Հացը դնում են դռների առաջ, փախնում են՝ ոնց որ շների կերակրեն

Հացը դնում են դռների առաջ, փախնում են՝ ոնց որ շների կերակրեն

Աղավնաձորի հանգստյան տունը, որը պատկանում է Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանին, ժամանակավոր կացարան է դարձել կորոնավիրուսի կասկածով մեկուսացվածների համար: Այստեղ էին բերել նաեւ Ռուսաստանից ժամանած քաղաքացիներին: Աղավնաձորի բնակիչների մեծ մասը ծանր է տանում մեկուսացումը: «Բերդի պես տեղ ա, բերում են, հացը դնում են դռների առաջ, փախնում են՝ ոնց որ շների կերակրեն»,- պատմում է բնակիչներից մեկը, որի հետ հաջողվեց կապ հաստատել: Նա հոգեբանորեն ճնշված է, ինչպես եւ մյուսները: Դժգոհում է ողջ տարածքում տարածված քլորի խեղդող հոտից: «Քլորի մեջ կորած ա օբյեկտը, հոտը խեղդում ա, հա՛մ էդ հոտը, հա՛մ էլ ճնշված վիճակը»:

Դուրս գալու ցանկությունը միավորում է բոլորին, բայց կան մարդիկ, որոնք մեկ ամսից ավելի է, ինչ այստեղ են, այն դեպքում, երբ մեկուսացման ժամկետը 14 օր է: Ով 14 օրից ավելի է մնում, ուրեմն հիվանդ է: Մարդիկ բողոքում են, որ  Աղավնաձորի հանգստյան տանը նոր բերվածներին առանձին չեն պահում, եւ հիվանդները մինչեւ թեստավորման արդյունքը ստանալը, առողջներին կարող են վարակել: 

«Սենյակներում 4-5 հոգի ապրում են: Մեկը հիվանդ է լինում, բոլոր մյուսներին վարակում է: Լիքը տենց սենյակներ կան: Մարդ էլ կա՝ ընտանիքի բոլոր անդամներով մի սենյակում է ապրում: Ինքը հիվանդ ա, բայց մյուսներն առողջ են: Դե արի, հավատա էս վիրուսին, սաղ սուտ ա, թեստերն էլ սուտ են, ոչ ոք էլ չի հավատում էս թեստերին»,- մեզ պատմեց «Աղավնաձոր» հանգստյան տան աշխատակիցը: 

Վերջերս հիվանդներին այլեւս հիվանդանոց չեն տեղափոխում: «Բերում-լցնում են ստեղ: Սենյակներից դուրս գալ չի կարելի, մարդը հելնում ա բալկոն, մտնում ա ներս՝ վերջ: Մի հոգի բժիշկ ա մնում, ջերմություն ա չափում: Ոչ մի բուժում էլ չկա: Մարդ չի հասկանում, թե խի են էդքան երկար պահում: Կա՛մ թող պահեն ու բուժեն, կա՛մ հանեն, մարդիկ գնան իրենց տները»,- պատմում է N-ը: 
Նա այստեղ է եկել կամավոր: Կորոնավիրուսի հետեւանքով աշխատանքը կորցրածներից է, իսկ Աղավնաձորի հանգստյան տանը լավ են վճարում՝ մեկ օրվա համար 10 հազար դրամ են տալիս մեկուսացվածներին ճաշ բաժանելու, այլ աշխատանքների համար, բայց վարակվելու վախն այնպես է ազդում, որ օրական այս 10 հազար դրամն աչքին չի երեւում՝ օր առաջ ուզում է փախչել: Երեկ հերթական անգամ թեստավորում է անցել, սակայն պատասխանն ուշանում է: «Ի՞նչ պիտի անեմ, եթե ինձ ստեղ պահեն, հիվանդ էլ լինեմ, փախչելու եմ»,- ասում է նա: 

Սմբատ Ալավերդյանը, որն «Աղավնաձոր» հանգստյան տան համակարգողն է, վստահեցնում է. «Մեզ մոտ թեստավորվողները ժամանակին ստանում են թեստերի պատասխանները: Ոչ մի ուշացում չունենք»: Մեր դիտարկմանը, թե այս պահին ձեզ մոտ պահվող անձը, որի թեստի պատասխանն առավոտյան պետք է տային, բայց չի ստացել, նա ասաց. «Նա երեկ է թեստավորվել, այսօր պատասխանը կլինի»: 

Կան մարդիկ, որոնց մեկ ամսից ավելի են պահում: Սա, ըստ Սմբատ Ալավերդյանի, կապված է նրանց օրգանիզմի իմունպատասխան հատկությունների հետ․ «Մեզ մոտ պահվում են միայն այն մարդիկ, ում թեստի պատասխանը դրական է եղել»: Բայց կա՞ն դեպքեր, երբ առողջները մնում են հիվանդների հետ մի սենյակում: «Նման բան չկա, բացասականը դրականի հետ մնում է միայն այն պարագայում, երբ անչափահաս երեխա է հիվանդը եւ խնամքի կարիք ունի: Ծնողը մնում է այն դեպքում, երբ մենք նրան ռիսկերի մասին տեղեկացնում ենք, որ հնարավոր է եւ վարակվի»,- ասաց Սմբատ Ալավերդյանը եւ դադարեց հարցերի պատասխանել, հորդորելով դիմել առողջապահության նախարարություն: Նախարարի խոսնակն էլ նշեց, որ համաճարակաբանորեն ամբողջ իրավիճակը հաշվի է առնվում եւ որեւէ կամայականություն հիվանդների մեկուսացման հարցում թույլ չի տրվում: Ինչո՞ւ չեն Աղավնաձորում պահվողներին տեղափոխում բուժհաստատություն, այլ թողնում են հյուրանոցում: «Մենք հիմա որոշում ունենք, որ ասիմպտոմ հիվանդները մնան հյուրանոցում»,- պատասխանեց նա: Այդ դեպքում ընտանիքի անդամներին ինչո՞ւ են միասին պահում, եթե մեկը վարակված է, մյուսներին էլ կվարակի: «Եթե ընտանիքով տանն էլ մնան, էլի նույն տանն են մնալու ու իրար վարակեն, ինչի՞ մասին է խոսքը»,- ասաց խոսնակը, նշելով, որ նեղ համաճարակաբանական հարցերին պատասխանել չի կարող: 

«Աղավնաձոր» հանգստյան տան տնօրեն Սերյոժա Արամյանն էլ ասաց. «Մարտի 19-ից մենք հանձնել ենք հանգստյան տունը կառավարությանը, ես որեւէ հարցի իրավասու չեմ պատասխանել: Աշխատողներին իրենք են բերել, մեր աշխատողները չեն»: