Քաղաքական ռետրո

Քաղաքական ռետրո

Խոջալուն նոր էր ազատագրվել: Գյուղից Ստեփանակերտ էի գալիս: Խաչենի կամրջին բեռնատար պատահեց, զինվորական: Մի քանի օր առաջ ծանր մարտերից հետո ինքնապաշտպանության ուժերին հաջողվել էր կոտրել հակառակորդի դիմադրությունը եւ վերականգնել Ստեփանակերտ-Մարտակերտ ուղիղ հաղորդակցությունը: Մարտական այդ գործողություններին մերոնք առաջին անգամ տանկ էին կիրառել: Մեխանիկ-վարորդը Նելսոն Բաղրյանն էր՝ Մարտակերտի դպրոցի զինղեկը:



Բեռնատարը ճանապարհին փչացավ: Իջանք: Ոտքով հասանք Դաշբուլաղի խաչմերուկ: Խոջալուն մոտիկ էր: Նայում էինք հարթ դաշտում փռված գյուղին, որ տարուց ավելի փակ էր պահել Ստեփանակերտ-Ասկերան հաղորդակցությունը: Խոջալուի տարածքում էր Արցախի միակ օդանավակայանը: Այնտեղ արդեն ուղղաթիռներ էին իջնում: Համընթաց մեքենա չպատահեց: Ոտքով շարունակեցինք ճանապարհը:



Հասել էինք Մեհտիշեն: Կանգ առանք: Ծխեցինք: Տեղանքը բարձրադիր էր, Խոջալուն երեւում էր՝ ինչպես ափի մեջ: Անամպ օր էր: Այստեղ-այնտեղ՝ ճամփեզրին, կանաչ էր երեւում, իսկ դաշտերն ամայի էին: Աշնանը հողը չէր հերկվել, սերմ չէր ցանվել: Հողի ամայությունը մարդու վրա միշտ օտարության ազդեցություն է թողնում:



Մեզ հետ հայաստանցի մի երիտասարդ կար: Նա մի ոտքից կաղ էր: Ամբողջ ճանապարհին մենք մեր քայլը փորձում էինք համապատասխանեցնել նրա դժվար ընթացքին: Մեկը հարցրեց, թե ինչն է նրան բերել պատերազմի մեր կողմերը: Չպատասխանեց: Բայց երբ Մեհտիշենի բարձունքին ծխեցինք, վեր կացանք, որ շարունակենք ճանապարհը, այդ տղան երազկոտ աչքերով նայեց Խոջալուին եւ տնքոցով ասաց. «Հլը էնքա՜ն հողեր ունենք ազատելու…»: Եվ բոլորից առաջ ընկավ: Կարծես շտապում էր՝ գնա, ազատագրի հայկական հողերը: Ո՞վ էր, ի՞նչ էր անում… Չգիտեմ: Նրան այլեւս չեմ տեսել:



Այդ տարվա ամռանը Նելսոն Բաղրյանը Մարտակերտում զոհվեց: Հակառակորդի ականը վնասազերծելիս սխալվել էր: Եվ որպեսզի իրենից բացի ոչ ոք չտուժի, մարմնով փակել էր ականը: Հետո նրա ընտանիքը բռնագաղթվեց՝ հայրը, մայրը, կինը, երեխաները: Հայրն ու մայրն արդեն չկան: Կինը Ռուսաստանում է: Մի քանի օր առաջ իմ թղթերում պատահաբար հանդիպեցի Նելսոնի հոր՝ Էդիկ Բաղրյանի գրառումներին, որ ինձ կարդալու էր տվել, երբ հրադադարից հետո եկել, Մարտակերտում փորձում էր վերականգնել ավերված տունը, որդու գերեզմանը:



Անպաճույճ պատմություններ են: Նա ֆիզիկայի ուսուցիչ էր, գեղարվեստական խոսքի նրբություններին, որ հաճախ խարդախում են ասելիքը, չէր տիրապետում: Շարադրել է այնպես, ինչպես տեսել-ընկալել է: Օգտակար մտորումներ են: Վերամբարձ ոչ մի շեշտ չկա: Ուղղակի իրականության արտանկար՝ պարզ նախադասություններով: Սպանիչը դա է, երբ տեքստը փոխանցում է մարդու դատապարտվածությունը:



…«Հլը ինչքա՜ն հողեր ունենք ազատագրելու»,- հնչում է կաղ տղայի խոսքը: Եվ աչքիս երեւում 92-ի գարնանամուտի Խոջալուն, որտեղ արդեն Երեւանից ուղղաթիռներ էին իջնում: Ստեփանակերտը շունչը պահած հետեւում էր: Եվ ամենուր խոսում էին արդեն Շուշին գրոհելու մասին: Շուշին թվում էր վերջին սահման: Հետո պիտի գար տեւական խաղաղությունը…



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ