Հայ ժամանակակից բանաստեղծների գործերը թարգմանվել են գերմաներեն

Հայ ժամանակակից բանաստեղծների գործերը թարգմանվել են գերմաներեն

Գերմաներեն լույս է տեսել հայ ժամանակակից բանաստեղծների ժողովածուն՝ «Հայաստանի սիրտը. բանաստեղծություններ եւ ուրիշ ոչինչ»։ Գրքում ներկայացված են 25 բանաստեղծների գործեր, որոնց մեջ՝ Հենրիկ Էդոյան, Էդվարդ Միլիտոնյան, Արեւշատ Ավագյան, Նարեկ Կիրակոսյան, Անուշ Ասլիբեկյան, Էդվարդ Հարենց, Արտեմ Հարությունյան, Անի Տեր-Գուլանյան, Լիլիթ Սարգսյան, Արմենուհի Սիսյան։



Գրքի թարգմանիչն ու խմբագիրը բանաստեղծ, արձակագիր, ՀԳՄ անդամ Ագապի Մկրտչյանն է, ով 30 տարուց ավելի ապրում է Գերմանիայում եւ դասավանդում է գերմաներեն։ Ագապի Մկրտչյանը բանաստեղծությունների թարգմանությունն արել է Հելմուտ Մարոնեկի հետ միասին, ասում է՝ անկախ լեզվին տիրապետելու ունակություններից, շատ է կարեւորում թարգմանչական աշխատանքների ժամանակ կողքին ունենալ նաեւ մայրենի լեզվի կրողին։



Ինչ խոսք, հնարավոր չէր ամբողջ հայ ժամանակակից պոեզիան ներառել մի գրքում, գերմանացի հրատարակիչը ցանկացել է, որ գրքում զետեղվեն ոչ միայն ավագ սերնդի, այլեւ երիտասարդ բանաստեղծների գործերը. «Իր համար կարեւոր էր նաեւ, որ գրքում ներկայացվեն ոչ միայն կայացած բանաստեղծների եւ ՀԳՄ անդամների, այլ նաեւ այդ շրջանակից դուրս նոր-նոր ստեղծագործողների գործեր»։ Հայ ժամանակակից բանաստեղծների ժողովածուն ներկայացրել ու ներկայացնելու են մի քանի գրքի տոնավաճառների, ինչպես նաեւ տարբեր քաղաքների գրական տներում, հնարավոր է՝ նաեւ Ֆրանսիայում, Բարսելոնայում, Լեհաստանում։



Ագապի Մկրտչյանը թարգմանչական իր կարիերան սկսել է Վիսբադենում՝ 3 տարի առաջ, երբ առաջարկեցին թարգմանել Պարույր Սեւակի բանաստեղծությունները։
Թե հայ ժամանակակից գրականությունը որքանով է պահանջված գերմանացի հրատարակիչների եւ ընթերցողների կողմից, Ագապին ասում է, որ եթե հարցն այդպես դնենք, ապա պատասխանից շատ կվհատվենք։ «Ես կուզենայի հարցն այլ կերպ դնել, մենք պետք է փորձենք մտնել այնտեղի գրական դաշտ, պետք է մեր մշակույթը Գերմանիայում ներկայացնենք՝ ինչքան կարող ենք։ Գերմանացին, ի տարբերություն այլ ժողովուրդների, ունի լսելու բարձր ճաշակ, երբ մենք կազմակերպում ենք լսումներ, գերմանացի ունկնդիրը շատ մեծ ուշադրությամբ լսում է մեր բանաստեղծների գործերը, սկսում է սիրել, նույնիսկ Սեւակի բանաստեղծությունների ժողովածուի ընթերցումների ժամանակ գերմանացի ընթերցողը կարդաց նրա «Քիչ ենք, բայց հայ ենք» բանաստեղծությունն ու չկարողացավ ավարտել այն, որովհետեւ այնքան էր խորացել բանաստեղծության մեջ, որ սկսեց արտասվել»,- ասում է նա ու ընդգծում, որ ինչքան լսումներ արել են, նկատել են, որ գերմանացի ընթերցողները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում հայ ժամանակակից գրականության հանդեպ։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ