործում, այդ հակամարտությամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խումբը, ՄԱԿ-ը, այլ միջազգային կազմակերպություններ»,- հիշեցրեց Նիկոլայ Բորդյուժան։ Միաժամանակ նա տեղեկացրեց, որ իրենք մոնիտորինգ են անում հակամարտության գոտում տիրող վիճակը, քանի որ այն կապված է իրենց գլխավոր դաշնակիցներից մեկի՝ Հայաստանի հետ։