Քանի շրջափակումը կա, Արցախը կմնա հայկական

Քանի շրջափակումը կա, Արցախը կմնա հայկական

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը 2022 թ․ հոկտեմբերի 7-ին ստորագրելով Պրահայի հայտարարությունը եւ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ըստ էության, ճանաչել է, որ Արցախում ապրողներն Ադրբեջանի քաղաքացիներ են: Չնայած ընդունված չէ սրա մասին խոսել, բայց, ինչպես ասում են, մախաթը պարկում չես պահի. այդ փաստաթղթով Փաշինյանը պարտավորվել է, որ Հայաստանն այլեւս արցախցիներին ՀՀ քաղաքացիություն չի տրամադրի, նրանց ՀՀ քաղաքացու անձնագիր չի տա:

Տրամաբանությունը շատ պարզ է․ եթե Արցախը, ըստ փաշինյանական իշխանության, Ադրբեջան է, ապա ի՞նչ իրավունքով Հայաստանը պետք է Ադրբեջանի տարածքում ապրողներին Հայաստանի անձնագիր տա: Ադրբեջանն էլ վերցրել ու շրջափակել է Լաչինի միջանցքը, որ ստիպի արցախցիներին՝ կա՛մ հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից` հավաքի Հայաստանի Հանրապետության անձնագրերը եւ բաժանի Ադրբեջանի քաղաքացիությունը հավաստող անձնագրեր, կա՛մ ստիպի հեռանալ Արցախից: 

Լաչինի միջանցքում ադրբեջանական հսկիչ անցակետ տեղադրելու միակ իմաստը հետեւյալն է լինելու. երբ արցախցիներն Արցախից դուրս գան, եւ ադրբեջանական անցակետում նրանցից անձը հաստատող փաստաթուղթ ուզեն, նրանք պետք է ներկայացնեն իրենց հայկական անձնագրերը, ադրբեջանցիները կասեն՝ եթե ՀՀ քաղաքացի ես, խնդիր չկա, գնա Հայաստան, բայց երբ որեւէ արցախցի ուզենա ՀՀ քաղաքացու անձնագրով մուտք գործել Արցախ, նրան ուղղակի թույլ չեն տա, ասելով, որ Ադրբեջանի տարածքում ՀՀ քաղաքացիների մուտքի սահմանափակում կա, ու հետ կուղարկեն կամ կառաջարկեն Հայաստանի անձնագիրը հանձնել եւ տեղը Ադրբեջանի անձնագիր ստանալ: Քանի դեռ Արցախը շրջափակված է, քաղաքացիության հարցն այնքան էլ հրատապ չէ, որովհետեւ անձնագիր ավելի հաճախ պետք է գալիս երկրից դուրս գալու եւ արտասահմանյան ուղեւորությունների ժամանակ, իսկ այն դեպքերում, երբ այն անհրաժեշտ է երկրի ներսում, նման խնդիրների լուծումը կարելի է հետաձգել:

Ստացվում է, որ Լաչինի միջանցքը փակ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ արցախցիները չեն համաձայնել ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն: Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը, BBC-ին տված հարցազրույցում ներկայացնելով Արցախի ապագայի իր տեսլականը, ասում է, որ Արցախը պետք է լինի առանձին պետություն, առանձին տարածք, որը կունենա իր առանձին օրենքները: Ադրբեջանը համաձայն չէ Արցախի սահմանափակ ինքնավարության հետ, ուր մնաց համաձայնի նրա անկախությանը: Մյուս տարբերակն էլ այն է, որ Ադրբեջանը, հոգնելով Արցախը շրջափակված պահելուց եւ հասկանալով, որ արցախցիները չեն կոտրվում ու ընդունում իր պայմանները, համաձայնի զիջել եւ համաձայնի Արցախի ինքնուրույն գոյության փաստի հետ: Թե ինչու Ադրբեջանը պետք է համաձայնի Վարդանյանի նշած տարբերակին, նա չի բացատրում, թեպետ ասում է, որ միջազգային ճնշում կա Լաչինի միջանցքը բացելու հարցում, չնայած քիչ հավանական է, որ այդ ճնշումը վերածվի Արցախի անկախության ճանաչման:

Մյուս տարբերակն այն է, որ արցախցիները ստանային Ռուսաստանի քաղաքացիություն, այնպես, ինչպես ստացել են Աբխազիայի, Հարավային Օսիայի կամ Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների բնակիչները: Արցախցիները ցանկություն ունեցել են բոլոր չափահաս քաղաքացիների անունից` մոտ 80 հազար մարդ, ստորագրահավաք կազմակերպել եւ դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, խնդրելով, որ նա իրենց Ռուսաստանի քաղաքացիություն տա:

Բայց Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը կանխել է այդ նախաձեռնության իրականացումը՝ հասկացնելով, որ այս պահին Ռուսաստանի իշխանությունը պատրաստ չէ Ադրբեջանի հետ հակամարտության գնալ եւ արցախցիներին ՌԴ քաղաքացիություն տալ: Ասել են՝ մի փոքր սպասեք, երբ պատերազմն Ուկրաինայում ավարտվի, միայն դրանից հետո հնարավոր կլինի այդ հարցին անդրադառնալ: Արցախի մեր աղբյուրն ասում է, որ իրենց միակ հույսն այն է, որ Ուկրաինայում պատերազմը հնարավորինս շուտ կավարտվի, գոնե մինչեւ այս տարվա վերջը, եւ դրանից հետո Ռուսաստանը ռեսուրս եւ հնարավորություն կունենա՝ զբաղվելու Արցախի հարցի կարգավորմամբ: Իրենց մի այնպիսի տարբերակ կառաջարկեն, որի դեպքում Արցախը չի անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ եւ կշարունակի իր ինքնուրույն գոյությունը:
Այս պահին առավելագույնը, ինչ կարող է անել Ռուսաստանը, Լաչինի միջանցքով հումանիտար բեռներ տեղափոխելն է: Ռուսները նույնիսկ գազի եւ էլեկտրաէներգիայի անխափան մատակարարման հարցը չեն կարողանում լուծել, քանի որ դրանք անցնում են այն տարածքներով, որոնք դուրս են խաղաղապահ զորախմբի վերահսկողությունից:

Պարզ ասած՝ երկու տարբերակ կա. կա՛մ Արցախը շարունակում է շրջափակված մնալ ու պահպանել իր ինքնուրույն հայկական գոյությունը, կա՛մ ընդունում է Ադրբեջանի պայմանները. ովքեր հնարավորություն եւ ցանկություն ունեն, հեռանում են Արցախից, իսկ մյուսները, որպես Ադրբեջանի քաղաքացիներ, շարունակում են ապրել իրենց բնակավայրերում: Ըստ արցախյան մեր աղբյուրի, որոշ հաշվարկներով՝ կմնա 30-35 հազար մարդ, ովքեր կընդունեն ադրբեջանական հպատակություն, իսկ այդ տարածքներում ադրբեջանական բնակչության բնակեցումից հետո կտարրալուծվեն ու մեկ-երկու սերունդ հետո կադրբեջանականացվեն:


Ավետիս Բաբաջանյան