Մենք պետության կողքին ենք, իսկ նա՞

Մենք պետության կողքին ենք, իսկ նա՞

Հունիսի 25-ին ԱԺ-ն ընդունել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ» կատարելու մասին օրենքի նախագիծը, որով 2021-ի հունվարից նախատեսվում է գույքահարկի ավելացում։ Սույն նախագծով առաջարկվում է սահմանել գույքի հարկով հարկման բազայի նոր սանդղակներ, իսկ որոշ գույքային միավորների համար՝ նաեւ նոր դրույքաչափեր, վերացնել բնակարանների եւ բնակելի տների մասով սահմանված չհարկվող շեմերը․ բնակարանների՝ մինչեւ 10 մլն դրամ, բնակելի տների՝ մինչեւ 7 մլն դրամ գնահատված արժեք ունեցող գույքային միավորների համար սահմանելով 0.05 տոկոս հարկման դրույքաչափ:

Գույքահարկի մասին օրենքի լրացված նախագիծը մեծ բեռ է դառնալու հատկապես ստեղծագործական (լրագրողների, կինեմատոգրաֆիստների, թատերական գործիչների, ճարտարապետների, նկարիչների, կոմպոզիտորների) միությունների համար, որոնք հազիվ են ծայրը ծայրին հասցնում։ Նախօրեին Նկարիչների միությունում ստեղծագործական միությունների նախագահները հանդիպել եւ քննարկել են ստեղծված իրավիճակը։

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն ասում է, որ որոշել են նամակով դիմել ՀՀ վարչապետին՝ նշելով եւ խնդրելով հաշվի առնել, որ միությունների շենքերը պատմամշակութային շենքեր են՝ պատմական կենսագրություն պարունակող եւ մեր մշակութային պատմության անբաժանելի մասնիկը․ «Որոշեցինք դիմել, որպեսզի փոփոխության ենթարկվի, ինչ-որ հատուկ կետ մտնի՝ գուցե ոչ միայն մեր շենքերի վերաբերյալ, հնարավոր է կան այսպիսի այլ շենքեր եւս, որոնք կարելի է հաշվի առնել։ 5-10 տարի հետո մենք չենք լինի, այլ նախագահներ կլինեն, եւ պատկերացնում եմ, թե այդ ժամանակ ինչ ծանր վիճակում կհայտնվեն նրանք։ Ու որպեսզի այդ ամեն ինչն այսօր առկախվի, որոշեցինք դիմել վարչապետին, որպեսզի խնդրին ինչ-որ ձեւով լուծում տրվի»։     

Ղազանչյանն ասում է՝ կմեղանչի իր խղճի առաջ, եթե չասի, որ վերջին տարիներին պետությունը, հատկապես քաղաքապետարանը, ինչ-որ չափով իրենց օգնել են, որպեսզի մի փոքր հեշտ տանեն գույքահարկի բեռը․ «Տարիներ եղել է, որ զրոյացվել է ամբողջովին, բայց, ամեն դեպքում, նկատի ունենալով միությունների կարգավիճակն ու կարեւորությունը, մեզ հիմա անհանգստացնում է այս օրենքը, որովհետեւ հսկայական շենքեր են՝ մեծ քառակուսիներով տարածքներ։ Մենք անհանգստացանք, որ ապագայում կարող է այնպիսի իրավիճակի մեջ հայտնվենք, եւ այնպիսի թվեր դառնան գույքահարկի թվերը, որ չկարողանանք տակից դուրս գալ։ Մոտավոր մեր հաշվարկներով՝ մինիմում 3-4 անգամ պետք է ավելանա այն գումարի վրա, որն այս պահին կա։ Եվ դա բավականին ծանր դրության մեջ կդնի մեզ բոլորիս, ավելին՝ կատաստրոֆիկ վիճակի մեջ»։

ՀԹԳՄ նախագահն ընդգծում է, որ եթե նախկինում եւ հիմա տարվա մեջ վճարում էին 1 մլն 250 հազար դրամի չափով գույքահարկ, ապա միություններ կան, որոնց տարածքներն ավելի մեծ են, եւ ըստ այդմ՝ գույքահարկի թիվն էլ ավելի շատ է։ «Իմ հաշվարկներով, կարող է դառնալ 5-6 մլն դրամ, իսկ դա շատ ծանր եւ դժվար բեռ է, եւ չեմ կարծում, որ ինչ-որ կերպ հնարավոր կլինի դրա տակից դուրս գալ, ենթադրենք, 1-2 տարի՝ հա, բայց դրանից հետո չմուծելով այդ գումարը՝ կարող է հավաքվել եւ տույժերով-տուգանքներով հետ գալ։ Արդյունքում մի օր պետությունը, օրենքի համաձայն, կարող է մեզ դատի տալ եւ այլ տիպի սանկցիաներ կիրառել։ Դրա համար մենք կարծում ենք, որ այդ խնդիրը լուծելի խնդիր է եւ պետք է լուծվի»,-ասում է նա ու նկատում, թե չի ուզում հավատալ, որ հարցն այսպես կմնա։

Ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանի կարծիքով, գույքահարկը հավասարաչափ տեղափոխելը միությունների վրա, որոնք առանց այն էլ մեծ դժվարություններ են կրում, սխալ է։ «Մենք ուղղակի չենք հասցնի, որովհետեւ առանց այն էլ այդքան ռեսուրսներ չունենք, եւ, որպես այդպիսին, առանձին ֆինանսական ներդրումներ էլ չկան։ Մեր խնդրանքը միշտ այն է եղել, որ ինչ-որ չափով գույքահարկը նվազեցվի, որպեսզի կարողանանք նաեւ նորմալ աշխատել։ Կա՛մ պետք է մնացած երկրների օրինակով անել՝ ծխախոտից, օղուց ստացված արժեքներից որոշ տոկոսը տեղափոխել միությունների աշխատանքը բարելավելուն, կա՛մ մեցենատների օրենք ստեղծել եւ այդ ինստիտուտը զարգացնել,- ասում է նա ու ընդգծում, որ միությունների համարյա բոլոր շենքերը հուշարձան-շենքեր են, որոնք աչքի լույսի պես պահում են։- Այդ շենքերը պահելու համար չէ՞ որ մենք ծախսեր ենք անում, ուրեմն նաեւ այդ հանգամանքը հաշվի առնելով՝ պետք է գույքահարկի այդ տոկոսներն իջեցնեն մեզ համար, որովհետեւ մենք պահում ենք այս շենքերը»։

Մինասյանը մտահոգված է միությունների հուշարձան-շենքերի ճակատագրով, որոնց վրա տարբեր ժամանակներում աչք են ունեցել տարբեր օղակներից, իսկ գույքահարկի մասին այս օրենքը թույլ կտա, որ կարճ ժամանակում այդ շենքներն օտարվեն միություններից եւ վաճառվեն․ «Արդյունքում կհասնեն մի աբսուրդ թվի, որն ուղղակի չի կարողանա տալ այդ միությունը, ինչքան էլ անդամները մեծ ջանքեր գործադրելով՝ ուզենան ինչ-որ ներդրումներ անել։ Եվ այդ մասով, իհարկե, վախ կա մեզ մոտ, եթե հիշում եք՝ 91-ից սկսած, միությունների այս շենքերը բոլորի աչքը ծակում էին, եւ ուզում էին ինչ-որ ձեւով վերցնել, յուրացնել, բայց դրանք մեր սեփականությունն են եւ ստեղծվել են այդ միության անդամների ջանքերով, նրանց գումարներով»։

Պալատի նախագահն ասում է, որ եթե հիմա իրենք տալիս են 1 մլն 340 հազար դրամ գույքահարկ, ապա մի քանի տարի անց այդ թիվը կտասնապատկվի։ «Եթե 6 տարվա ընթացքում այդ թիվը տասնապատկվի, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ թիվ կկազմի դա, որն ուղղակի հնարավոր չի լինի վճարել։ Այստեղ պետք է երեւա պետության վերաբերմունքն իր արժեքների հանդեպ, չէ որ սրանք արժեքներ են,- ասում է նա ու ընդգծում, որ կփորձեն առանց փողոց դուրս գալու եւ փողոցներ փակելու այս հարցը լուծել, որովհետեւ առանց այն էլ խառը ժամանակներ են։- Մենք պետության կողքին ենք, իսկ նա՞»։ Մինասյանն այնուհետ հավելում է․ «Լաց լինելը եւ ձեռքը երկարելը շատ վատ բան են, բայց պետությունը պետք է իմանա, որ, վերջին հաշվով, պետությունը ներկայացնողն արվեստագետներն են եւ այդ շենքերում արվեստագետներ են հավաքված, եւ եթե դրսում մեկը մի մրցանակ է ստանում եւ Հայաստանը ներկայացնում, այդ բոլորը հիմնականում այդ միությունների ռեսուրսներն են։ Իհարկե, մենք գիտենք, որ շատ դժվար է նաեւ պետության համար, բայց գոնե մշակույթի գործիչների վերաբերյալ մի քիչ ուրիշ մոտեցում պետք է լինի»։