2016 թ Երեւանի շտապ օգնության ծառայությունը 247 496 կանչ է ստացել

2016 թ Երեւանի շտապ օգնության ծառայությունը 247 496 կանչ է ստացել

2016 թ Երեւանի շտապ օգնության ծառայությունը 247 496 կանչ է ստացել, 2015 թվականի համեմատ՝ 9 286-ով ավելի: 49 432 հիվանդ հոսպիտալացվել է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Շտապ օգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը: Նրա խոսքով՝ անցյալ տարվա ընթացքում երեխաների համար եղել է 25 270 կանչ: 9109 երեխայի տարվա ընթացքում հիվանդանոց են տեղափոխել:



«Հիմնական կանչեր եղել են սիրտանոթային հիվանդություններով տառապող հիվանդների կողմից, ապա սուր շնչառական հիվանդություններով տառապողները, այնուհետև՝ տրավմաները։ 2016 թվականին նախորդ տարվա համեմատ սիրտանոթային հիվանդությունների տոկոսը պակասել է, սակայն բարձրացել է սուր շնչառական հավանությունների քանակը և տրավմաների քանակը։ 2015 թվականին սրտի եւ անոթների հետ կապված խնդիրների պատճառով 63 384 կանչ է եղել, 2016-ին՝ 57 456: Երկրորդ տեղում շարունակում են մնալ գրիպն ու սուր շնչառական վարակները, երրորդ տեղում՝ վնասվածքները: 2016 թվականին գրիպի եւ սուր շնչառական վարակների պատճառով 25 494 կանչ է գրանցվել՝ 2015-ի 19 328-ի դիմաց»։



Թագուհի Ստեփանյանի խոսքով՝ շտապօգնության ծառայության նկատմամբ վստահությունը բավականին բարձրացել է, քանի որ այն հագեցած է բոլոր անհրաժեշտ սարքավորումներով, դեղամիջոցներով, և բժիշկներն էլ պատշաճ ձևով կատարում են իրենց աշխատանքը: Նա ասաց, որ մայրաքաղաքը սպասարկում է 36 շտապօգնության մեքենա, բժիշկները հիվանդի մոտ պետք է մնան 20 րոպե։ Հատկապես կարևորվում է անհետաձգելի հիվանդներին հասնելու հարցը. այսպիսի դեպքերում շտապօգնության մեքենան պետք է հիվանդին հասնի 9-10 րոպեի ընթացքում: