Մոսկվայի շարժիչ ուժը խանդն է ԱՄՆ հզորության հանդեպ

Մոսկվայի շարժիչ ուժը խանդն է ԱՄՆ հզորության հանդեպ

Մեթյու Բրայզան երեւի ամենաճանաչելի ԱՄՆ դիվանագետն է Հարավային Կովկասում, թեեւ վաղուց Պետքարտուղարությունում չի ծառայում: Հայաստանում եւ Ադրբեջանում նրան հիշում են, քանի որ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով փոխտեղակալ (EUR DAS) լինելով, նաեւ Մինսկի խմբում համանախագահ էր: Բրայզայից հետո այլեւս ոչ մի ԱՄՆ համանախագահ Մինսկի խմբում նման բարձր կարգավիճակ չի ունեցել: Վրաստանում էլ Բրայզային դժվար թե մոռանան, որովհետեւ 2008-ի օգոստոսի ռուս-վրացական պատերազմի օրերին նա էր դիմավորում Վրաստանում վայրէջք կատարող ամերիկյան զինվորականներին։ Այսօր Բրայզան Atlantic Council վերլուծական կենտրոնում է եւ միանգամայն հետաքրքիր էր, թե ինչ է մտածում ԱՄՆ-ի, Մերձավոր Արեւելքի, Հարավային Կովկասի զարգացումների շուրջ: Նաեւ խորապես շնորհակալ ենք, որ ցանկություն եւ ժամանակ գտավ այս հարցազրույցը տալու։



- Մեթյու, չնայած գրեթե հինգ տարի առաջ Պետդեպարտամենտից հեռանալուն, Դուք մնում եք ճանաչված Հայաստանում եւ ողջ Հարավային Կովկասում: Հետեւաբար, նախ հարցնեմ Atlantic Council-ում Ձեր ներգրավվածության եւ, առհասարակ, հանրային ներկա գործունեության մասին: Հնարավո՞ր է նորից վերադառնաք ակտիվ դիվանագիտական ծառայության, նկատի առնելով, որ փոխատեղումները Պետքարտուղարության ու վերլուծական կենտրոնների միջեւ ամերիկյան դիվանագետներին ուղեկցում են ողջ կարիերայի ընթացքում:



- Ես սիրում էի իմ դիվանագիտական աշխատանքը եւ, այո, հնարավոր է մի օր վերադառնամ դիվանագիտության կամ նույնիսկ ներկայացուցչական քաղաքականության: Ես նաեւ շարունակում եմ խորապես հետաքրքրված մնալ Հարավային Կովկասով, տարածաշրջանի ժողովուրդներով եւ աշխարհաքաղաքականությամբ:



Բայց ներկա պահին լիովին տարված եմ իմ գործարար կարիերայով: Երկու տարի առաջ կանաչ տեխնոլոգիաների մի մեկնարկային (start-up) ընկերություն հիմնադրեցի Ստամբուլում, որն զբաղվում է արտադրական պրոցեսների արդյունավետության բարձրացմամբ, միաժամանակ կրճատելով կամ վերկանգնելով շրջակա միջավայրին հասցվող վնասը: Սա միջազգային համատեղ ձեռնարկ է, որին մասնակցում են գործընկերներ Ֆինլանդիայից, Իսրայելից, Հունաստանից եւ Թուրքիայից: Միաժամանակ մի ոտքով մնում եմ արտաքին քաղաքականության ոլորտում, որպես Atlantic Council-ի ավագ գիտաշխատող, նաեւ որպես Վաշինգտոն Դի Սի-ում Ջեյմսթաուն հիմնադրամի եւ Էստոնիայում, Տալինում Պաշտպանության ու անվտանգության միջազգային կենտրոնի (վերջինս նաեւ երեք տարի ղեկավարել եմ որպես տնօրեն) խորհուրդների անդամ:
Ներկայիս նաեւ վայելում եմ հրաշալի հավասարակշռություն կյանքի ու աշխատանքի միջեւ, քանի որ կարողանում եմ բավականին ժամանակ տրամադրել նաեւ վեցամյա դստերս: Ցավալի կլիներ այս պահին այդ ամենը թողնել եւ վերադառնալ Վաշինգտոնի բյուրոկրատիային: Բայց մյուս կողմից էլ հանրային ծառայությունն իմ էության կենտրոնում է, եւ ես գերադասում եմ ոչ այնքան սեփական ներաշխարհի, որքան կարեւոր, գլոբալ մարտահրավերների ուղղությամբ կենտրոնանալ: Դեռ պետք է տեսնել՝ այդ մարտահրավերների դիմագրավմանը նպաստելու համար ես կարիք կզգամ վերադառնալ դիվանագիտական կյանքի կամ քաղաքականությա՞ն, թե՞ գործարարությամբ ու վերլուծական աշխատանքով էլ կարող եմ դա անել:



- Ինչ ընտրություն էլ անեք, Ձեզ հաջողություն եմ ցանկանում: Իսկ ինչպե՞ս ընդունեցիք ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքը եւ պրն. Թրամփի հաղթանակը: Այն կարո՞ղ է բեկումնային ներգործություն ունենալ կամ փոխել ԱՄՆ արտաքին քաղաքականությունը: Հենրի Քիսենջերը մի անգամ ասել է, որ Սպիտակ տան յուրաքանչյուր նոր վարչակազմ առաջին մեկեւկես տարում վերանայում է նախորդ վարչակազմի որոշումները, եւ սովորաբար հանգում են եզրակացության, որ նախորդներն արել են ամենը, ինչ նրանց պայմաններում հնարավոր է եղել: Ըստ Ձեզ՝ այս կանոնն այժմ որքանո՞վ կաշխատի:



- Ես զարմացած էի, որ Դոնալդ Թրամփի ընտրարշավը չտապալվեց ընտրություններից դեռ ամիսներ առաջ, հաշվի առնելով, որ ԱՄՆ նախագահի ցանկացած այլ թեկնածու կոչնչանար, եթե Թրամփի հայտարարություններն աներ: Բայց որքան ընտրարշավը շարունակվեց, ես գիտակցեցի, որ Թրամփը յուրահատուկ հաղորդակցվող է, որը խորապես զգում եւ հասկանում է սովորական ամերիկացուն այնպես, ինչպես վերջին շրջանի ոչ մի այլ ԱՄՆ քաղաքական գործիչ: Թեեւ խորապես մերժում էի Թրամփի դատողությունները կանանց, մահմեդականների, մեքսիկացիների, այլ փոքրամասնությունների մասին իր ողջ ընտրարշավի ընթացքում, ընտրությանը նախորդող վերջին շաբաթներին հանգեցի մտքին, որ նա կարող է հաղթել: Դա այն պատճառով, որ սոցհարցումներով Թրամփը քիչ էր ետ մնում պետքարտուղար Քլինթոնից, իսկ ամերիկյան ընտրողներից շատերը երկյուղում էին բացեիբաց հայտարարել, թե իրենք պաշտպանում են Թրամփին, որովհետեւ գիտեին, որ կդառնան մտավոր էլիտաների հարձակման թիրախ: Հենց այդ էլիտաներին հակադրվելու մղումով էր, որ այդքան ամերիկացիներ ձայն տվեցին պրն. Թրամփին:



Դոկտոր Քիսինջերի գնահատականի հետ ես համամիտ եմ, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ քաղաքականությանը: Իմ դիվանագիտական կյանքի ողջ ընթացքում բոլոր ԱՄՆ նախագահները պաշտոնավարումն սկսել են հավատալով, թե իրենք կախարդական հաղորդակցական ձիրք ունեն, տիրապետում են գաղտնիքի, որով Մոսկվայի հետ նոր, դրական հարաբերություններ կկառուցեն, բայց վերջնահաշվում բոլորն էլ ձախողվել են եւ ի վերջո գիտակցել, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի շահերն արմատապես ներհակ են, որովհետեւ Մոսկվայի արտաքին քաղաքականության հիմնական շարժիչը խանդն է Միացյալ Նահանգների գերազանցող ուժի ու հզորության հանդեպ:



Միեւնույն ժամանակ, անհատ առաջնորդը կարող է նշանակալից ազդեցություն ունենալ ԱՄՆ արտաքին քաղաքականության մասշտաբային իրադարձությունների վրա: Պատկերացրեք, օրինակ, ինչ կլիներ, եթե 2000-ի նախագահական ընտության գերագույնս մոտ արդյունքներով հաղթող հայտարարվեր ոչ թե Ջորջ Բուշը, այլ` Ալ Գորը. իրաքյան երկրորդ պատերազմը գրեթե հաստատ չէր լինի, եւ Միջին Արեւելքի տրաեկտորիան, ներառյալ` Արաբական գարնան, արմատապես այլ կլիներ:



- Կա՞ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի ռազմական ներգրավման ավելի մեծ հող կամ հավանականություն, երբ Թրամփը դառնա գլխավոր հրամանատար: Ավելին, անգամ ԱՄՆ-ի ավելի մեծ ներգրավման դեպքում կա՞ ճանապարհ Մերձավոր Արեւելքում ահաբեկչությանը հաղթելու, եթե այնտեղ գործող ահաբեկիչների մեծամասնությունը կրոնական մոլագարներ են` շիա կամ սուննի քարոզիչների եւ ուսմունքների հետեւորդ: Այն, ինչին աշխարհն ականատես է լինում, մահմեդականների միջդավանաբանական պատերազմ չէ՞: Եվ ինչն ինձ հատկապես մտահոգում է. ի՞նչ պետք է արվի, որ քրիստոնյաներն ու քրիստոնեական ժառանգությունը պաշտպանվեն այդ պատերազմում:



- Խիստ անհավանական է, որ ԱՄՆ ռազմական ներգրավվածությունը Մերձավոր Արեւելքում արմատապես ընդլայնվի նախագահ Թրամփի օրոք: Պրն. Թրամփը երբեք հանդես չի եկել հօգուտ Մերձավոր Արեւելքում ամերիկյան զինուժի լայնամասշտաբ գործարկման: Ընդհակառակը, նա այժմ հայտարարում է, թե ինքն ընդդիմացել է Իրաք ներխուժելու նախագահ Ջորջ Բուշի որոշմանը: Իմ տպավորությունն այն է, որ, ելնելով գործարարի իր էությունից, նախագահ դարձած Թրամփը ռացիոնալ կգնահատի վճարվող գինն ու արդյունքը եւ կեզրակացնի, որ պետք չէ ամերիկյան տասնյակ հազարավոր զինվորների կյանքով վճարել ISIS-ին կամ իսլամական ծայրահեղականությանը հաղթելու արդյունքի համար: Նա կնախընտրի Իրաքի բանակի եւ տեղական զինյալ խմբավորումների վրա հենվել ISIS-ի մոլագարներին՝ Իրաքում եւ Սիրիայում հաղթելու համար:



Նա նաեւ նոր եւ անհրաժեշտ ջանքեր կգործադրի, որպեսզի գաղափարախոսական պատերազմում իսլամական ծայրահեղականությունը ներկայացվի, ինչպես այն կա. ատելությամբ լի, աշխարհի մեծագույն կրոններից մեկը քաղաքական գաղափարախոսության վերածելու ձեռնածություն, որը նեղմիտ մեկնաբանություն է տալիս իսլամական արդարադատությանը եւ մերժում է իսլամական ուսմունքի հազարամյա պատմությունը, որով ընդունվում են հանդուրժողական հավատը եւ ռացիոնալ մտածողությունը: Թրամփի վարչակազմը, հավանաբար, կփորձի հաղթել ISIS-ի գաղափարախոսությանը՝ հզորացնելով այն մահմեդականներին, որոնք ընդունում են իսլամի հանդուրժողական մեկնությունները, եւ այդպիսիք կազմում են այսօր աշխարհում ապրող մահմեդականների գերակշիռ մասը: Նման մոտեցումը լավագույն հնարավորությունը կլինի պաշտպանելու ոչ միան քրիստոնյաների կյանքը եւ ժառանգությունը, այլեւ հրեաների, նաեւ մահմեդականների, որոնք կազմում են ISIS-ի զոհերի մեծագույն մասը:



- Իսկ ի՞նչ եք մտածում Մերձավոր Արեւելքում Թուրքիայի ներգրավվածության մասին: Թուրքիայի հակամարտությունը Սիրիայի քրդերի PYD եւ YPG միավորումների հետ (որոնց Թուրքիան համարում է ահաբեկիչներ, իսկ ԱՄՆ-ն կոչում է լավագույն դաշնակիցներ ISIS-ի դեմ պայքարում) կարո՞ղ է վաղ կամ ուշ ետ հարվածել եւ վերաճել թուրքերի ու քրդերի միջեւ լայնամասշտաբ պատերազմական բախումների` Թուրքիայի ներսում: Որքանո՞վ է իրական քաղաքացիական պատերազմների հավանականությունը Թուրքիայում` թուրքերի ու քրդերի, էրդողանականների ու գյուլենականների, աշխարհիկների ու իսլամիստների միջեւ, եւ հնարավո՞ր է դրանցից խուսափել:



- Այն, որ PYD-ն եւ YPG-ն PKK-ին կապակցված կառույցներ են, թվում է՝ հստակ է, իսկ PKK-ն թե ԱՄՆ-ի, թե Եվրոպայի կողմից ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն: Դրա արդյունքում ԱՄՆ-ի ռազմական գարծընկերությունը YPG-ի հետ հանգեցրեց արմատական հակասության Վաշինգտոնի սիրիական քաղաքականության մեջ. մի կողմից փոխնախագահ Բայդենն օգոստոսի 24-ին հայտարարեց, որ YPG-ն պետք է թողնի Սիրիան՝ ի տարբերություն ՆԱՏՕ-ում ԱՄՆ դաշնակցի` Թուրքիայի, որը Սիրիայի տարածքից ահաբեկչության ներթափանցման մտահոգություններ ունի, մյուս կողմից ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտը ողջունեց YPG-ի մարտիկների առաջնորդող դերակատարությունը Սիրիայում, քանի որ նրանք ռազմաճակատում ջախջախեցին ISIS-ին` խնայելով ամերիկյան զինվորների կյանքը:
Թեեւ այս դիլեման լուրջ լարվածություն առաջացրեց ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում, անհավանական է, որ այն հանգեցնի նոր լայնամասշտաբ բախումների թուրքերի եւ Թուրքիայի ստվար քրդական փոքրամասնության միջեւ: Զինված բախումները, որ ծավալվել էին Թուրքիայի հարավ-արեւելքում անցյալ տարվա երկրորդ եւ այս տարվա առաջին կեսին, այժմ ավարտված են, եւ դրանք ծավալվեցին սահմանափակ աշխարհագրական տարածքում, չնայած ողբերգական հետեւանքների հանգեցրին Դիարբեքիրում եւ Թուրքիայի հարավ-արեւելքի այլ քաղաքներում: Իսկ փոքրամասշտաբ բախումները, ինչպես նաեւ անջատ ահաբեկչական հարձակումները հավանական է, որ կշարունակվեն, եւ անորոշ է, թե որքան:
Շարունակելի



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ