Ռուս-ուկրաինական հակամարտության կողմերն ինչո՞ւ պատերազմ չեն հայտարարում

Ռուս-ուկրաինական հակամարտության կողմերն ինչո՞ւ պատերազմ չեն հայտարարում

Ռուս-ուկրաինական հակամարտության թեմայով զրուցել ենք ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանի հետ։

- Շատ կարեւոր է ընդգծել, որ, այո՝ ռուս-ուկրաինական լայնամասշտաբ պատերազմը սկսվել էր այս տարվա փետրվարի 24-ին, սակայն ինքը՝ բուն պատերազմը, այսինքն՝ ռազմական գործողությունները՝ այս կամ այն ձեւաչափով, տեղի են ունենում 2014 թվականից։ Եկեք չմոռանանք, որ Դոնեցկի եւ Լուգանսկի ուղղությամբ 8 տարի անընդմեջ ակտիվ ռազմական գործողություններ են իրականացվում։ Եվ այստեղ ասել, որ պատերազմը սկսվել է երկու ամիս առաջ, չեմ ասի, որ սխալ է, բայց իրականությանը չի համապատասխանում ծայրից ծայր։ Դրա հետ մեկտեղ, շատ պարադոքսալ իրավիճակ է ստացվում․ Ռուսաստանն ինչպես ուզում է, կարող է անվանել՝ կլինի հատուկ գործողություններ, թե պատերազմ, եւ, ըստ էության, այստեղ ամեն ինչ ավելի թափանցիկ է։ Բացատրեմ թե ինչու ոչ պատերազմ, այլ՝ հատուկ գործողություններ, որովհետեւ, այնուամենայնիվ, մի իրավիճակ է, որ Ռուսաստանն Ուկրաինայի հետ այս պայմաններում նույնիսկ ունի տնտեսական հարաբերություններ։ Նվազագույնը՝ գազի տրանզիտն ուկրաինական գազատարներով, Եվրոպային գազի մատակարարում։ Չէ, շատ տարօրինակ կլինի, եթե հանկարծ գազի մատակարարումը, եթե դու հայտարարում ես պատերազմ մի պետության ու իր տարածքով ինչ-որ առեւտրատնտեսական գործունեություն ես ծավալում։ Դա պատճառներից մեկն է, որովհետեւ պատերազմը միջազգային իրավագիտական եզրույթներում ենթադրում է ուրիշ կարգավիճակ՝ թե՛ պետության ներսում, թե՛ դրսում։

- Երկրորդ համաշխարհայինից հետո երբեւիցե չի հայտարարվել պատերազմ։

- Պատերազմ հայտարարելն իրավական գործընթաց է, որը ենթադրում է իրավական գործողությունների տրամաբանություն պատերազմ հայտարարած պետության մեջ եւ այն պետության մեջ, ում պատերազմ են հայտարարել։ Ինքն այսօր դե յուրե ձեռնտու չէ առաջին հերթին հիմնական խաղացողներին՝ Արեւմուտքին, Ուկրաինային, որը փոքրիկ գումարներ է ստանում գազի տրանզիտից, եւ Ռուսաստանին, որը մեծ ծավալների գազ է վաճառում։
Շատ ավելի հետաքրքիր է, թե  Ուկրաինան ինչու չի հայտարարում պատերազմ կամ չի ասում, որ ինքը պատերազմի մեջ է պաշտոնական փաստաթղթերով։ Ուկրաինան իր նախագահի շուրթերով ասում է, որ՝ այո, պատերազմ է, բայց ոչ մի իրավական գործընթաց չի սկսում՝ չի հայտարարում պատերազմ, ասենք, թեկուզ պաշտպանողական բնույթի։ Գիտեք ինչի՞ համար, որովհետեւ այս իրավիճակում Ուկրաինան ամենօրյա ռեժիմով, շատ պարտաճանաչ իրականացնում է ռուսական գազի տրանզիտն իր տարածքով եւ ստանում է տրանզիտից գոյացող վճար։ Սա աբսուրդային իրավիճակ է։ Համեմատության համար բերեմ մի օրինակ 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանը Թուքմենստանի հետ առեւտրատնտեսական հարաբերություններ ունենար եւ իր ապրանքները տեղափոխեր Ադրբեջանի տարածքով։ Այստեղ պետք է հասկանալ, որ պատերազմ կոչեցյալն առաջին հերթին իրավական որոշակի գործընթացների մեկնարկ է, եւ այդ գործընթացների մեկնարկը, այո, ո՛չ Ռուսաստանին եւ ո՛չ էլ Ուկրաինային այս պարագայում ձեռնտու չէ։ Դրա համար հիմնականում խոսակցությունները վերբալ բնույթի են։ Այսինքն, քաղաքագիտական առումով առայժմ այդ երկու երկրներին ձեռնտու չեն իրավական առումով անվանել այս գործողությունները պատերազմ։ Սակայն անվանես, թե չանվանես՝ սա  պատերազմ է։ Եվ պետք է ընդգծել շատ կարեւոր մի բան, որ այսօր Ռուսաստանի դեմ մարտնչում է ոչ թե Ուկրաինան եւ ոչ միայն Ուկրաինան, այլ՝ հավաքական Արեւմուտքը, որն ուղղակի երկու ամսվա ընթացքում Ուկրաինային ողողեց զենքով, փողով, վարձկաններով, զինտեխնիկայով, զինամթերքով։

- Իսկ ինչպիսի՞ն է գործողությունների դինամիկան։

- Ռազմական գործողությունների դինամիկան ուսումնասիրելով, կնկատենք, որ ակնհայտ է՝ բլից-կրիգը ռուսների մոտ չստացվեց շատ պարզ պատճառով՝ ներպետական, Ուկրաինան ինքը մոնոլիտ երկիր չէ։ Ուկրաինայի հյուսիսը, հարավը, արեւմուտքն ու արեւելքը ոնց որ տարբեր պետություններ լինեն՝ մարդկանց մենթալիտետի առումով։ Եթե Դոնեցկում եւ Լուգանսկում, մասնակի՝ նաեւ Մարիուպոլում, մարդկանց դիմավորում էին ծաղիկներով, քանի որ հիմնական մասն էթնիկ ռուսներ էին, որոնք ենթարկվում էին բավականին լուրջ բարոյահոգեբանական կտտանքների եւ ոչ միայն, ապա, օրինակ, Կենտրոնական Ուկրաինայում եւ Արեւելյան Ուկրաինայում պատկերը լրիվ հակառակն է։ Այստեղ էլի պարադոքսալ իրավիճակ է, փաստացի ուկրաինացիները եւ ռուսները հազարամյակներ էթնո, էթնիկ եւ բարոյահոգեբանական, պատմական նույն կաթսայի մեջ են եփվել։ Եվ այստեղ ավելի շատ քաղաքացիական պատերազմ է հենց Ուկրաինայի տարածքում։ Նույնիսկ, երբ մենք տեսնում ենք ուկրաինական կողմի բազմաթիվ տեսագրություններ, նույնիսկ ֆանտաստիկ ռուսոֆոբիա մակարդակում, միեւնույն է՝ մարդիկ խոսում են ռուսերեն։ Ուկրաիներեն շատ դժվարությամբ են խոսում։ Սա շատ խորքային խնդիր է, եւ պետք է պարզապես հասկանալ, որ այս պատերազմը տեւելու է շատ երկար, էլ չեմ ասում, որ հետեւանքները լինելու են տասնամյակներով, փաստացի՝ սերունդներով։ Ենթադրենք, պայմանական ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, որ ռազմական գործողությունները դադարեցվում են, դա, ըստ էության, ոչ մի ազդեցություն չի ունենա գործողությունների տրամաբանության վրա։ Հնարավոր է, որ ռազմական գործողությունների ուժգնությունը ժամանակավոր իջնի, բայց այս պատերազմը երկար է տեւելու։

- Ըստ Ձեզ՝ ո՞ր կողմը կտուժի կամ կշահի, եթե, ի վերջո, հայտարարվի պատերազմ։

- Պատերազմ հայտարարելը ենթադրում է պետությունների մեջ որոշակի գործողությունների մեկնարկ։ Եթե Ուկրաինան փաստացի շարժ տա՝ չհայտարարելով պատերազմ, սակայն իր տարածքում տեղային ինքնակառավարման մարմինների մակարդակով եւ  ուկրաինական Ռադայի մակարդակով օրինագծեր ու գործողություններ անի, որոնք համապատասխանում են պատերազմին՝ խոսքը գնում է մոբիլիզացիայի, ինքնապաշտպանական ջոկատների ձեւավորման, ԶԼՄ-ների գործունեության սահմանափակման մասին, տարբեր տարածքներում մասնակի ռազմական գործողություններ մտցնելու, ապա Ռուսաստանում դա չենք տեսնում այդ մասշտաբով։ Այո, կան սահմանափակումներ, սակայն դրանք չեն համապատասխանում ռազմական դրության սահմանափակումների տրամաբանությանը։ Ես համարում եմ, որ երկու կողմին էլ այս պարագայում ձեռնտու չէ, որ առայժմ դե յուրե պատերազմական իրավիճակ հայտարարվի, եւ  ամենազավեշտալին այն է, որ եվրոպացիներին էլ ձեռնտու չէ, որ, օրինակ, Ուկրաինան պատերազմ հայտարարի Ռուսաստանին, որովհետեւ այդ դեպքում երաշխավորված կկտրվի գազի մատակարարումը դեպի Եվրոպա։ Որքան էլ եվրոպացիները պատռեն իրենց վերնաշապիկները՝ գոռալով, որ իրենք հրաժարվում են ռուսական գազից եւ նավթից, մոտակա տարիների ընթացքում դա անիրականանալի է։ Իսկ գազը ոչ միայն բնակիչների ջեռուցում է, այլեւ 80 տոկոս մատակարարվող գազի՝ եվրոպական արդյունաբերության գործունեության գրավականն է։ Եվ ոչ մի խտացված գազ չի կարող փոխարինել ուղղակի մատակարարումները։ Եվրոպան հասկանում է, որ եթե հանկարծ գազի եւ նավթի սահմանափակումներ լինեն, կամ լրիվ կտրվի Ռուսաստանից դեպի Եվրոպա, եվրոպական տնտեսությունը պայթելու է։

- Եվրոպան կդիմի այս դեպքում Իրանին կամ Ադրբեջանին։

-  Իրանն այս պարագայում, այո, շատ ակտիվ բանակցություններ է վարում ամերիկացիների հետ՝ պատժամիջոցների տակից դուրս գալու համար, բայց Իրանն ավելի շատ իր շահերից բխելով հասկանում է, որ եթե եվրոպական գազային շուկայում փորձի փոխարինել Ռուսաստանին, ապա առաջինը՝ դա ժամանակ է, տարիներ, որ համապատասխան ենթակառուցվածքներ լինեն։ Եվ երկրորդը՝ Իրանը շատ լավ հասկանում է, որ իր գոյաբանական պայքարը պայմանական Արեւմուտքի հետ ավարտված չէ, եւ եթե Ռուսաստանում իրավիճակը վատանա, պարտվի, ապա հաջորդն Իրանն է։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա սրա գազի ծավալները 5-10 տոկոսը չեն ծածկում, նույնը՝ թուրքմենական գազը, այն գազատարները, որոնք այսօր գնում են Եվրոպա, շատ-շատ չնչին քանակ են։ Չնայած, այո, Ադրբեջանը վարում է բավականին ագրեսիվ հակառուսական քաղաքականություն ուկրաինական քեյսի եւ գազի մատակարարման հարցում։