Իմանալ զսահմանադրություն

Իմանալ զսահմանադրություն

Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի եւ զորքերի շփման գծում իրավիճակի ֆոնին «տարածքային կորուստների» շուրջ քննարկումները երկու հարթությունում են: Պարզ-մարդկային մտահոգությունը հասկանալի եւ բնական է: Բոլորիս հուզում է խրամատներում օրուգիշեր անող զինվորների ճակատագիրը:



Բայց երբ խնդիրը տեղափոխվում է քաղաքական դաշտ, այստեղ արդեն գործ ունենք իրավիճակը սեփական հավակնություններին ծառայեցնելու վտանգավոր նկրտումների հետ: Այդ կարգի բոլոր «անհանգստությունները» դեմագոգիա են: Դրա ամենատարածված դրսեւորումը ԼՂՀ սահմանադրության վկայակոչումն է եւ այդ հիմքով «պետական սահմանի խախտումն անհապաղ վերականգնելու հրամայականի» շեշտադրումը:



Ոմանք նույնիսկ առաջարկում են «տարածքների հարցը քրեականացնել»: Այսինքն, ԼՂՀ քրեական օրենսգրքում կատարել լրացում, նոր հոդված սահմանել եւ տարածքներ «հանձնելու համար քրեական պատասխանատվություն» նախատեսել: «Բոլորը պետք է հասկանան, որ սա դիրքեր չի, սա տարածք չի, սա մեր երկրի պետական սահմանն է, որը խախտվել է…»,- հայտարարել է արցախցի փորձագետը (http://www.lragir.am/index/arm/0/country/view/133025):



Արցախի տարածքի մասին սահմանադրության վերջին՝ 142 հոդվածով ասված է հետեւյալը. «Մինչեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբողջականության վերականգնումը եւ սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավազորության ներքո» (http://www.nkr.am/hy/constitution/9/):



Սահմանադրությունն ընդունվել է 2006թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով՝ հանուն Արցախի ժողովրդի: Սույն հոդվածն, այսպիսով, Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությամբ սահմանում է, որ՝ ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ունի պետական տարածք, որի ամբողջականությունը խախտված է եւ պետք է վերականգնվի, բ) ԼՂՀ պետական տարածքի ամբողջականության վերականգնումից հետո պետք է տեղի ունենա սահմանների ճշգրտում, գ) մինչ այդ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը իրավազորություն ունի փաստացի տարածքում, որտեղ իրականացվում է հանրային իշխանություն:
Քաղաքական բնույթի հայտարարություններ անելուց, քրեական «պատասխանատվություն սահմանելուց» առաջ չէր խանգարի, որ մարդիկ իմանային ԼՂՀ սահմանադրությունը:



Վահրամ Աթանեսյան