Թե չէ ամեն ինչն այնքան արդար է, մնաց օպերային թատրոնի տնօրենի ընտրությունը

Թե չէ ամեն ինչն այնքան արդար է, մնաց օպերային թատրոնի տնօրենի ընտրությունը

Հարցազրույց օպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանի հետ



- Պարոն Թումանյան, այսօր՝ ապրիլի 4-ին, օպերային թատրոնում նախատեսված է «Բարսեղ Թումանյան եւ ընկերներ» օպերա-գալա համերգը՝ թատրոնի գեղղեկավար Կոնստանտին Օրբելյանի գլխավորությամբ։ Համերգի առաջարկն ինչպե՞ս ստացաք։



- Ամբողջ խնդիրն այն էր, որ ես հրավիրված էի Վերդիի «Ռեքվիեմում» մասնակցելու, բայց տեխնիկական պատճառներով ներկայացումը չստացվեց, որոշեցի նույն կազմով մի համերգ անել, եւ այդպես կոչեցինք՝ «Բարսեղ Թումանյան եւ ընկերներ»։



- Օպերային թատրոնի այլ նախագծերում ներգրավված լինելո՞ւ եք։



- Դեռ ոչ, միայն այս համերգն է, հետո երբ կամ ինչ կլինի՝ չգիտեմ։



- 3 տարի է արդեն՝ Դուք աշխատում եք Աստանայի օպերային թատրոնում՝ որպես գեղարվեստական ղեկավար։



- Ես գեղղեկավար չեմ եւ չէի էլ ցանկանա լինել, իմ պաշտոնը կոչվում է բեմի վարպետ, որն աշխատում է նաեւ մյուս մենակատարների հետ, հետեւում նրանց աճին։ Հիմնականում զբաղված եմ երգելով, բայց միեւնույն ժամանակ դասավանդում եմ այնտեղի Արվեստների համալսարանում։ Ինչ վերաբերում է մեր թատրոնին, կարծում եմ՝ Կոնստանտին Օրբելյանը շատ լավ ընտրություն է։ Ես ընդհանրապես նման դեպքերում պարզ բացատրություն ունեմ․ եթե ուզում եք, որ որեւէ գործ տեղից շարժվի, առաջին հերթին պետք է վերցնեք ու ընտրեք մի մարդու, որն այդ գործի լավ գիտակ է։ Եվ երկրորդ․ երբ ինքը ռեւանշի ցանկություն ունի, այսինքն՝ ոչ թե միայն գիտակ է ու կգա, սառնասրտորեն կշարունակի այն, ինչ ինքը գիտի։ Ոչ, մեզ Հայաստանում ու ցանկացած ասպարեզում պետք է ռեւանշ, մենք հետ ենք մնացել շատ հարցերում։



- Այդ առումով, երբ համեմատում եք մեր եւ Աստանայի օպերային թատրոնները, ի՞նչ խնդիրներ, տարբերություններ կնշեք, որտե՞ղ ենք հետ մնում։



- Լավ կլինի՝ դրա մասին չխոսենք, մենք շատ հեռու ենք։



- Իսկ ո՞րն է պատճառը, պետությունը մեծ գումարնե՞ր է հատկացնում։



- Ճիշտ է մոտենում, ճիշտ մասնագետներ է ընտրում, չկա թայֆա հասկացողություն, օրենք է գործում։ Չի կարող այնտեղ լինել մեկը, որն օպերայից գաղափար չունի, այդ թվում՝ տնօրեն կամ տեղակալ, փորձառու մարդիկ են պետք, ոչ՝ ուրեմն ուրիշ տեղից կհրավիրեն որեւէ մեկին։



- Մեզ մոտ ղեկավար օղակներից պարբերաբար ասում են, որ մասնագետ լինելն այդքան էլ կարեւոր չէ, կարեւորը՝ մարդը տիրապետի ադմինիստրատիվ հմտություններին։



- Ոչ, սխալ է, դա ավանտյուրա է, խաբեություն եւ ինքնախաբեություն, թող «լոլո» չկարդան, ամոթ է, ո՞ւմ են խաբում։ Նման մասնագիտություն չկա, կա մարդու տեսակ, որն ադմինիստրատիվ ջիղ ունի եւ փորձառություն։ Դուք օպերային թատրոն բերում եք մի մարդու, որը ոչինչ չի հասկանում դրանից եւ ոչ էլ փորձառություն ունի, բայց ասում եք՝ դա կարեւոր չէ։ Ուրեմն իմացեք, ով ասում է դա, նշանակում է՝ կատարյալ ձեւով ուզում է քանդել այդ կառույցը։ Ուզում ես որեւէ կառույց քանդել, բերում ես մեկին, որն այդ գործից բան չի հասկանում, եւ վերջ։



- 3 տարի առաջ Անդրանիկ Արզումանյանին բերելով օպերային թատրոն, ի՞նչ նպատակ էին հետապնդում։



- Այն հույսով, որ իրենք վերեւից կարող են ղեկավարել... երբ ես հարց էի տալիս՝ ի՞նչ է նշանակում օպերային թատրոն, ո՞րն է նրա առաքելությունը, էությունը, չէին կարողանում պատասխանել։ Դա շոու չէ, այլ արարում։



- Տնօրենի նշանակումից բացի, այս 3 տարիների ընթացքում բավականին շատ փոփոխություններ եղան մեր թատրոնում․ վերացվեց գլխավոր դիրիժորի հաստիքը, իսկ վերջերս ավելացվեց մի նոր հաստիք՝ գլխավոր պրոդյուսերի։



- Չեմ հասկանում՝ ի՞նչ է գլխավոր պրոդյուսերը, որովհետեւ գլխավոր պրոդյուսերն արդեն տնօրենն է։



- Ինչպե՞ս եք նայում այս փոփոխություններին։



- Ոչ մի կերպ, մինչեւ գործ չանեն, ինչ ուզում եք՝ արեք, ում ուզում եք՝ փոխեք, ինձ միայն ցույց տվեք լավ բեմադրություններ։ Ինձ պետք է մարդ, որն էությունից հասկանում է եւ կբերի գեղեցիկ բեմադրություն, որով ես կկրթվեմ, ոչ թե այնպիսի բեմադրություն կդնեն, որից հետո ժողովուրդը դուրս կգա ու կասի՝ ես Հովհաննես Թումանյան էլ երբեք չեմ կարդա։ Ես մեր օպերային թատրոնի շուրջ քննադատաբար չեմ ուզում վերաբերվել, որովհետեւ դա բոլորիս խնդիրն է, բաներ կան, որ մենք ենք բաց թողել, չնայած ասել ենք, ժամանակին հուշել ենք, օգնել ենք, բայց ամբողջ խնդիրը գալիս է նրանից, որ ինչ-որ մեկը գալիս ասում է՝ ժամանակ տվեք, անեմ, բայց ժամանակն անցնում է, ու չի ստացվում։ Մարդիկ սկսում են հարմարվել, իսկ թատրոնը չի սիրում հարմարվել։



- Կոնստանտին Օրբելյանը հաճախակի է բացակայում երկրից, որքանո՞վ է հնարավոր թատրոնը հեռվից հեռու ղեկավարել եւ այնպես, որ օպերան չտուժի դրանից։



- Օպերայի գեղարվեստական ղեկավարն օր ու գիշեր պետք է աշխատի օպերայի ներսում։ Նա կարող է կադրեր աճեցնել՝ իր հայեցակարգը բացատրելով, ձեռքի տակ ունենալով որոշ մեխանիզմներ ու գործիքներ, ամեն դեպքում, պետք է իր ձեռքով ստեղծի իր աշխատող համակարգը, բայց սկզբի համար պարտադիր է իր ներկայությունը։ Կարծում եմ՝ ինքը կկարողանա, որովհետեւ մատների արանքով չի նայում։ Այս դեպքում շատ օբյեկտիվ եմ տրամադրված, որ նա լավ գործ կանի։ Այստեղ հեղինակության խնդիրը չէ, ես ոչ բոլոր հեղինակություններին եմ ընդունում որպես հեղինակություն։ Կարեւոր է իր մարդկային տեսակը, եւ որ գործից հասկանա։ Այնպես որ, դա իր համար մեծ հնարավորություն է, եւ պետք է իրեն չխանգարել հիմար առաջարկներով, թող ինքը կողմնորոշվի։ Օպերան մեծ, հսկայական մեխանիզմ է՝ երկիր կառավարելու նման բան, մինչեւ նա սկսի լրիվ ճանաչել, ժամանակ է պետք։



- Հնարավոր համարո՞ւմ եք տնօրենի եւ գեղղեկավարի համատեղումը՝ ի դեմս մեկ հոգու։



-Պարտադիր, դա հաճախ է լինում ու ավելի ճիշտ է։ Կարող ես ընդամենը տեղակալ ունենալ՝ ֆինանսական մասով, գեղարվեստական ղեկավարը բա չիմանա՞ ինչքան գումար պետք է դրվի այս կամ այն ներկայացման համար։ Այդ ամենը պետք է շատ բաց լինի։ Դրանից բացի, կա նաեւ կառավարման կոմիտե, մնում է միայն ճիշտ ներկայացումներ ընտրվեն, ու ճիշտ տեղ գնան գումարները։



- Ներկայիս մեր օպերային թատրոնի խաղացանկը որքանո՞վ է հետաքրքիր եւ ճիշտ ընտրված առաջնահերթություններով։



- Ես բեմադրությունները չեմ տեսել, «Տոսկայի» դեպքում լավ է, որ վերջապես մեր ռեժիսորն աշխատեց, եւ մեր ուժերով դրվեց, բայց էլի ներկայացումների կարիք կա, որովհետեւ երգիչները պարտադիր պետք է երգեն։ Կան, իհարկե, շատ տաղանդավորներ, որոնք պարտավոր են գնալ հյուրախաղերի՝ միջազգային պրոցեսի մեջ լինելու համար, թե չէ, եթե մնացին տեղում, կժանգոտեն։ Շատ դժվար բան է կենդանի օպերային թատրոն պահելը։



-Արդեն գիտեք, որ դարձյալ տնօրենի մրցույթ պետք է անցկացվի...



- Կներեք, բայց դա կապիկություն է, եւ ավելի լավ է նման հիմարությունները մոռանան։ Հո նախագահ չե՞ն ընտրում, գոյություն ունի կառավարման կոմիտե, նախարարություն, որը կարող է հանդիպում ունենալ ցանկացած մեկի հետ, լսել նրա հայեցակարգը եւ միանգամից նշանակել։ Ի՞նչ է նշանակում մրցույթ, թե չէ մեզ մոտ ամեն ինչն այնքան արդար է, մնաց օպերային թատրոնի տնօրենի ընտրությունը, որը, նորից եմ ասում՝ կապիկություն է։ Երբեք չի եղել մրցույթ, դա հատուկ հորինեցին, որպեսզի մրցույթի միջոցով իրենց ուզածն անեն։



- Հիմա կրկին Ձեր անունն է շրջանառվում տնօրենի պաշտոնի համար, ավելին՝ զրուցակիցներիցս մեկն ասաց, որ ազգովի պետք է ընկնենք Բարսեղ Թումանյանի ոտքերը, որ նա վերադառնա․ նորից կմասնակցե՞ք այդ մրցույթին։



- Երբեք, ինձ դա պետք չէ, հավատացեք, ես հաճույքով կուզենամ, որ Օրբելյանն աշխատի, իսկ ես իմ գործն անեմ։ Ես բեմի վարպետ եմ, ու դա շատ ավելի կարեւոր գործ է, քան տրվեմ այդ տեխնիկական աշխատանքներին։ Պարզ ասեմ՝ չէի ցանկանա, անշնորհակալ գործ է։



- Իսկ գուցե մի փոքր հիասթափված եք ու նաեւ վիրավորված, հաշվի առնելով, որ 3 տարի առաջ դիմեցիք տնօրենի պաշտոնի համար, բայց Ձեր ճանապարհը փակեցին։



- Ոչ, չունեմ այդ բանը եւ ուրախ էլ եմ, որ այդպես եղավ, միգուցե մի բանի կհասնեի։ Խնդիրը դա չէ, բայց ավելի լավ է այս անգամ մի քիչ էգոիստ գտնվեմ ու երգեմ։ Էլի օգուտ եմ տալիս, ի՞նչ տարբերություն։ Լավ բեմադրություն կլինի՝ կգամ կերգեմ։ 20 տարի է՝ ես Արշակ չեմ երգել, բայց ոչ մեկի մտքով չանցավ, չէին հրավիրում․ դա էլ ուրիշ խնդիր է։ Իսկ օպերային թատրոնի տնօրեն լինել-չլինելով բոլորովին չի որոշվում իմ որակը։



- Ամեն դեպքում, ինչպիսի՞ մարդ եք պատկերացնում այդ պաշտոնին, պարբերաբար նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի անունն է շրջանառվում։



- Ավելի լավ է այս մասին չխոսենք, թող ինքը հանգիստ ապրի։ Նա ի՞նչ կապ ունի օպերայի հետ եւ, առհասարակ՝ մշակույթի հետ, կարող է կազմակերպչական ջիղ ուներ, բայց դա շատ քիչ է։ Կարծում եմ՝ ամենաճիշտ որոշումն այն կլինի, որ հենց Օրբելյանն էլ մնա։



- Մինչեւ Օրբելյանը, նախին ղեկավարության կողմից առաջարկներ չունեիք թատրոնում հանդես գալու, երգելու։



- Բոլորովին, ոչ մի առաջարկ, եւ նրանք ունեին մի պատասխան՝ Բարսեղ Թումանյանը շատ թանկ է եւ վերջ։ Չկար այդ վերաբերմունքը, ուղղակի չէին ուզում։ Ժամանակին կային դերեր, որ ինձ մոտ շատ լավ էին ստացվում, իմն էին, ու չէր կարելի ինձ չհրավիրել։ Օրինակ՝ Վահրամ Փափազյանին չէր կարելի արգելել Օթելլո խաղալ իր հայրենիքում, նույնը նաեւ ինձ չէր կարելի արգելել Արշակ 2-րդ երգել։ Մինչ այսօր դա չեղավ, բայց այդպես ստացվեց, ու չեմ ցավում։



Ես կուզենամ, որ մի գեղեցիկ օր հայն արթնանա ու մի մտքի գա, որ բոլոր մեղքերն ու պատճառաբանություններն իր մեջ են, այդ օրը կլինի հայ ազգի ծննդյան օրը։ Մինչդեռ հայը ծնվում է ու սկսում է մեղավորներ ման գալ, պատճառներ եւ չի տեսնում, որ ամեն ինչ իրենից է գալիս, եւ այսօրվա սխալների համար էլ մենք ենք մեղավոր։ Եթե իր թերությունները հաղթահարելով գնա առաջ, եւ ինքը հաջողակ կլինի, եւ ազգը։ Դրանից հետո ի հայտ կգային եւ մասնագետները, եւ թերությունները, եւ գնահատականները։ Մի մեծ ցանկություն կա, որ ինքներս մեզ ճանաչենք ու բացահայտենք։ Հատուկ գաղափարներ մեզ պետք չեն, միայն չստենք ինքներս մեզ եւ հայրենասիրություն կամ մշակութասիրություն չխաղանք։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ