Հայրիկին տարան «երկու ժամով», եւ մեկ ամիս է, ինչ լուր չունենք իրենից...

Հայրիկին տարան «երկու ժամով», եւ մեկ ամիս է, ինչ լուր չունենք իրենից...

Այս տարի, հունվարի 14-ի լուսադեմին ԱԱԾ աշխատակիցները խուզարկել են ազատամարտիկ, «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար Վլադիմիր Առաքելյանի բնակարանը, ավտոտնակը եւ նրան «տարել երկու ժամով»։ Այդ «երկու ժամը» տեւում է արդեն շուրջ մեկ ամիս, եւ Վլադիմիր Առաքելյանի հարազատները նրանից լուր չունեն։ Նրանք միայն կարողանում են փաստաբանի միջոցով դեղորայք եւ դիետիկ սնունդ փոխանցել ազատամարտիկին։ Իրականացվե՞լ են քննչական գործողություններ, թե՞ ոչ, ինչպե՞ս է իրեն զգում Վլադիմիր Առաքելյանը «Կենտրոն» ՔԿՀ-ում, ովքե՞ր են նրա խցակից ընկերները. այս հարցերի պատասխանները Վլադիմիր Առաքելյանի հարազատները չունեն, քանի որ տեսակցությունների եւ հեռախոսազանգերի վրա արգելք է դրված։



«Ծննդյան օրը շնորհավորական նամակ էին պատրաստել, ուղարկեցինք, պարզվեց, որ չի հասել, հետ ուղարկեցին»,- ասում է Վլադիմիր Առաքելյանի դուստրը՝ Սյուզաննան։
Վլադիմիր Առաքելյանի կինը՝ Անահիտը եւ դուստրերը՝ Սյուզաննան ու Ռուզաննան, չեն ուզում երկար խոսել. ամուսնու, հոր կալանավորումն իրենց համար անակնկալ է եղել, որից մինչեւ հիմա չեն կարողանում գլուխ հանել։



«Չորս ամիս նա անկողնային վիճակում էր, չէր հետաքրքրվում քաղաքականությամբ, հիմնականում տանն էր լինում։ Այդ ընթացքում նա ընկերների հետ էլ շատ քիչ էր հանդիպում, տանը քաղաքականությունից չէր խոսում»,- ասում է տիկին Անահիտը։ «Լեգենդար» Արթուր Վարդանյանի անունն էլ նրանից ոչ մի անգամ չեն լսել, որ մտածեն, թե որեւէ կապ է ունեցել այդ խմբի հետ։



Տիկին Անահիտն ասում է, որ ամուսնու առողջական վիճակը վատ է, նա ունի լեղապարկի, թոքերի, նյարդային համակարգի խնդիրներ, ժամանակին կոնտուզիա է տարել։ Այդ օրն էլ, երբ եկել եւ նրան տարել են ԱԱԾ, ըստ Վլադիմիր Առաքելյանի հարազատների, սրսկվում էր, որպեսզի կարողանա դիմանալ ցավերին։
Այսքանից հետո Վլադիմիր Առաքելյանի հարազատները չեն կորցնում հույսը, որ արդարությունը կհաղթի, եւ Վլադիմիրը շուտով կհայտնվի ազատության մեջ։ Նրանք հպարտությամբ մեջբերումներ են անում լրագրող, ազատամարտիկ Սուրեն Սարգսյանի «Վարք զինվորաց» գրքից, որտեղ հեղինակն անդրադարձել է նաեւ Վլադիմիր Առաքելյանի կենսագրության լուսավոր էջերին, նրա անցած հերոսական ուղուն։
«Մեր հայրը մեզ միայն հպարտանալու առիթներ է տվել, եւ բոլորը զարմացած են, թե ինչու նրա հետ այդպես վարվեցին»,- մեր զրույցն ամփոփում է Վլադիմիր Առաքելյանի դուստրը՝ Ռուզաննան։



Հիշեցնենք, որ անցյալ տարի, նոյեմբերի 25-ին եւ ավելի ուշ կալանավորված անձինք կասկածվում են Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք և ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ, նախատեսված` ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով:



Թագուհի Հակոբյան