Պատգամավորները փորձում էին նոր վարչապետի աչքը մտնել

Պատգամավորները փորձում էին նոր վարչապետի աչքը մտնել

Երեկ ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն առաջին անգամ ոտք դրեց խորհրդարան։ Նրա պաշտոնավարման առաջին օրը համընկավ ԱԺ 10-րդ նստաշրջանի առաջին քառօրյայի չորեքշաբթի օրվա հետ, երբ կառավարությունը գալիս է Ազգային ժողով՝ պատգամավորների հետ հարցուպատասխանի։ Սա այն դեպքն էր, երբ վարչապետը նոր է, նախարարները՝ հին։ Ի դեպ, նախարարները ոչ միայն հին էին, այլեւ՝ մտահոգ։



Նրանք բոլորը պաշտոնակատարներ են առայժմ, եւ միայն նախագահի հրամանագրերից հետո պարզ կլինի, թե ով է գնում, ով է մնում։ Միայն դաշնակցական երկու նախարար՝ Արծվիկ Մինասյանն ու Դավիթ Լոքյանը մոտեցան ու պատասխանեցին լրագրողների հարցերին։ Թերեւս նրանք հանգիստ են, քանզի նոր են կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ, դուրս կմնան կառավարությունից միայն այն դեպքում, եթե մայր-կուսակցությունը՝ ՀՅԴ-ն որոշի փոխել նրանց։ Մյուս նախարարները խուսափում են լրագրողների հետ շփումից եւ հիմնականում ԱԺ նախագահի մուտքից էին մտել շենք կամ այլ՝ զարտուղի ճանապարհներով, որ լրագրողների ձեռքը չընկնեն։ Դահլիճում էլ նստած էին ակնհայտորեն անտրամադիր, հրաժեշտ տվող դեմքերով։ 



Մենք նկատեցինք, թե ինչպես էներգետիկայի նախարար Լեւոն Յոլյանն ու արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը միասին «չոռնի խոդով» դուրս եկան ԱԺ-ից՝ աննկատ հայտնվելով լրագրողների թիկունքում։ Նրանք որոշեցին ոչ թե ուղիղ գծով գնալ դեպի ԱԺ դարպասներն ու նստել իրենց մեքենաները, այլ նախընտրեցին երկար ճանապարհով շրջանցել ԱԺ շենքը։ Պատճառը դարձյալ լրագրողներն էին, որոնք ամենակարճ ճանապարհի վրա «աթանդա» էին կանգնել։ Ի դեպ, ճանապարհի կեսն էլ անցան Լեւոն Յոլյանի ծառայողական մեքենայով, որը նրանց անվտանգ դուրս բերեց ԱԺ տարածքից։ Թե ինչպես կամ ինչու էին թույլ տվել, որ էներգետիկայի նախարարի մեքենան մուտք գործեր ԱԺ դարպասներից ներս, դժվար է ասել։



Իսկ մինչ նախարարների փախեփախը, հետաքրքիր հարցուպատասխան տեղի ունեցավ նիստերի դահլիճում։ Պատգամավորներից ոմանք իրենց ստանդարտ հարցերը տվեցին նախարարներին։ Բայց եղան այնպիսիք, որոնք որոշեցին հարց տալ հենց իրեն՝ ՀՀ նորանշանակ «մեծարգո եւ մեծահարգ պարոն վարչապետին»։ Բացումն արեց ՀԱԿ խմբակցության անդամ, ՎՍԴՀԿ ատենապետ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանով մշտապես հիացած Լյուդմիլա Սարգսյանը։ Նա երեք հարց շարադրեց, որոնց պատասխաններում Կարեն Կարապետյանը բավականին լակոնիկ գտնվեց։ Բայց այդ ընթացքում նա հասցրեց մի կարեւոր փաստ արձանագրել․ «Ես կարող եմ բաց եւ ազնիվ ասել՝ մեր տնտեսության վիճակը ծանր է, չափազանց ծանր»։ Իսկ թե ինչ է անելու այդ ծանր վիճակից դուրս գալու համար, նա խոստացավ հանգամանալից ներկայացնել մի քանի օր անց, երբ պատրաստ կլինի իր ծրագիրը։



Նորանշանակ վարչապետին էքսկլյուզիվ հարց ուղղելու բացառիկ հնարավորությունից փորձեց օգտվել նաեւ Տիգրան Ուրիխանյանը։ Նա էլ, ակնարկելով Կարապետյանի՝ Երեւանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելուց հետո տված հարցազրույցը, հեգնեց, թե եթե իրեն ավելի բարձր աշխատավարձով աշխատանք առաջարկեն, կթողնի վարչապետի պաշտոնն ու կգնա՞։ Կարեն Կարապետյանն էլ նկատեց, որ ինքը բարձր եկամտով աշխատանքից տեղափոխվել է վարչապետի պաշտոնին, որտեղ աշխատավարձը նկատելիորեն ցածր է։ Խաչատուր Քոքոբելյանն էլ հարցրեց մոնոպոլիաների դեմ պայքարից։



Հետո սկսվեցին վարչապետին առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերելու, նրան գովելու, շնորհավորելու ելույթները, որն ապահովեցին, բնականաբար, իշխանական խմբակցության կամ իշխանամետ պատգամավորները, օրինակ՝ ԲՀԿ-ից հեռացած Վահան Բաբայանը կամ ՄԻԱԿ անդամ Լեւոն Մարտիրոսյանը։ Նրանք գովեստի ու դրվատանքի խոսքեր շռայլեցին նորանշանակ վարչապետին։ Ի դեպ, Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ նշանակվելու ժամանակ էլ էին այս նույն մեթոդով իշխանականներն ու իշխանատենչներն արձագանքում փաստին։ Այնպիսի տպավորություն էր, ասես բոլորը հերթ էին կանգնել՝ աչքի ընկնելու նորանշանակ վարչապետի մոտ, առաջինը քննադատելու եւ դրանով հերոսանալու, առաջինը քծնելու եւ շողոքորթելու։ Կարեն Կարապետյանը բոլորին տալիս էր հակիրճ պատասխաններ՝ երբեմն ակնհայտ կոշտ տոնայնությամբ։



Նիստից հետո լրագրողները շենքի բակում սպասում էին նրան։ Կարեն Կարապետյանն իջավ, պատրաստվում էր նստել մեքենան ու հեռանալ, սակայն լրագրողներին տեսնելով՝ հետ եկավ, կանգնեց ու մի քանի րոպե պատասխանեց մեր հարցերին։ Իր՝ Հայաստան վերադառնալու եւ վարչապետի պաշտոնը ստանձնելու հետ կապված ասաց, որ ժամանակին հեռացել է քաղաքապետի պաշտոնից անձնական պատճառներով, իսկ այսօր վերադառնում է, քանզի շատ անհանգիստ է մեր երկրի տնտեսության վիճակով։



Նա նախ խոստացավ պայքարել արհեստական մենաշնորհների դեմ եւ խաղի հավասար կանոններ ապահովել բոլորի համար: «Եթե կլինեն հաջողակ բիզնեսմեններ, որեւէ մեկից բիզնես չեն խլելու»,-ասաց նա՝ ավելացնելով․ «Կլինեն հավասար կանոններ: Երկրի փոքրությունը բերելու է նրան, որ որեւէ ոլորտում միշտ լինելու են խոշոր խաղացողներ, այլ հարց է՝ նա արդար մրցակցության արդյունքո՞ւմ է դրան հասնելու, թե՞ ադմինիստրատիվ միջոցներով»։ Նա համաձայնեց այն դիտարկմանը, որ մինչ այս պահը խաղի այլ կանոններ են գործել:



Թե ինչպես է գնահատում նախկին վարչապետի աշխատանքը, պարոն Կարապետյանն ասաց․ «Նախկին վարչապետն իմ գործընկերն է, իմ ընկերն է։ Ես կարծում եմ, որ ինքը բավականին ծանր իրավիճակում է վերցրել կառավարության բեռն իր վրա, իր աշխատանքը ես չպետք է գնահատեմ, բայց կարծում եմ՝ ինքը մեծ բեռ է վերցրել իր վրա»։



Մեր հարցին, թե երբվանից է տնտեսության վիճակը ծանր, եւ ինքը երբ հասկացավ դա, նորանշանակ վարչապետն ասաց, որ ծանր իրավիճակը կախված է ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ պատճառներից․ «Եվ կարծում եմ՝ ոչ պրոդուկտիվ է հիմա հասկանալ, թե որն է սուբյեկտիվ պատճառը, որոնք են օբյեկտիվ մարտահրավերները։ Ճիշտ կլինի հիմա ախտորոշում անենք այդ հիվանդությանը եւ այն բուժենք»։ Կարեն Կարապետյանը խոստացավ ավելի մանրամասն հետո խոսել։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ