Հայերի նկատմամբ բռնությունները խրախուսվո՞ւմ են վարչապետի կողմից

Հայերի նկատմամբ բռնությունները խրախուսվո՞ւմ են վարչապետի կողմից

Երուսաղեմում հայկական համայնքի, պատրիարքարանի նկատամամբ տեղի ունեցող ոտնձգություններն արդեն գնալով մտահոգիչ են դառնում: Նախկինում էլ են նման դեպքեր եղել, բայց վերջին օրերին արդեն դրանք կրում են պարբերական բնույթ, գրեթե ամեն օր տեսնում ենք, թե ինչ խուլիգանություններ են կատարվում հրեա ծայրահեղականների կողմից ոչ միայն տեղի արաբների, այլեւ մեր պատրիարքարանի եւ հայերի նկատմամբ

: Հրեա ծայրահեղականներն իրենց պահում են ամենաթողության տիրույթում. անարգում են մեր եկեղեցական սրբությունները, գույքը, ցանկանում են Իսրայելի դրոշը տեղադրել եկեղեցու գմբեթին, թքում են հայ հոգեւորականների վրա: Հային պատկանող ռեստորանում ծեծկռտուք են հրահրում, որի արդյունքում ջարդվում է ռեստորանի գույքը: Հայերն արդեն իրենց այլեւս անվտանգ չեն զգում Երուսաղեմում: Իսկ ոստիկանությունն իրեն շատ լոյալ է պահում. կատարվում են միայն ցուցադրական, «պրոտոկոլային» գործողություններ, որոնց արդյունքում ո՛չ խուլիգաններն են պատժվում, ո՛չ էլ դեպքերն են կանխվում: Դեռ մի բան էլ ավելի. վերջին դեպքում, երբ ծայրահեղականները հերթական բախումն էին հրահրել հայ երիտասարդների հետ՝ եկեղեցու տարածքում, ոստիկանական բանակը գալիս է ու հրահրողների փոխարեն գործողություններ է իրականացնում հենց հայ երիտասարդների նկատմամբ, նրանցից մեկը բերման է ենթարկվում եւ երկար ժամանակ պահվում ոստիկանությունում: 

Ի՞նչ է սա նշանակում: Իսրայելական ոստիկանությունն առանց վերադասի հրամանի, նման քայլի չի գնա: Իսկ ոստիկանության վերադասն առանց իր վերադասի նման հրաման չի տա ենթականերին: Սա նշանակում է, որ երկրի ներսում տեղի ունեցող խուլիգանություններն ազգային փոքրամասնությունների նկատմամբ տեղի են ունենում երկրի վարչապետի հրահրմամբ կամ թողտվությամբ: Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի առաջնորդած կուսակցությունը, 2022-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով, կոալիցիա է կազմել ազգայնական ու կրոնական ծայրահեղ հայացքներ դավանող կուսակցությունների հետ:

Իսրայելում 2022-ին բացվեց ՀՀ դեսպանատուն: Տրամաբանական կլիներ, որ այս դիվանագիտական իրադարձությունից հետո երկու երկրների հարաբերություններն ավելի ամրապնդվեին, հայերն Իսրայելում իրենց ավելի ապահով ու անվտանգ զգային: Բայց, ինչպես տեսնում ենք, ստացվում է հակառակը: Իսրայելի կառավարությունը դուրս է գալիս դիվանագիտական էթիկայի սահմաններից, ինչի արդյունքում խժդժություններ են տեղի ունենում հենց իր երկրի տարածքում: Հրեա ծայրահեղականները բախումներ են հրահրում ոչ միայն հայերի, այլեւ արաբների, թուրքերի եւ այլ ազգային փոքրամասնությունների հետ:

Հիշեցնենք Նեթանյահուի եւ Էրդողանի հեռավար բանավեճը. Իսրայելի վարչապետը բռնապետ էր անվանել Էրդողանին, ինչին ի պատասխան՝ Էրդողանը Նեթանյահուին դաժան մարդասպան էր անվանել։ «Հե՛յ, Նեթանյահու, ուշքի՛ եկ: Դու անխիղճ ես, 7 տարեկան պաղեստինցի երեխաներին սպանող անխիղճ ես»,- ելույթի ժամանակ Նեթանյահուին դիմելով՝ ասել էր Էրդողանը: Նա Իսրայելի ղեկավարին մեղադրել է այն բանում, որ հրեական ոստիկանության ու զինված ուժերի ծառայողները կոշիկներով ներխուժում են Երուսաղեմի մզկիթներ, որոնք սրբավայրեր են մուսուլմանների համար․ «Մենք այս երկրում ոչ մի հրեայի նկատմամբ զուլում չենք արել, ոչ մի սինագոգում ձեր արածները չենք արել: Մեզ մի փորձիր, մենք այդ խաղերին չենք տրվելու, բայց դրա պատասխանը միջազգային հարթակներում ձեզնից պահանջելու ենք»:

Այլ հարց է, որ տվյալ դեպքում երկու առաջնորդները՝ Էրդողանն ու Նեթանյահուն, ճիշտ են բնորոշել միմյանց: Բայց ազգային փոքրամասնությունների դեմ այս խառնակչություններն Իսրայելում կարող են այդ երկրի համար մտահոգիչ հետեւանքներ ունենալ՝ երկրի ներքին անվտանգության տեսանկյունից…