Հին հունական առասպելական թեւավոր նժույգը եւ Նիկոլը

Հին հունական առասպելական թեւավոր նժույգը եւ Նիկոլը

«Հրապարակի» նախորդ հոդվածներից մեկում ներկայացրել էի նիկոլական «ուսապարկերի» միջոցով Նիկոլին պաշտոնից հեռացնելու տարբերակը, ինչը, համաձայն եմ, թվում է անհնարին, սակայն ֆանտաստիկայի ոլորտից չէ: Այսօր ուզում եմ խոսել մեկ այլ տարբերակի մասին, որ գրելու ընթացքում դեռեւս թվում է ֆանտաստիկայի ոլորտից, սակայն փողոցային շարժման հզորացմանը զուգընթաց կարող է վերածվել իրականության: Խոսքն իրավապահների միջոցով ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին քրեական պատասխանատվության ենթարկելու հնարավորության մասին է: Այո, հենց քրեական պատասխանատվության, եւ դրա համար հիմք կարող է ծառայել ս. թ. մայիսի 5-ին YouTube-ում հայտնված «Նիկոլ Փաշինյանը հաստատում է Նաիրի Հոխիկյանի բոլոր պատմածները» խորագրով եւ շուրջ 8 րոպեանոց տեսահոլովակը։

Տվյալ հաղորդման մեջ օգտագործվել են համացանցից վերցված՝ լրագրող եւ մեդիա փորձագետ Հոխիկյանի եւ վարչապետ Փաշինյանի մի շարք ասույթներ եւ դրվել կողք-կողքի: Նույնիսկ իրավաբան չլինելով՝ կարող եմ առանց կասկածի նշույլի ենթադրել, որ իրական ժողովրդավարական երկրում դա բավարար կլիներ, որպեսզի դատախազությունը քննչական որեւէ մարմնի հանձնարարեր համապատասխան նյութեր նախապատրաստել եւ քրեական գործ հարուցել: Ի դեպ, դա, առանց սպասելու դատախազության հանձնարարությանը, կարող էր ինքնուրույն իրականացնել տվյալ երկրի Ազգային անվտանգության ծառայությունը, եւ անվտանգության ծառայությանն այդ հարցում մեծապես կնպաստեր Փաշինյանի ինքնախոստովանությունը, որ ինքը կատարել է ընտրություն, պարտվել դրանում եւ, ըստ այդմ, կրում է ողջ պատասխանատվությունը: Եվ ինքը «կկանգնի ժողովրդի դատաստ… դատի առաջ եւ անմռունչ կընդունի ժողովրդի կատարած դատավճիռը»: Սակայն քանի որ մենք ապրում ենք ոչ թե քարի դարում, այլ 21-րդ դարում, ապա դատուդատաստանը պետք է կատարի ոչ թե ժողովուրդը, այլ համապատասխան պետական կառույցները: Որոնք հենց ստեղծված են այդ նպատակի համար:  

Բայց քանի որ մենք ապրում ենք ոչ թե իրական ժողովրդավարական, այլ «ժողովրդավարության բաստիոն» կամ էլ «ժողովրդավարության փայլուն աստղ» հորջորջված երկրում, ապա նման բան երեւակայելը խելքից դուրս բան կլիներ: Եվ այսօր, ի հաստատումն ասվածի, հայաստանյան ԱԱԾ-ն դեռեւս շարունակում է ծառայել ոչ թե Հայաստանի Հանրապետությանը, այլ անգրագետ ու հայրենիքի զգացողությունից զուրկ հայաստանյան ընտրողներին մանիպուլացնելու միջոցով եւ ոստիկանության անհարկի միջամտությունների շնորհիվ վարչապետ վերընտրված անձին: Եվ նրա հանձնարարությամբ լրտեսում է ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչներին՝ նրանց հեռախոսներում «SMS» (կարճ) հաղորդագրությունների միջոցով ներբեռնելով հեռախոսային գաղտնալսումների իսրայելական «Pegasus» («Պեգասուս») ծրագիրը: Դրա միջոցով հեռախոսը վերածվում է տեսագրող, ձայնագրող եւ ինֆորմացիա փոխանցող սարքի: Յուրաքանչյուր ներբեռնման համար իսրայելական ընկերությանը պետբյուջեից վճարվել է 10-12 հազարական դոլար, եւ քանի որ ծրագիրը ներբեռնվել է ավելի քան 80 հեռախոսում, ապա դրա «շնորհիվ» պետությանն արդեն հասցվել է ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլարի վնաս: Եվ, որքան հասկանում եմ, վնասը միտում ունի ավելանալու:

Հակաժողովրդավարական նման երեւույթի առկայության պայմաններում ի՞նչ հույսով ես գրում YouTube-յան հաղորդման մասին՝ կհարցնի ընթերցողը: Պատասխանեմ՝ այո, իրավապահ համակարգից եւ հատկապես ԱԱԾ-ից Փաշինյան Նիկոլի նկատմամբ քրեական գործ հարուցել պահանջելն աներեւակայելի, խելքից դուրս բան կլիներ սովորական պայմաններում: Բայց արդեն բավական ժամանակ է, ինչ մեր երկրում տեղի են ունենում զարգացումներ, որոնք կարող են գլխիվայր շրջել ամեն ինչ: Ավելի ճիշտ՝ գլխիվայր շրջված ամեն ինչ վերադարձնել իր բնական դիրքին: Այդ դեպքում անվտանգության ծառայության կողմից սեփական նախաձեռնությամբ քրեական գործ հարուցելն էլ կլինի խիստ բնական: Իսկ տեսահոլովակը բավարար հիմք է, որպեսզի նյութեր նախապատրաստվեն, որոնց կգումարվեն հանցագործության մասին բազմաթիվ այլ հաղորդումներ, որ կուտակվել են, օրինակ, դատախազությունում: Հա, չմոռանամ հուշել, որ տվյալ քրեական գործի շրջանակում Երեւան պետք է կանչվի եւ որպես վկա հարցաքննվի Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը՝ որպես խիստ կարեւոր տեղեկատվությանը տիրապետող անձ: