Հրազդանի նախկին քաղաքապետի գործը մտնում է դատարան

Հրազդանի նախկին քաղաքապետի գործը մտնում է դատարան


Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը, ինչպես հայտնի է, կասկածվում է 2015-2018թթ․ ընթացքում համայնքապետարանի հողի հարկի եւ գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ եւ վատնումներ կատարելու մեջ։ Հարուցված է քրեական գործ, որը, ինչպես տեղեկացանք նրա պաշտպան Ալեքսանդր Սիրունյանից, օրերս կուղարկվի դատարան։

Ալեքսանդր Սիրունյանը մեզ հայտնեց, որ իր հաշվարկով՝ գործը 5 օրվա ընթացքում կուղարկվի դատախազին, եւ 15 օրվա ընթացքում Դանիելյանի դատը կմեկնարկի։ Նրա խոսքով՝ իր պաշտպանյալը չի ընդունել մեղքը եւ այս ընթացքում մասնակցել է երկու առերեսումների։ «Առերեսումները եղել են նրա հետ, ով իր վրա գրել էր՝ հարկային բաժնի տեղակալը (մարզպետարանի), գույքահարկ հավաքող տեսուչներից, փողը իրիկունը հավաքում ա, տանում մսխում, հետո ցուցմունք է տալիս այն մասին, որ էդ փողը, որ մսխել եմ, ընենց չի, որ աղջկերքի վրա եմ ծախսել, մի մասը ծախսել եմ իմ անձնական կարիքների համար, բայց մնացածը Դանիելյան Արամի ցուցումով տվել եմ Պողոսին, Պետրոսին, Կիրակոսին։ Նվիրատվություն՝ բարեգործության ներքո։ Մի խոսքով՝ մսխել եմ Դանիելյանի հովանավորության ներքո՝ իր ցուցումով։ Սրանից էլ ծնվեց Դանիելյանի մեղադրանքը, որ նա վատնելու ու յուրացնելու եղանակով հափշտակել է հարյուրքանի միլիոն դրամ։ Ու այստեղից սկսվեց կինոն․ ասում ենք՝ եղբայրներ, մի հատ ձեր մեղադրանքը հստակեցրեք՝ որքանն է տվել աղջկերքին, բարեգործություն, չգիտեմ կայֆեր, ինչքանն է յուրացրել՝ տարել տուն, որ ես կարողանամ պաշտպանվեմ»։ Նախաքննական մարմինն էլ, փաստաբանի բառով, «գազավատ» է արել ու հետո փոխել մեղադրանքը՝ գրելով հիմարություն, որ Արամ Դանիելյանը յուրացրել է 102 միլիոն։ Սիրունյանն առարկել է՝ ասելով, որ իր պաշտպանյալի ենթական՝ Սերոբն ասում է, որ Դանիելյանի ասելով՝ այսուայն կողմ է տվել, ինչպե՞ս կարող էր յուրացնել՝ իր տուն տանել։ «Տեսա չեն հասկանում, ասացի՝ ախպոր նման, ուղարկեք դատարան»,- մանրամասնեց պաշտպանը։

Ի դեպ, Դանիելյանի դեմ ցուցմունք տված հարկային հավաքագրումների պաշտոնյային Սիրունյանը խնդրել է տրամադրել տվյալներ, բացատրել, թե Արամ Դանիելյանի ասելով ում ինչքան փող է տվել։ Նա էլ ասել է, որ ունի տետր, որտեղ հատիկ-հատիկ գրված է։ «Եթե դաժե տենց էշություն ասած լիներ, ինքը պարտավոր չէր ենթարկվել․ Արամը քաղաքապետ ա, ֆինանսական պատասխանատու չէ, Արամը որ քեզ ասեր՝ գնա գլուխդ տուր պատով, հո չէի՞ր տալու»։ Ուշագրավ է, որ Արամ Դանիելյանի գործով նախաքննական մարմինը մի քանի անգամ կարճել է քրեական գործը՝ սկզբում հանցակազմի բացակայության պատճառով, այլ դրվագներով, ապա արտաքին աուդիտի արդյունքներով վերցրել էին այլ փաստեր։ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն էլ հայտնել է, թե Հրազդանի նախկին քաղաքապետը 680 մլն դրամի պարտք է թողել Հրազդան համայնքին ու հեռացել։
Հիշեցնենք, որ Արամ Դանիելյանն ազատության մեջ հայտնվել է, երբ ինչ-որ մի երրորդ անձ Քննչական կոմիտեի դեպոզիտին որպես գրավ մուծել է 102 միլիոն դրամ։