Գագիկ Ծառուկյանը ժամանակավոր է հեռացել քաղաքականությունից

Գագիկ Ծառուկյանը ժամանակավոր է հեռացել քաղաքականությունից

Ինչպիսի՞ն կլինի ԲՀԿ-ի ճակատագիրը Հովիկ Աբրահամյանի հեռանալուց հետո, քանի որ ԲՀԿ-ն կապում էին Հովիկ Աբրահամյանի հետ, որ հենց նա է կանգնած կուսակցության հետևում։ Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին լրագրողների այս հարցին ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն այսպես ասաց․ «Բայց որտե՞ղ եք դուք տեսել, որ Հովիկ Աբրահամյանը․․․ կոնկրետ կարո՞ղ եք ասել, թե ինչ է կատարվել, որ Հովիկ Աբրահամյանը որ գնաց, ուրեմն ԲՀԿ-ի հետ ինչ-որ բան պետք է լինի։ Ամեն ինչ նորմալ է»։
Մելքումյանը նաև հիշեցրեց, որ ԲՀԿ-ի ղեկավարը Գագիկ Ծառուկյանն է, եթե նա ժամանակավորապես հեռացել է քաղաքականությունից, էն ռեսուրսները, որ նա դրել է մեր այս քաղաքական ուժի կայացման և հետագա հաջողությունների մեջ, դա որևէ մեկը Բարգավաճից չի խլի, ոչ էլ կարող է խլել»։



Hraparak.am-ի հարցին, թե Գագիկ Ծառուկյանը փաստորեն, ժամանակավորապե՞ս է հեռացել քաղաքականությունից և կարող է նորից վերադառնա՞լ, պարոն Մելքումյանն ասաց․ «Ուրեմն, տեսեք, ես հասկանում եմ Ձեր հարցի ենթատեքստը, ինքը որոշում է կայացրել հեռանալ, հետագայում ինքը կորոշի՝ ինչ անել։ Դա իր որոշելիքն է։ Ժամանակավոր երբ որ ասում եմ, ընդհանրապես մենք ապրում ենք ժամանակի և տարածության մեջ, և էդ հարցը պետք է ուղղել իրեն։ Էս հարցը շատ է արծածվել, հստակ ասեմ՝ այո, երբ որ մենք գնում ենք մարզեր, երբ որ մենք խոսում ենք մեր կուսակիցների հետ, էդպիսի հարցադրումներ շատ կան։ Ուզու՞մ եք անկեղծ ասեմ՝ մարզերի մեծ մասում մարդիկ չգիտեն, որ Գագիկ Ծառուկյանը դուրս է եկել, և ԲՀԿ-ն իսկապես կապում են Գագիկ Ծառուկյանի անվան հետ։ Ես թաքցնելու բան չունեմ, երբ որ ես ասում եմ՝ ժամանակավոր, էս կյանքում ամեն ինչ ժամանակավոր է»։



Այսինքն՝ չի՞ բացառում, որ առաջիկայում նա կարող է որևէ կերպ վերադառնալ, Մելքումյանն ասաց, որ իր որոշումների մասին ինքն է հայտարարում։



Hraparak.am-ի այն հարցին, թե Ծառուկյանը Սերժ Սարգսյանին կհարցնի՞ քաղաքականություն վերադառնալուց առաջ, Միքայել Մելքումյանն ասաց․ «Այդ հարցին չեմ պատասխանում, որովհետև կոռեկտ չեմ համարում»։ Մենք հիշեցրինք, որ հարցը կոռեկտ է այնքանով, որ Ծառուկյանը քաղաքականությունից հեռացավ հենց Սերժ Սարգսյանի հայտնի ելույթով։ Բայց ԲՀԿ-ական պատգամավորը պնդեց, թե Ծառուկյանն ինքնակամ է հեռացել։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ