Ի՞նչ է նշանակում հայի գեն․ «Մարաշլյան» ֆոտոստուդիան մեկնաբանում է ստեղծված իրավիճակը

Ի՞նչ է նշանակում հայի գեն․ «Մարաշլյան» ֆոտոստուդիան մեկնաբանում է ստեղծված իրավիճակը

Օրերս «Մարաշլյան» ֆոտոստուդիայի կողմից հրապարակած լուսանկարը Ֆեյսբուքում բուռն քննարկումների առիթ էր դարձել։ Հրապարակված լուսանկարում հայուհին իր օտարերկրացի սևամորթ ամուսնու և երեխայի հետ էր՝ հայկական տարազներով։ Տարատեսակ քննադատություններից ու խոսակցություններից հետո լուսանկարը հեռացվել էր ստուդիայի ֆեյսբուքյան էջից։



Մարաշլյան ֆոտոստուդիայի հիմնադիր Էմմա Մարաշլյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ մտադրություն չկա լուսանկարը կրկին հրապարակելու, քանի որ Տիգրանի ծնողները խնդրել են նամակով հանել նկարը, և նրանք գնացել են խնդրանքին ընդառաջ, և եթե իրեն վերաբերող նկար լիներ՝ չէր հեռացնի, սակայն այս դեպքում ընտանիքը խնդրել է հեռացնել լուսանկարը։



«Ունեցել ենք նման զույգեր, ովքեր ցանկություն են ունեցել մեզ մոտ լուսանկարվել, մենք սիրով կատարել ենք, նաև կարող եմ ասել՝ մինչև այս դեպքերը և դրանից հետո նույնպես զույգեր ենք ունեցել, մեզ մոտ են եկել, նկարվել են տարբեր ազգություններից, նկարել ենք, տեղադրել ենք, սակայն այսպիսի խնդրի առաջ չենք կանգնել, նման բան չի եղել, սա առաջին դեպքն է, որ մենք նկարը ջնջում ենք էջից։ Ես չեմ կարող խոսել այդ թեմայի շուրջ, քանի որ բավականին ծանր տարավ այդ ընտանիքը, էթիկայի նորմերին հետևելով` չեմ ուզում երկարացնեմ այդ խոսակցությունը, քանի որ իրենք ինձ գրել էին նամակով, որ անգամ սպառնալիքների մասին է խոսքը գնում։ Ես շատ խորը հիասթափություն տարա այդ ամենի հետ կապված՝ հաշվի առնելով նաև, որ անցյալ տարի ունեցանք հյուրեր՝ Քիմ Քարդաշյանը` ընտանիքի հետ, և մեր հայությունը բավականին մեծ ուրախություն ապրեց, չեմ հիշում այսպիսի իրարանցում, անհասկանալի երևույթ էր ինձ համար, մինչև հիմա հարցականներ կան՝ ինչի՞ հետ էր սա կապված։ Ի՞նչ է նշանակում հայի գեն, ի՞նչ են նշանակում խառը ամուսնություններ»։



-Բայց կան բազմաթիվ մարդիկ, ովքեր քննադատում էին լուսանկարը քննադատողներին։



Անպայման կուզեմ նշել, որ շատ ուրախ եմ, որ կային մարդիկ, ովքեր մեծ եռանդով, խորը էմոցիաներով պաշտպանում էին այդ ընտանիքին, ինչպես նաև կատարած աշխատանքի մասին լավ խոսակցություններ էին գնում։ Բացի նրանից, որ կար այն կողմը, որը խոսում էր հայի գենի մասին, կար նաև այն կողմը, որը մեղադրում էր նկարը էջից հանելու մեջ, ես չէի կարող յուրաքանչյուրին անձնական նամակով գրել, որ ընտանիքը դեմ է։ Ես իրենց նամակով գրեցի, որ ամեն դեպքում մեծամասնությունը ձեզ հետ է, ինտելեկտուալ մարդիկ դեմ են այդ հիմար խոսակցություններին, դուք մի նեղվեք, մի տխրեք, սա ինչ-որ անհասկանալի իրավիճակ է, որի վրա ուշադրություն դարձնելն անիմաստ է։