Երեւան եկել ենք՝ կառավարության շենքի ախրանա ենք իրականացրել, վսյո 

Երեւան եկել ենք՝ կառավարության շենքի ախրանա ենք իրականացրել, վսյո 

2008 թ․ մարտի 1-ի գործով ԼՂՀ ՊԲ հրամանատարի տեղակալ Սամվել Կարապետյանի՝ Օգանովսկու ցուցմունքի եւ հատկապես BBC-ի հայտնի հրապարակումից հետո շատերը սկսեցին հետաքրքրվել՝ ով է Օգանովսկին, ինչ դերակատարում է ունեցել մարտի 1-ին, քանի մարդ է Արցախից, այդ թվում՝ դիպուկահար, մարտի 1-ի նախօրեին եկել եւ մնացել Երեւանում, ինչ ստորաբաժանումներից, ովքեր են եղել հրամանատարները, ովքեր են հրաման տվողները, ում հրամաններին են ենթարկվել նրանք, որտեղ են ապրել, ինչպես են սնվել, ովքեր են հիգիենայի պարագաներ եւ սնունդ մատակարարել եւ այլն։ 

Նշվում է, որ սկզբում Արցախից եկել է 300 հոգի, հետո դարձել են 400։ Օգանովսկին պատմում է, որ իր անմիջական ղեկավարի՝ Մովսես Հակոբյանի հրամանով նրա հետ փետրվարի 22-ին եկել են Երեւան՝ մասնակցելու Ռոբերտ Քոչարյանի մոտ հրավիրված խորհրդակցությանը։ Այն ավարտելուց հետո բանակի հրամանատարից տեղեկացվել է, որ ինքը մնում է Երեւանում, նրանք գնում են Ղարաբաղ՝ «զորքը Երեւան ուղարկելու համար»։ Այն պետք է լիներ տարբեր ստորաբաժանումներից հավաքական գումարտակ։ Ցուցմունքում նշվում է, որ արցախցիները եկել են իրենց հաստիքային զենքերով, սպառազինությամբ, մարտական փամփուշտներով, բայց այստեղ ԼՂՀ ՊԲ բանակի մեքենաները եւ իրենց համազգեստի տարբերանշանները փոխվել են։ Հարցին, թե ինչու, Սամվել Կարապետյանը պատասխանում է․ «Խնդիր էր դրված, որ ԼՂՀ-ից եկած զորքը չերեւա, որ ավելորդ լարվածություն չառաջանա»։ 

Ցուցմունքի ամենաէական հատվածները վերաբերում են քննիչի այն հարցին, թե Օգանովսկին այդ 400 հոգուց ձեւավորե՞լ է առավել լավ պատրաստված եւ հոգեբանորեն կայուն 60 հոգու, որոնց պարզաբանելով հնարավոր գործողությունները՝ ասել է նաեւ, որ հարկ եղած դեպքում հրաման է տրվելու կրակ բացել ժողովրդի վրա։ Ըստ քննիչի՝ միայն 20-ն են համաձայնել գնալ այդ քայլին եւ գործել են «Հաքիմ» մականունով Արամ Սարգսյանի ղեկավարության ներքո։ Նրանց թվում եղել են «Կանդազ», «Ցուլ Նվերիկ» եւ այլ մականուններով անձինք, որոնք մարտի 1-ին ձեւավորել են 4 փոքր խմբեր եւ կենտրոնում կրակել են մարդկանց վրա։ Սա, իհարկե, Սամվել Կարապետյանը կտրականապես հերքել է՝ ասելով, որ ժողովրդի վրա կրակելու հրաման ոչ ոք չի տվել։ Մեզ հետաքրքրեցին այս մականունավոր զինվորականները, ում մասին խոսել է Օգանովսկին իր ցուցմունքում, եւ արդյոք նրանք հրավիրվե՞լ են քննչական մարմին եւ հարցաքննվել։ Մենք այս թեմայով զրուցեցինք հայտնի Կանդազի՝ Մարտակերտի դիվիզիայի հետախուզության պետ Արթուր Ավանեսյանի հետ, որը նույնպես հրավիրվել է ՀՔԾ եւ ցուցմունք տվել։ Նա ասաց․ «Կանչել են, պատմել եմ ճիշտը, ոնց որ պետքն ա, պատմել եմ, եկել, շնորհակալություն հայտնել, որ․․․»։
Նա իր կողմից կրակելը համարում է աբսուրդ։ Ի դեպ, նա հիմնականում «այո» կամ «ոչ»-ով էր պատասխանում բոլոր հարցերին՝ եզակի բացառություններով։

- Այդ 300 հոգուց 60 հոգանոց խումբ կազմվե՞լ էր, հետո նաեւ՝ 20 հոգանոց։

- Ոչ։

- Դուք Արամ Սարգսյանի խմբում «Ցուլ Նվերի» եւ այլոց հետ չե՞ք եղել։

- Արամ Սարգսյանն ո՞վ ա։

- Ըստ նախաքննության՝ կենտրոնում մարդկանց վրա կրակելու հրաման ունեցող խմբի՝ «Հաքին» մականունով ղեկավարը։

- Դրան ես վաբշե չեմ ճանաչում։

- Երեւան եկե՞լ եք։

- Երեւան եկել եմ, եղել ենք կառավարության շենքում, շենքի պահպանությունն ենք իրականացրել։ Վսյո, մեր խնդիրը դա է եղել։

- Զինվորական եք, Ձեզ մոտ հարց չի՞ առաջացել, թե ինչու եք գաղտնի ռեժիմով ապրում, ինչու են ձեր տարբերանշանները փոխվում։

- Ես ոչ մի տարբերանշան չեմ փոխել, ինձ հետաքրքիր չի՝ ով փոխել է, ով՝ չէ։ Ես եկել եմ, պռոստը հրաման եմ ստացել, եկել եմ էնքան որ ախրանա իրականացնելու։ Ուրիշ ոչ մի խնդիր մեզ չեն տվել։

- Ձեզ չի՞ ասվել, որ պետք եղած ժամանակ պետք է կրակեք։

- Էդ ո՞ր ապուշը կկրակի սեփական ժողովրդի վրա։

- Բայց կրակել են, չէ՞, ինչ-որ մարդիկ։

- Եթե ինչ-որ տականքներ կրակել են, այ, դրանց պետք է փնտրել, ոչ թե կառավարության շենքը պահպանողներին։

- Իսկ Ձեզ մոտ հարց չէ՞ր առաջանում՝ Հայաստանում ոստիկան կամ զինվորական չկա՞ր, որ կառավարության շենքը պաշտպաներ, ինչո՞ւ էիք Ղարաբաղից գալիս։ Մանավանդ, որ այդ ժամանակ էլ առաջնագծում սրվել էր վիճակը։

- Դուք զինվորական չեք եղել։ Զինվորականի պաշտոնն այն է, որ պետք է կատարի վերադասի ցանկացած հրաման։ Եթե մեզ հրամայել են․․․

- Նյուրնբերգյան դատավարության ժամանակ էլ ասում էին, որ հրաման են կատարել, բայց հրաման կատարելը չի ազատում պատասխանատվությունից։ Այնպես չէ, որ վերադասի ամեն հրաման պետք է կատարել։

- Եթե թուրքը գալիս է ձեր տուն մտնում, գալիս ասում են՝ գնա, մեռի, բայց հայրենիքը պահիր։ Դու պարտավոր ես, չէ՞, կատարել։

- Հիմա Հայաստանն ի՞նչ կապ ունի թուրքի ու հայրենիք պահելու հետ։

- Ես օրինակ եմ ասում՝ զինվորականի համար ի՞նչ տարբերություն՝ ով ա հրամանը տվել․․․ էդ ով որ հրամանը տվել է, գնացեք նրանից էլ հարցրեք՝ ինչի՞ եք հրաման տվել, էդ մարդկանց բերել ստեղ։

- Բա դիպուկահարները որ գալիս էին, չէի՞ք ասում՝ ինչո՞ւ են գալիս։

- Ես դիպուկահարներ չեմ տեսել, ես տղաների հետ եկել եմ շենքը պահպանել։

- Ձեր անմիջական հրամանն ո՞վ է տվել։

- Հենա ցուցմունքում գրել է՝ հրաման տվողն ով ա։

- Սամվել Կարապետյա՞նը։

- Չէ, գումարտակի հրամանատարն ինքն է եղել, բայց բանակի հրամանատարն է տվել։

- ՀՀ պաշտպանության նախարարությունի՞ց, թե՞ Ղարաբաղից։

- Հրամանները որ գալիս են, գալիս են Հայաստանի Հանրապետությունից։

- Իսկ ընթացքում հարցեր չէի՞ն առաջանում՝ արդյո՞ք մենք կառավարության շենք ենք պաշտպանում։

- Մենք կառավարության շենք ենք պահպանել։

- Մինչեւ հիմա այդպե՞ս եք համոզված, որ կառավարության շենք եք պահպանել։

- Այո։ Ցտեսություն, Ձեզ բարի ծառայություն։

- Իսկ հիմա Դուք բանակո՞ւմ եք։

- Չէ, անցել եմ թոշակի, հիմա ժողովրդին ոռոգման ջուր եմ մատակարարում։