Ընտրությունների օրը չի փոխվի

Ընտրությունների օրը չի փոխվի

Սերժ Սարգսյանի հրամանագիրը՝ 2017 թ․ ապրիլի 2-ին նշանակել ԱԺ ընտրությունների օրը, վերջերս շատ քննարկվեց։ Սկզբում քննարկում էին բարոյական կոնտեքստում, թե ապրիլի 2-ը սգո օր է, 2016-ի ապրիլյան պատերազմին մենք 100 զոհ ենք տվել, ուստի այսուհետ պետք է ամեն տարի այդ օրը հիշենք մեր երիտասարդ զոհերին եւ սգանք, այլ ոչ թե ընտրությունների գնանք։ Սակայն ակնհայտ էր, որ նման հուզական հիմնավորումներով ընտրությունները հետաձգելու պահանջները բավարարվելու շանս չունեն։ Ապա նախ փաստաբանական, հետո նաև քաղաքական շրջանակներից հայտարարություններ եղան, թե ՀՀ Սահմանադրության եւ ԱԺ գործունեության ժամանակացույցի տեսանկյունից սխալ օր է ընտրվել։ Մասնավորապես, «Համախմբում» կուսակցությունը, ապա ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը, ով իրավաբան է, իր ֆեյսբուքյան էջում օրենքին հղում անելով, հիմնավորեցին, թե ինչու է ընտրած օրը սխալ։



«ԱԺ 5-րդ գումարումը կայացել է մայիսի 31-ին, եւ նրա լիազորությունները պետք է դադարեն մայիսի 31-ին: Հետեւաբար, ԱԺ հերթական ընտրությունները պետք է նշանակվեին մայիսի 31-ից 40 օր առաջ։ ԱԺ հերթական ընտրությունները ապրիլի 2-ին նշանակելը հակասում է Սահմանադրությանը»,-գրել է պատգամավորը։ Այս հաշվարկի պարագայում ընտրությունը պետք է նշանակվեր առնվազն ապրիլի 21-ին, այլ ոչ թե 2-ին։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին խնդրեցինք մեկնաբանել պատգամավորի այս պնդումները։ «Կա Ընտրական օրենսգիրք, օրը նշանակված է, մենք իրականացնում ենք մեր գործառույթները։ Մեր տիրույթն Ընտրական օրենգրքով սահմանված գործառույթների իրականացումն է»,-ուղիղ պատասխանից խուսափեց ԿԸՀ նախագահը։



Բայց պատգամավորն օրենքի խախտում է հայտնաբերել այդ նշանակման մեջ։ «Ես էդ թեմայի հետ կապված՝ որեւէ մեկնաբանություն չունեմ։ Իրեն պետք է հարցնեք, թող ինքը պարզաբանումներ տա»,-ասաց նա։ Նկատեցինք, որ ինքը պարզաբանել է, թե ինչու է օրենքի խախտում։ «Էդ հարցով ես ընդամենը մի բան եմ ասում՝ կա Ընտրական օրենսգիրք, դրան համապատասխան՝ նշանակվել է օր, ընտրական գործընթացներն ընթանում են»։



 



ՀԳ․ Ըստ որոշ տեսակետների, ընտրությունները 18-20 օր ավելի շուտ հայտարարելը պայմանավորված է Երեւանի ավագանու ընտրություններով, որը նշանակված է մայիսի 5-ին։ Եթե ապրիլի 21-ին նշանակվեր ԱԺ ընտրությունը, ապա ավագանին չէր հասցնի քարոզարշավ եւ նորմալ ընտրություններ անցկացնել, եւ հետընտրական բողոքի ալիքը կխանգարեր իշխանությանը, ուստի իշխանությունը գնացել է Սահմանադրությունը խախտելու ճանապարհով։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ