Ահա Ալիևը, բանակցեք նրա հետ

Ահա Ալիևը, բանակցեք նրա հետ

Bloomberg-ին տված իր հարցազրույցում Սերժ Սարգսյանը, խոստովանելով հանդերձ իր համար ոչ այնքան նպաստավոր Կազանի փաստաթղթի ինչ-ինչ կետեր, միևնույն ժամանակ ողջ միջազգային հանրությանը հասկացրեց, որ Հայաստանը պատրաստ է շշից բաց թողնել ջինը և պատռել ԼՂՀ հարցի կարգավորման բանակցային գործընթացի բոլոր կողմերի դիմակները, որից հետո այլևս պարզ կդառնար, թե ով ինչ է շնչում և ինչ շահեր է հետապնդում մի գործընթացում, որի ողջ տրամաբանությունը, թվում է, պետք է լիներ միջազգային բոլոր օրենքներով իր անկախությունը հռչակած Արցախի Հանրապետության ճանաչումն ու դրանով հանդերձ նրա անվտանգության ապահովումը: Բացառելով պատերազմական իրավիճակում որևէ բանակցություն՝ Սերժ Սարգսյանը ՄԽ համանախագահներին և Ալիևին, կարելի է ասել թողեց խաղից դուրս վիճակում:



Առաջինը, կարծես դա հասկացավ Ջոն Քերրին, Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցներից հետո: Մենք այդ հեռախոսազրույցներից հետո չլսեցինք ամերիկյան կողմի որևէ հայտարարություն պատերազմական գործողությունները դադարեցնելու կամ բանակցությունների վերադառնալու կոչ: Իսկ դա կարող է նաև նշանակել, որ Հայաստանը մերժել է նաև Վաշինգտոնում հանդիպում կազմակերպելու առաջարկը:



Այսօր ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մի վերջին փորձ է արել կողմերին խաղաղեցնելու և բանակցությունների սեղանի մոտ հրավիրելու համար, սակայն նրա կոչից հետո ղարաբաղա-ադրբեջանական շփման գծոմ իրավիճակն ավելի է լարվել, ինչը ռուսական լրատվամիջոցները հասցրել են որակել որպես Հայաստանի դեմարշ իր ռազմավարական դաշնակցի դեմ:



Անդրադառնալով թեմային՝ ռուսական հեղինակավոր Коммерсантъ պարբերականն ապրիլի 27-ի «Հայաստանը չի գնում Ղարաբաղի վերաբերյալ երկխոսության» հրապարակման մեջ նշում է, որ Ռուսաստանի միջնորդությամբ ԼՂՀ շուրջ բանակցությունները հետաձգվում են, որովհետեւ Սերժ Սարգսյանի խոսքով` բացակայում են երկխոսություն սկսելու համար անհրաժեշտ պայմանները:



Պարբերականի պնդմամբ, թեեւ Բաքուն եւ Մոսկվան արդեն նախապես հայտնել էին սպասվող բանակցությունների մասին, Երեւանը, փաստորեն, մերժել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Հայաստան բերած առաջարկությունները, մասնավորապես` հակամարտության գոտում խաղաղապահներ տեղակայելու վերաբերյալ: Հայաստանը նախընտրում է պահպանել ներկայիս ստատուս-քվոն` հարցականի տակ դնելով Մոսկվայի նախաձեռնությամբ բանակցությունների հեռանկարը: «Հայաստանի դեմարշը դժվար դրության մեջ է դնում իր ռազմավարական դաշնակցին` Ռուսաստանին»,- գրում է Коммерсантъ-ը:



Եվս մեկ անգամ նկատենք, որ դժվար կացության մեջ է հայտնվել ոչ միայն Մոսկվան, այլև ողջ Մինսկի խումբն իր համանախագահներով: Բայց ամբողջ հարցն այն է, որ այդ ամենի մեղավորը ոչ թե Սերժ Սարգսյանն է, այլ նա կամ նրանք, ովքեր Ալիևին դրդեցին այս արկածախնդրությանը: Դրդեցի՞ք, ձեր գործն է, դե հիմա էլ նրան հետ քաշեք ելման դիրքեր, որպեսզի հասկանալի լինի՝ այդ երկիրն իրո՞ք բանակցությունների է մասնակցել այսքան տարի, թե՞ ժամավաճառությամբ զբաղվել՝ հույսով, որ կասպյան նավթի ու մյուս հարստությունների շուրջ այս խաղը կավարտվի իր «հաղթանակով»:



Բլից կրիգը չանցավ պարոնայք, Ադրբեջանում խուճապ է: Զբաղվեք Ալիևին ուշքի բերելով:



Էդիկ Անդրեասյան