ԱԱԾ-ն նոր պետ ունի

ԱԱԾ-ն նոր պետ ունի

ՀՀ նախագահի նախկին օգնական, ընդամենը մեկ շաբաթ առաջ Գլխավոր դատախազի տեղակալ նշանակված Գեորգի Կուտոյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության ղեկավար: Նախագահի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է այսօր.



«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը` ո ր ո շ ու մ ե մ.



Գեորգի ԿՈՒՏՈՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն»,-ասված է հրամանագրում:



Նշենք, որ այժմ Սերժ Սարգսյանը Ազգային անվտանգության ծառայության շենքում է: Նա գնացել է հրաժեշտ տալու պաշտոնավարման ժամկետը ավարտած Գորիկ Հակոբյանին, շնորհակալություն հայտնելու նրան աշխատանքի համար ու արդեն իսկ ներկայացնելու  նոր ղեկավարին:



Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին, լրացել է ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը: Նա նշանակվել է նախագահի խորհրդական:



Ստորեւ ներկայացնում ենք Գեորգի Կուտոյանի կենսագրությունը:



Ծնվել է 1981թ. սեպտեմբերի 30-ին Երևանում:



2002թ. գերազանցությամբ ավարտել է Ռուսաստանի Դաշնության Ռոստովի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:



2005թ. ավարտել է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան, պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «1950թ. Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին կոնվենցիան Հայաստանի Հանրապետության ազգային իրավական համակարգում (սահմանադրաիրավական հետազոտություն)» թեմայով և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:



2007թ. ավարտել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցը (Թաֆթս համալսարան):



2002-2010թթ. դասավանդել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում: 



2005-2006թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում, նախ՝ որպես գիտաուսումնական կենտրոնի գիտական աշխատող, ապա՝ իրավական և կառուցվածքային բարեփոխումների բաժնի դատախազ: 2006-2007թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ որպես Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ավագ խորհրդական, իսկ 2008-2010թթ.՝ որպես Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր իրավախորհրդատու:



2008թ. ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր, 2010-2011թթ. զբաղվել է մասնավոր փաստաբանական գործունեությամբ:



2011-2016թթ. զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնականի պաշտոնը:



2011-2014թթ. եղել է ՀՀ Նախագահի հրամանագրով ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին առընթեր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահը:



Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013թ. ապրիլի 17-ի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:



1998-2000թթ. զինվորական ուսուցում է անցել Ռուսաստանի Դաշնության Ռոստովի պետական համալսարանի ռազմական պատրաստության ֆակուլտետում՝ պահեստի սպաների պատրաստման ծրագրով:



Արդարադատության առաջին դասի խորհրդական է: Օտար լեզուների իմացություն՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն: Ամուսնացած է, ունի մեկ որդի: