Նիկոլը չի՞ կատարում Ալիեւին տված խոստումը

Նիկոլը չի՞ կատարում Ալիեւին տված խոստումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որքան էլ զարմանալի է, որոշ խոստումներ է տվել Ալիեւին, բայց չի կատարել։ Ռուսական մեր աղբյուրը փաստում է, որ հենց այդ չիրականացված խոստումների պատճառով է ուշանում մեր գերիների վերադարձը։ 

Այդ խոստումներն ու ըստ այդմ՝ պայմանավորվածությունները երկուսն են` ԼՂՀ տարածքից հայկական ծանր զինատեխնիկան հանելը եւ Տավուշի մի քանի գյուղերի փոխանցումն Ադրբեջանին: Զինվորական տեխնիկան հանելու պահանջն այնքան էլ էական չէ, քանի որ այն շարքից դուրս է եկել եւ հազիվ թե ենթակա լինի օգտագործման: Իսկ գյուղերը տալու խոստումն Ադրբեջանի նախագահը լուրջ է ընդունել: Ըստ այդ աղբյուրի, գյուղերը հանձնելու վերաբերյալ բանավոր պայմանավորվածությունը ձեռք է բերվել Փաշինյանի՝ հունվարի 11-ին Մոսկվա կատարած այցի եռակողմ հանդիպման շրջանակներում: 

Խոսքը Տավուշի 7 գյուղերի մասին է, որոնք անկլավային դիրք ունեն եւ խորհրդային տարիներին Ադրբեջանի Հանրապետության տարածքի մասն են կազմել, սակայն 90-ականների պատերազմական գործողությունների ժամանակ անցել են հայկական կողմին: 

Խորհրդային Հայաստանի կազմում Ադրբեջանն ուներ մի քանի կղզյակներ: Ենթադրվում է, որ խոսքը հետեւյալ գյուղերի մասին է. 
1. Ներքին Ոսկեպար (ադրբեջանական անվանումն է՝ Աշաղը Աղզիբարա)
2. Վերին Ոսկեպար (ադրբեջանական՝ Յուպարը Աղզիբարա)
3.  Ազատամուտի մոտ, Աղստեւ գետի ձախ ափին գտնվող Սոֆուլու
4. Աղստեւի աջ ափին գտնվող Բարխուդարլու 
5. Կիրանցի տակ, ջրամբարի մոտ գտնվող Խեյրիմլի
6. Բերքաբերի մոտ գտնվող «Կըզըլ Հաջիլի» կոչվող չեզոք տարածք 
7. Դեբեդի ափին գտնվող Այրում։

Հնարավոր է, որ հենց այս գյուղերն է Փաշինյանը, ինչպես Իջեւանում են ասում, «մի թույլ բերան» խոստացել Ալիեւին, սակայն հետագայում հրաժարվել է իր խոսքից՝ քաջ գիտակցելով, որ ընտրություններից առաջ Տավուշի գյուղերը թուրքին մատուցելը կզրոյացնի որեւէ ձայն ունենալու իր շանսը եւ հավասար կլինի քաղաքական ինքնասպանության: Սակայն սա ամենեւին էլ Ալիեւի խնդիրը չէ: Ասում են` նա «պրինցիպի է ընկել» ու հասկացրել է հայկական կողմին, որ մինչեւ գյուղերը չստանա, ոչ մի գերի չի վերադարձնի: Ասում է՝ խոստացել ես, պետք է տաս։

Նկատենք, որ Տավուշի մարզից 7 գյուղ Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ տեղեկությունները պարբերաբար ակտիվանում են: Դեռեւս նոյեմբերի 9-ի հայտնի փաստաթղթի հրապարակումից հետո լուր տարածվեց, որ սահմանազատում տեղի է ունենալու ոչ միայն Սյունիքում, այլ նաեւ Տավուշում։ Այն ժամանակ հերքեցին այդ խոսակցությունները: Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն էլ հետագայում հերքեց դրանք՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով. «Տավուշի մարզի յոթ գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին լրատվամիջոցներում տարածվող լուրերը կեղծ են եւ չեն համապատասխանում իրականությանը»: Անցյալ ամիս նա կրկնեց այս պնդումը՝ ի պատասխան Հրանտ Բագրատյանի գրառմանը, թե Տավուշում սկսվել է սահմանազատումը: Հիմա արդեն այս մասին վկայում են ռուսական աղբյուրները։

Մենք փորձեցինք եւս մեկ անգամ ճշտել պաշտոնական դիրքորոշումը՝ վարչապետի մամուլի խոսնակին դիմելով: Ճի՞շտ է արդյոք, որ Փաշինյանը բանավոր խոստում է տվել Ալիեւին Տավուշի մարզի 7 գյուղերն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ, սակայն չի կատարել իր խոստումը: «Հրապարակի» հարցին վարչապետի մամուլի խոսնակը պատասխանեց. «20 օր առաջ Տավուշի նախկին մարզպետը՝ Հայկ Չոբանյանը, անդրադարձել է այդ խոսակցություններին եւ հերքել»: