Սառը ցնցուղ Մարգարիտայից

Սառը ցնցուղ Մարգարիտայից

Ուշադրությամբ կարդացի Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումն՝ ուղղված ՀՀ իշխանություններին։ Գրառումը մեծ աղմուկ է բարձրացրել սոցցանցում: Հայերը մի քիչ նեղված են, բողոքում են Սիմոնյանի վերամբարձ տոնից, բարկանում, որ, լինելով ազգի զավակ, այդքան կոպիտ է արտահայտվել ՀՀ իշխանությունների հասցեին: Նույնը կասեի նաև ես, եթե Սիմոնյանի գրառման մեջ չլինեին հետևյալ տողերը. «Ես դիմում եմ Հայաստանի իշխանություններին։ Հենց իշխանությանը, այլ ոչ թե ժողովրդին, որի մասն եմ ես։ Ես դիմում եմ միայն այն պատճառով, որ ձեր առցանց զորքերը գրոհել են իմ սոցիալական ցանցը՝ պահանջելով (կոպիտ և ագրեսիվ ձևով) արտահայտել դիրքորոշումս» (ընդգծումները մերն են, Էդ.Ա.): Թե ինչպես են գրոհում ՀՀ իշխանությունների «առցանց զորքերը», բոլորս գիտենք ու ինչ անուն ասես, որ չենք տվել այդ խուռներամ անդեմ ու անանուն ամբոխին, որ բուծվել է ՀՀ կառավարության խորդանոցում՝ ֆեյք ինդուստրիա հիշեցնող խմբակներով: Այս հարցում Մարգարիտա Սիմոնյանին չհավատալու ոչ մի պատճառ չունենք: Իսկ այն, որ մինչև մեր կառավարական ֆեյք-ակտիվիստների գրոհը նա որևէ կերպ չէր արձագանքել հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում ծավալված դեպքերին, կարելի է բացատրել նրա ղեկավարած հեռուստաալիքի պրոկրեմլյան դիրքորոշումով և, ինչու ոչ, նաև ՌԴ նախագահի հետ ունեցած անձնական ծանոթությամբ:

Այդ մակարդակում հաճախ դժվար է այնպիսի հայտարարություն անել, որը չի համապատասխանում տվյալ պետության արտաքին քաղաքականությանը: Իսկ հիմա պատկերացնենք, որ Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիրը ազգությամբ ռուս է, ուկրաինացի կամ թաթար: Բնականաբար, մեր ֆեյք-ինդուստրիան որևէ «հարձակում» չէր կազմակերպի նրա վրա, ինչպես որ չի կազմակերպել ռուսական այլ հեռուստաալիքների ղեկավարների վրա: Հետևաբար խնդիրն այս պահին Սիմոնյանի հայ լինելն է: Եվ այդ հանգամանքն էլ պատճառ է դարձել, որ նրանից «պահանջեն» հակաադրբեջանական դիրքորոշում հայտնել: Դե նա էլ հայտնել է իր դիրքորոշումը, որն, ի դեպ, այնքան էլ չի տարբերվում ռուսաստանահայերի մեծամասնության դիրքորոշումից: Եվ ինչո՞ւ միայն ռուսաստանահայերի: Փաշինյանն իշխանության գալուց հետո դրժել է իր բոլոր խոստումները, այդ թվում նաև արտաքին քաղաքականության հետ կապված: Սա Հայաստանում ոչ մեկի համար գաղտնիք չէ, և միանգամայն անհասկանալի է, թե ինչու են հայաստանյան առանձին շրջանակներ սրերով ընդունում ճշմարտությունը, երբ դա ասվում է դրսից, ոչ պաշտոնական ձևով, ընդամենը սոցիալական կայքում արված գրառման տեսքով և այն էլ մարդուն «դավադիտ» անելուց հետո:

Բայց նախ՝ Մարգարիտա Սիմոնյանի թույլ տված մի անճշտության մասին, որ վերաբերում է Հայաստանի կողմից Ղրիմը չճանաչելուն: Նա պարտավոր էր իմանալ, որ Հայաստանն այն երկրներից մեկն է, որ 2014 վականի մարտին ՄԱԿ-ում իր ձայնը տվել է Ռուսաստանի օգտին՝ դեմ քվեարկելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ճանաչող բանաձևին: Այնուհետև, մինչև 2019թ. դեկտեմբեր Հայաստանը ՄԱԿ-ում քանիցս նույն կերպ է քվեարկել Ղրիմի հարցով հակառուսական տարբեր բանաձևերի՝ համարելով, որ Ղրիմում տեղի ունեցած համաժողովրդական հանրաքվեի արդյունքները պետք է որոշիչ լինեն թերակղզու հետագա ճակատագրի հարցում: Փոխարենը Ադրբեջանը միշտ կողմ է քվեարկել Ղրիմի հարցով ՄԱԿ-ի հակառուսական բանաձևերին:

Իր մնացած ընդգծումներում Մարգարիտա Սիմոնյանը բավականին լուրջ փաստարկներ է բերում՝ նշելով, որ այդքան բանից հետո ՀՀ իշխանությունները նույնիսկ «երես» չպետք է ունենային Ռուսաստանին դիմելու և օգնություն խնդրելու համար: Նա, որպես ՀՀ իշխանությունների կողմից կատարված հակառուսական քայլեր, հիշատակել է Ռոբերտ Քոչարյանի՝ վրեժխնդրությունից դրդված ձերբակալությունը, երկիրը հակառուսական կազմակերպություններով լցնելը, Հայաստանը Կովկասում հակառուսական ուժերի հենակետ դարձնելը, հայաստանյան լրատվամիջոցներով Ռուսաստանին և Պուտինին վատաբանելը, ժողովրդին ռուսամետների և «ներկաների» բաժանելը, ռուսական կապիտալով աշխատող ձեռնարկությունների դեմ հալածանքները և այլն: Սիմոնյանն ՀՀ իշխանություններին ուղղված իր գրառումն ավարտում է հետևյալ խոսքերով. «Դուք հայ մեծ ժողովրդի շահերը դավաճանած մի բուռ աղմկարար քաղաքական գործիչներ եք, որ այդ քայլին եք գնացել հանուն իշխանության և անձնական մանր վրեժխնդրության: Գիշերները Նարեկացի կարդացեք: Հնարավոր է ձեր մեջ արթնանա հայկական հանրահայտ խղճմտանքն ու բարությունը գնահատելու կարողությունը: Եթե Նարեկացի չունեք, կարող եմ փոխանցել, իմ դարակում դրված է: Իսկ ինչ վերաբերում է պատերազմին, ապա երկու կողմերին կարող եմ ասել միայն մեկ բան՝ կանգ առեք: Պատերազմից ավելի վատ բան չկա: Դա ես իմ մաշկի վրա եմ զգացել: Ուղղակի կանգ առեք, քանի դեռ ուշ չէ»: Անձամբ ես Մարգարիտա Սիմոնյանի գրառման այս հատվածի հետ լիովին համաձայն եմ և չեմ կարծում, որ ասվածը պետք է պատճառ դառնա նրա վրա հերթական «խաչակրաց» արշավանք կազմակերպելու համար:

Պետք չէ մոռանալ նաև, որ ի դեմս  Russia Today հեռուստաալիքի մենք գործ ունենք օտար պետության լրատվամիջոցի հետ, որի ղեկավարին ուղղակի չենք կարող պարտադրել այս ու այս բաներն ասել: Մյուս կողմից էլ այս ամենը և մի բան էլ ավելի ու ավելի խիստ ՀՀ իշխանություններին ամեն օր ասում ենք նաև մենք՝ հայաստանցիներս, բայց ի՞նչ անել, երբ ասվածը դեմ է առնում իշխանության անհասկացողության պատին ու վերադառնում մեզ: Նույնիսկ մտածում եմ, որ Մարգարիտա Սիմոնյանի գրառումը կարող է սառը ցնցուղ դառնալ մեր իշխանությունների գլխին և ստիպի նրանց՝ մտածել հակառուսական հաջորդ քայլն անելուց առաջ: