Պուտինի պայմանները հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը, բարոյականությանը և ողջախոհությանը. ԱՄՆ

Պուտինի պայմանները հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը, բարոյականությանը և ողջախոհությանը. ԱՄՆ

Գագաթնաժողովը սահմանել է արդար խաղաղության հիմքերը. դրանք են՝ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության սկզբունքները, միջազգային իրավունքի սկզբունքները, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հասկացությունը, ինչպես նաև այն հիմնարար դրույթը, որ ոչ մի երկրի չպետք է թույլ տրվի ուժի գործադրմամբ նվաճել մեկ այլ երկրի»։ Այս մասին կիրակի օրը՝ հունիսի 16-ին, Շվեյցարիայում Ուկրաինայի խաղաղության համաժողովի փակման ժամանակ ունեցած իր ելույթում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:

Նա ողջունել է աշխատանքային խմբերում քննարկված գործնական քայլերը, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել պարենի և միջուկային անվտանգության, ինչպես նաև առևանգված ուկրաինացի երեխաների վերադարձի ոլորտներում։
Սալիվանն ընդգծել է, որ Վլադիմիր Պուտինի առաջարկները ոչ մի երկրի կողմից չեն կարող ընդունվել որպես խաղաղության առաջընթացին նպաստող ողջամիտ հիմք։

Հիշեցնենք, որ շվեյցարական Բյուրգենշտոկում հրավիրված գագաթնաժողովում մերժվել է Ուկրաինայի՝ երկրի հարավից և արևելքից զորքերը դուրս բերելու Պուտինի կոչը։

«Դա հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը, հակասում է տարրական բարոյականությանը, հակասում է տարրական ողջախոհությանը», - ասել է Սալիվանը:

«Ի տարբերություն դրա, աշխարհայացքը, որն այսօր այստեղ ներկայացվել է շատ տարբեր երկրների ներկայացուցիչների կողմից, հիմնված է սկզբունքների վրա, որոնց մենք բոլորս ընդունում ենք, - ասել է Բայդենի խորհրդականը,-Սկզբունքների վրա, որոնց ներքո մենք բոլորս կցանկանայինք ապրել մի աշխարհում, որտեղ իշխում են այս սկզբունքները, քանի որ դրանք մեզ բոլորիս ապահով ու անվտանգ են դարձնում: Սա ճիշտ տեսլական է՝ առաջ գնալու համար։ Եվ հետևաբար, այս գագաթնաժողովը, մեր տեսանկյունից, կարևոր հանգրվան է դեպի արդար խաղաղություն տանող ճանապարհին: Ամերիկայի Միացյալ Նահանգները Ուկրաինայի հետ միասին կգնան այս ճանապարհով այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան հաղթել և խաղաղություն չի հաստատվել»: