Տեղի կունենա կինոարտադրողների համահայկական եռօրյա ֆորում

Տեղի կունենա կինոարտադրողների համահայկական եռօրյա ֆորում

Առաջին անգամ՝ դեկտեմբերի 13-15-ը, կանցկացվի Կինոարտադրողների համահայկական ֆորում, որի նպատակը հայկական կինոարտադրանքն ու կինոժառանգությունը միջազգայնացնելն է, մասնագիտական փորձառությունն ու կրթությունը խթանելը: Ֆորումը կմեկնարկի Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» վերականգնված ֆիլմի դիտումով։ Ֆորումին մասնակցելու համար արտերկրից Հայաստան են ժամանել անվանի կինոգործիչներ, որոնք կհանդիպեն Հայաստանում կինոոլորտի պատասխանատուների, կինոգործիչների հետ եւ կմասնակցեն տարածաշրջանում ֆիլմարտադրության խնդիրների քննարկումներին: Ֆորումի շրջանակներում նախատեսված են մի շարք քննարկումներ, մասնավորապես՝ ֆիլմարտադրության ռեսուրսները Հայաստանում, համատեղ ֆիլմարտադրություն, կինոկրթություն, դիստրիբուցիա, վաճառք եւ ցուցադրում։ 

Ֆորումի մեկ օրը նվիրվելու է կինոնախագծերի եւ գրական ստեղծագործությունների ներկայացման երկու հարթակին (pitching), որին կհրավիրվեն պրոդյուսերներ, տարբեր մշակութային ֆոնդերի, բանկերի, հեռուստաընկերությունների, կապի օպերատորների եւ այլ կառույցների շահագրգիռ ներկայացուցիչներ: Մասնակցության հնարավորություն կունենան նախապես գրանցված, 2019թ. պետական ֆինանսավորում ստացած, զարգացման կամ արտադրական փուլում գտնվող լիամետրաժ կինոնախագծերը:

«Ժամանակակից հայ գրականությունը՝ էկրանին» հարթակն ուղղված է լինելու ժամանակակից հայ գրական ստեղծագործությունների էկրանավորման խթանմանն ու կազմակերպմանը, որի նպատակն արդի հայ գրականությունը հանրահռչակելն է՝ կինոյի լեզվով ներկայացնելու համար, եւ միջոլորտային գրականություն-կինոարտադրություն կապերի զարգացման խթանումը: Այս հարթակին կարող են մասնակցել արդեն տպագրված ժամանակակից հայալեզու գրական ստեղծագործությունները, որոնք, անցնելով նախնական ընտրական փուլը, հատուկ հանձնաժողովի կողմից ճանաչվել են դրամատուրգիական կառուցվածքի առումով առավել համապատասխան՝ էկրանավորման եւ կինոլեզվով պատմելու համար: