Ստո՞ւմ է. ինչո՞ւ

Ստո՞ւմ է. ինչո՞ւ

Մինչ վարչապետի տիկինը զբաղված է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարվածության վերաբերյալ իր անհանգստությունները ներկայացնելով եւ «մարտերը» դադարեցնելու մասին խաղաղասիրական կոչեր հնչեցնելով, մինչ վարչապետն ինքը «մարտերի» ընթացքում` հուլիսի 12-ի երեկոյան, զբաղված է փոքր աղջկա մասին տեսանյութեր տարածելով, որը նրա պատգամավորներից մեկը հետո պիտի որակեր իբրեւ գերագույն գլխավոր հրամանատարի հանճարեղ քայլ՝ նորարարական տեխնոլոգիաներով ու նորարարական մտածողությամբ հակառակորդին «ծնկի» բերելու ուղղությամբ, ավելի զարմանալի բաներ են կատարվում երկրի խորհրդարանում:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որն իրեն արդեն ոչ միայն կուսակցաշինության գծով է «հին» մասնագետ համարում, այլեւ մեծ ռազմական փորձագետ, իր ելույթում խոսում է հայ-ադրբեջանական սահմանային բախման մասին եւ հայտարարում. «Այս պահի դրությամբ մենք ունենք մի քանի խոցած անօդաչու թռչող սարք, դրանցից մեկը «կամիկաձե» է»: Նկատենք, որ հանրությանը հայտնի պաշտոնական տեղեկատվությունը հաստատում է ընդամենը մեկ ԱԹՍ խոցելու մասին, համենայն դեպս` այն ժամի դրությամբ, երբ ԱԺ-ում ելույթ էր ունենում սույն պատգամավորը, բայց, ահա, պարզվում է, որ «մենք ունենք մի քանի խոցած» անօդաչու թռչող սարք: 

Հարց է առաջանում՝ պատգամավորը որտեղի՞ց է տիրապետում այդպիսի տեղեկության: Խորհրդարանում նրա ելույթից դատելով` այդ տեղեկություններն ինքը ստացել է «ԶՈՒ-երի գործողություններից»: Եթե նույնիսկ այդ տեղեկությունը ճիշտ է, ինչո՞ւ պիտի հասու լինի  պատգամավորին, առավել եւս` նրա շուրթերով հանրայնացվի: Նա ո՛չ ԱԳՆ, ո՛չ ՊՆ, ո՛չ էլ, առավել եւս, վարչապետի մամուլի խոսնակն է, որ իրավունք ունենա այդ կարգի տեղեկություն հրապարակելու:

Եվ եթե պարզվի, որ այդ տեղեկությունը ճիշտ է, ուրեմն վատ է, որ վերոնշյալ կառույցները լռում են մի բանի մասին, ինչը նրանց փոխարեն բարձրաձայնում է ԱԺ պատգամավորը: Բայց առավել եւս վատ է, եթե պարզվի, որ վերջինս պարզապես ստում է:

Հիշեցնենք, որ Ա. Քոչարյանը նաեւ ԱԺ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի նախագահն է, եւ այսօրինակ հնարավոր սուտը բացարձակ անարժանահավատ կարող է դարձնել իր գլխավորած հանձնաժողովի կատարած` հանրությանը մատուցվելիք բացահայտումները: