Մոնիթորինգ ցպահանջ

Մոնիթորինգ ցպահանջ

Դանիել Իոաննիսյանը, կարծում եմ, ինձ կների, որ իր կազմած՝ 2020թ. առաջին եռամսյակի մոնիթորինգին անդրադառնում եմ այսքան ուշացումով: Մարդը չարչարվել, լրատվամիջոցների մոնիթորինգ է արել, իսկ ես՝ լրատվության ոլորտի աշխատողս, ում համար այդ մոնիթորինգի արդյունքները պետք է ուղեցույց դառնան հետագա գործունեության համար, չգիտես ինչով եմ զբաղված եղել եւ նոր-նոր եմ միայն անդրադառնում այդ կարեւոր փաստաթղթին: Կներեք, հա՞, պարոն Իոաննիսյան:

Լրատվադաշտի մոնիթորինգ այսօր շատերն են անում: Նիկոլ Փաշինյանից բռնած եւ մամուլի ազատության առաջամարտիկներից վերջացրած: Այս երկար շղթայի մեջ, անշուշտ, իր հատուկ տեղն ունի «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը, որը դրա դիմաց գրանտներ է ստանում, եւ որին, ի դեպ, վստահվել էր նաեւ Արցախի ընտրությունների մոնիթորինգի գործը: Պետությունը ոչինչ չէր խնայել, որ Դանիել Իոաննիսյանը դառնա Նիկոլ Փաշինյանի աչքն ու ականջը Արցախում, բայց անտեր մնացած կորոնավիրուսը խանգարեց, ու մենք այդպես էլ չհասկացանք, թե ինչի վրա ծախսվեցին պետական միլիոնները: Ինչո՞ւ սա հիշեցի, որովհետեւ Արցախում մարտի 31-ին տեղի ունեցած ընտրությունների առաջին փուլին նախորդած գործընթացները տեղավորվում են 2020թ. առաջին եռամսյակի մեջ, իսկ Դանիել Իոաննիսյանը հարկ չի համարել այդ թեմայով հայաստանյան լրատվադաշտի արձագանքները ներառել իր մոնիթորինգ-հաշվետվություն-գնահատականի մեջ: Մինչդեռ Արցախի ընտրություններն այդ օրերի առանցքային թեման էին, եւ վտանգ կար, որ այդ կարեւոր իրադարձությունը կարող էր չեղարկվել: Փոխարենը Դանիելը փորձել է կենտրոնանալ իշխանություն-լրատվադաշտ «փոխհարաբերությունների», իսկ ավելի ճիշտ՝ հակամարտության վրա, որի շնորհիվ, ըստ զեկույցի, մեր քաղաքացիները ոչ թե իրազեկվել են, այլ՝ մոլորեցվել:

Մամուլի աշխատանքը գնահատողներին, այդ թվում եւ նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանին, քանիցս ասել ենք, որ լրատվադաշտում ամեն ինչ սկսվում է իշխանությունից եւ ավարտվում իշխանությունով: Հայաստանում լրատվադաշտ չի կարող լինել, եթե մեր ԶԼՄ-ները չանդրադառնան իշխանության գործունեությանը, չփորձեն բացահայտել այդ գործունեության դրական եւ բացասական կողմերը, պարզաբանել հետեւանքները: Այնպես որ, նորանկախ շրջանի, ներառյալ 2020թ. առաջին եռամսյակում, մեր լրատվամիջոցները, ըստ էության, իրենց գործն են արել: Եվ հաստատ այնպես չէ, որ 2020թ. առաջին եռամսյակում, ինչպես գրում է Իոաննիսյանը, քարոզչական հիմնական թեզերը հատուկ ուղղված էին գործող իշխանությունների դեմ՝ պայմանավորված նրանց «ապաշնորհ» ներքին եւ արտաքին քաղաքականությամբ: 

Մեկ անգամ եւս հիշեցնեմ բոլորին, որ մամուլը երբեք կանխամտածված «հակաիշխանական» թեզեր չի մոգոնում, այդ թեզերը ծնվում են իշխանությունների գործունեության արդյունքում: Ի՞նչ է ուզում ասել Դանիելը հետեւյալ նախադասությամբ. «Մասնավորապես, տարեսկզբին առաջ քաշվեց այն թեզը, թե երկրում անկառավարելի իրավիճակ է ստեղծվել, եւ իշխանությունների ոտքի տակից հողը փախչում է: Բնականաբար, արցախյան բանակցությունների շրջանակում դաշտ նետվեցին մանիպուլյացիոն թեզեր՝ իշխանությունների վարած վտանգավոր արտաքին քաղաքականության մասին, դավադրապաշտներն էլ հիշեցրին, որ «հողերը հանձնում են»:

Ավելին, ընդդիմադիր շրջանակներում նկատեցին, որ այդ գործում վարչապետ Նիկոլ Փաշինյանին խանգարում են արցախցի նախկին «հերոս նախագահները», եւ հենց այդ պատճառով էլ նրանց քաղաքական հետապնդման են ենթարկում: Արդյունքում՝ լրատվամիջոցներում սկսեցին շրջանառվել ստալինյան ժամանակներին վերադառնալու, սուտ մատնությամբ քրեական գործեր հարուցելու, ազատ մամուլը ճնշելու եւ գրաքննելու թեզերը»: Այսինքն՝ իշխանություններն ամեն ինչ արել էին, որ լրագրողները վարդագույն թեզեր առաջ քաշեին, բայց այդ «ապերախտ» լրագրողները սխալ հետեւություններ են արել: Ճիշտն ասած՝ չգիտեմ ուրիշ ինչ հետեւություններ պետք է անեինք Ալիեւի հետ ուղիղ եթերում մեջլիս մտած Փաշինյանի՝ Արցախի խնդրի կարգավորման մասին հայտարարություններից, բայց մի բան փաստ էր, որ 2020թ. առաջին եռամսյակում Փաշինյանը պարբերաբար հարձակվում էր մամուլի վրա, մեզ մեղադրում երկրում գաղջ մթնոլորտ ստեղծելու մեջ: Իսկ ուրիշ ի՞նչ պետք է գրեինք մի իշխանության մասին, որ նախ հայտարարում էր՝ կորոնավիրուսն ում շունն է, գնում էր քարոզարշավի, իսկ մի քանի օր անց շփոթահար կարանտին հայտարարում երկրում: Հավանաբար, պիտի գովերգեինք այդ իշխանության հանճարեղ ներկայացուցիչներին, բայց, անամոթաբար, «կորոնավիրուսն օգտագործել» ենք նրանց քննադատելու, նրանց ոչ ադեկվատ գործողություններին արժանի գնահատական տալու համար:

Քանի որ Իոաննիսյանն իր զեկույցում ի շարս այլ լրատվամիջոցների մի քանի անգամ հիշատակում է նաեւ «Հրապարակ» թերթն ու Արմինե Օհանյանի անունը, կուզենայի անդրադառնալ այդ «իրազեկ» երիտասարդի ցնցող եզրահանգումներից մեկին, ըստ որի, իբր, «Հրապարակը» շարունակել է Միքայել Մինասյանի՝ «Ներկա թշնամական, անհանդուրժողականությամբ եւ ատելությամբ լիցքավորված հանրային տրամադրությունները խենթանոց են հիշեցնում» միտքը եւ հոդված հրապարակել «Քաղաքական հիվանդասենյակ համար 6» վերնագրով: Կցանկանայի մոնիթորինգի մեծագույն վարպետին տեղեկացնել, որ «Հրապարակը» մինչ Միքայել Մինասյանի ակտիվանալն է ՀՀ իշխանությունների աչքերը բացել եւ լայն հնարավորություն ընձեռել նրանց՝ դիտելու իրենց կողքից, տեսնելու ատելությամբ առլեցուն այն հասարակությունը, որ նրանց «հեղափոխական քայլերի» պրոդուկտն է: Իսկ որ երկիրն իսկապես «գժանոցի» է վերածվել, փառք Աստծո, համոզվում ենք ամեն օր:

Եթե այնպես ստացվի, որ «իրազեկները» լրատվադաշտի մոնիթորինգ անցկացնեն նաեւ 2020թ. երկրորդ եռամսյակի համար, առաջարկում եմ սկսել այն կետից, որ լրատվամիջոցներն էին մեղավոր, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը խոսեց Արցախի խնդրի կարգավորման փուլային տարբերակի մասին ու բացահայտեց Նիկոլ Փաշինյանի թերեւս ամենամեծ ու «հայրենասիրական» սուտը: Չմոռանաք գրել նաեւ, որ լրագրողները սադրեցին ԱԺ կռիվը, ընդդիմությանը բոքսի տանձիկ դարձրին, ապրիլյան պատերազմի թեման շահարկեցին, Մարտի 1-ի դատավարությունը շոուի վերածեցին եւ այլն:

Մի նկատառում էլ․ մեր օրերում, ԶԼՄ-ներից բացի, լրատվամիջոց են դարձել նաեւ ներկա եւ նախկին պաշտոնյաների ֆեյսբուքյան էջերը, որոնք ունեն ընթերցողների լայն շրջանակ: Պաշտոնյաներն իրենց ֆեյսբուքյան գրառումներով, որոնք հաճույքով տիրաժավորում են լրատվամիջոցները, կարելի է ասել, պատուհաս են դարձել ոչ միայն անկախ լրատվամիջոցների, այլեւ հասարակության գլխին: Առաջարկում եմ հատկապես ուշադիր լինել Հանրային խորհրդի նախագահի աթոռին հայտնված Սծյոպիկ Սաֆարյանի գրառումներին, որոնց մեջ պետությունը խայտառակող մտքերի եւ մամուլի հասցեին լուտանքների պակաս չկա։ Սծյոպիկին առանձնացրեցի, որովհետեւ այդ պաշտոնում գտնվող մարդը քաղաքական շարժառիթներով չպետք է առաջնորդվի: