Դժվա՞ր է, չէ՞…

Դժվա՞ր է, չէ՞…

Մի հետաքրքիր բան եմ նկատում:



Մարդկանց թվում էր, թե քառօրյա պատերազմից հետո երկիրը բարոյապես պիտի փոխված լինի: Անընդհատ շեշտում են՝ այդքան արյուն թափելուց հետո գոնե նորմալ ընտրություններ անեին…



Մի կարևոր բան եք մոռանում:




Այդ արյունը ընդհանուր արյուն չի եղել, որոշակի շերտերի արյուն է եղել…



Երբ որ այդքան ձայն ենք բարձրացնում, որ միայն աղքատ խավի արյունն է թափվում, մեկ էլ տեսնում ես՝ մի ուռճացած տզրուկ գրում է՝ մի՜ պառակտեք, մենք մի ազգ ենք… Կողքից էլ էս ու էն արձագանքում են՝ պատերազմ է, միայն միասնության մասին գրեք: Ու այդ ոգեղենի տակ մեր փափուկ ապրողները զինվորի գլխարկ են դնում ու գնում՝ պատերազմական գոտու շուրջ՝ ինչպես տոնածառի, ֆռֆռում.



Զինվոր ջան, հե՜յ զինվոր ջան,
Գլխովդ դնեմ, անունդ կուլ տամ…



Հիմա դժգոհում եք, որ այդքան արյուն թափելուց հետո էլ ուշքի չեկան:



Իրենք ինչու՞ են ուշքի գալիս:



Հրազդանում այդ ջիպավորներից, պաշտոնյաներից մեկի յոթը պորտի արյունը թափվե՞լ է…



Ինչու՞ ձեզ մի անգամ չեք մեղադրում ու ասում.



Ոնց որ երկրի համար ենք կանգնում, մի անգամ էլ մաքուր ընտրության համար կանգնեք…



Դժվա՞ր է, չէ՞… բայց մեր բրդածն է, պիտի ուտենք… Ընտրություններն էլ պիտի կարևորենք: Երկրի անվտանգության չափ: Ընտրությունն էլ դիրք ու բարձունք է, պիտի նվաճել...



 



Հասմիկ Բաբաջանյան