Չինացիների զայրույթը կմեղմվի

Չինացիների զայրույթը կմեղմվի

«Հրապարակն» անդրադարձել էր հայ-չինական հարաբերությունները վատթարացնել սպառնացող թայվանցի մի պաշտոնյայի՝ Թայվանի էկոնոմիկայի նախարարի՝ Հայաստան կատարած այցին, որի մասին տեղեկացել էինք ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի այն հայտարարության հետքերով, թե «ի՞նչ էր անում թայվանցի բարձրաստիճան պաշտոնյան Հայաստանում, եւ ինչի՞ էիք գաղտնի հանդիպումներ անում նրա հետ»։ Հավելվել էր, թե զայրույթը համակել է չինական իշխանություններին։ Քանի որ Թայվանը մասամբ ճանաչված պետություն է՝ դե յուրե Չինաստանի կազմում է, դե ֆակտո՝ ոչ (նախկինում եղել է Չինաստանի կազմում, բայց անջատվել է Չինաստանի սոցիալիստական դառնալուց հետո), այն զգայունության նույն աստիճանն ունի չինացիների համար, ինչ Վրաստանի կամ Ադրբեջանի համար տարբեր պատվիրակությունների ու անձանց Աբխազիա կամ Արցախ այցելությունները։ Մեր տրամադրության տակ է հայտնվել միջազգային լրահոսից մի հաղորդագրություն, որ Թայվանի էկոնոմիկայի նախարարն այցելել է Հայաստան՝ «Ընդհանուր սիլիկոնային հովիտ»-ի շրջանակներում, ելույթ է ունեցել եւ այցելել «Սինոփսիս»։

Մենք կապվեցինք «Սինոփսիս» ընկերության ղեկավար Հովիկ Մուսայելյանի հետ, ով այս օրերին Հայաստանում չէ, Շվեդիայում է՝ զբոսանավի վրա։ Նա հերքեց, թե հրավերը եղել է իր կամ տեղակալի կողմից, սակայն չթաքցրեց, որ թայվանցի պաշտոնյան եղել է ընկերությունում։ Հարցը, թե ով է նրան հրավիրել, Հովիկ Մուսայելյանն առաջարկեց հարցն ուղղել նրան, ով հրավիրել է, ինքը տեղյակ չէ։ Բացի չինացիների զայրույթը, այցը տեսականորեն հղի է Պեկինի ու Երեւանի միջեւ դիվանագիտական սկանդալով, քանի որ 2004 թվականին Հայաստանը հանդես է եկել Չինաստանի տարածքային ամբողջականության օգտին՝ հայտարարելով, որ «դեմ է երկու Չինաստան կամ մեկ Չինաստան, մեկ Թայվան սկզբունքին», ինչը, ի դեպ, վերահաստատվել էր նաեւ 2015-ին եւ նշանակում է, որ որեւէ թայվանցու ՀՀ մուտքի արտոնագիր չի կարող տրվել, քանի որ նույն համաձայնագրում հայկական կողմը վերահաստատում է, որ Թայվանի հետ որեւէ պաշտոնական կապ չի հաստատում, աջակցում է Թայվանյան նեղուցի երկու ափերի միջեւ հարաբերությունների խաղաղ զարգացմանը, ինչպես նաեւ երկրի միավորմանն ուղղված Չինաստանի կառավարության բոլոր ջանքերին՝ համարելով, որ Թայվանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության անքակտելի մասն է, իսկ թայվանյան հարցը՝ Չինաստանի ներքին գործը:

«Հրապարակն» այս առնչությամբ պարզաբանումներ ստացավ ՀՀ արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանից։ Վերջինս հայտարարեց, որ Հայաստանը հավատարիմ է «Մեկ Չինաստանի» սկզբունքին, որն արտահայտված է 2015թ. մարտին ՀՀ եւ ՉԺՀ նախագահների կողմից ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեկամական համագործակցության, հարաբերությունների հետագա զարգացման եւ խորացման մասին» համատեղ հռչակագրում եւ բազմիցս վերահաստատել է բոլոր բարձր մակարդակներով, նաեւ՝ վերջին տարվա ընթացքում այսօրվա իշխանությունների կողմից՝ ՀՀ վարչապետի Չինաստան այցի ընթացքում, Չինաստանի ԱԳ նախարարի՝ Հայաստան այցի, ինչպես նաեւ անվտանգության խորհուրդների ղեկավարների միջեւ կայացած հանդիպումների ընթացքում։ Այս դեպքում՝ հարց․ ինչպե՞ս է թայվանցի պաշտոնյան հայտնվել Հայաստանում։ ԱԳՆ խոսնակն ի պատասխան հայտնեց, թե «սովորական անձնագիր կրող թայվանցիները Հայաստան մուտքի արտոնագիր ստանում են E-visa առցանց համակարգի միջոցով կամ սահմանին, ինչպես նաեւ՝ դիմելով ՀՀ որեւէ դեսպանություն, որի շրջանակներում Հայաստան այցելում են բազմաթիվ զբոսաշրջիկներ կամ գործարարներ»։

Հետեւաբար, այս պատասխանից կարելի է եզրակացնել, որ շարքային թայվանցիները Հայաստան են գալիս չինական անձնագրերով՝ որպես Չինաստանի քաղաքացի, իսկ որպես Թայվանը ներկայացնող պաշտոնյա, նրանք չեն կարող ՀՀ մուտք գործել։ Կարելի է ենթադրել, որ նույնը եղել է նաեւ թայվանցի նախարարի պարագայում։ Նա եկել է մասնավոր այցով՝ որպես շարքային քաղաքացի։ Հիշեցնենք, որ հոկտեմբերին Հայաստանում կայանալու է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT)։ Եվ չի բացառվում, որ դրան մասնակցելու համար էլի թայվանցիներ գան, ի՞նչ է լինելու այդ դեպքում։ Աննա Նաղդալյանը կրկնեց, որ Հայաստանի Հանրապետություն ազատորեն կարող են մուտք գործել սովորական անձնագիր կրող՝ մասնավոր ընկերությունների թայվանցի ներկայացուցիչները, սակայն ցանկացած այլ անձնագրով ՀՀ մուտքի արտոնագիր չի տրամադրվում։