Թող Աստված դատի քեզ, հազար ամոթ քեզ` անառակ որդի ես դու

Թող Աստված դատի քեզ, հազար ամոթ քեզ` անառակ որդի ես դու

«Հանրապետություն» կուսակցությունը եւ նրա նախագահ Արամ Զավենի Սարգսյանը, որը դեռ ամիսներ առաջ ներկայանում էր որպես ընդդիմադիր ուժ, սեպտեմբերին` Երեւանի ընտրություններից հետո, կոալիցիա կազմեցին ՔՊ-ի հետ` ՔՊ-ին բերելով իշխանության եւ վերջնականապես դառնալով իշխանության հաճախորդը: Ինչ խոսք, Արամ Զավենիչը երբեք աչքի չի ընկել ընդդիմադիր կեցվածքով` նա միայն 2018 թվականի հեղափոխության շրջանում չաջակցեց Նիկոլ Փաշինյանին: Իսկ երբ նա եկավ իշխանության` անցավ նրա կողմն ու ամենօրյա ծառայություններ է մատուցում նրան եւ անգամ Արցախի կորուստը չսթափեցրեց նրան: 

Մարտի 5-ին` Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը նա Նիկոլ Փաշինյանի եւ այլ ՔՊ-ականների հետ այցելել էր «Եռաբլուր», որտեղ կրկին արել է այնպիսի հայտարարություններ, որոնք անում են, օրինակ, ախուրյանցի Անոն, Լոսի Քիսոն և այլ նիկոլապաշտներ: Նա կրկին նշել է, որ Արցախի կորստի համար Նիկոլ Փաշինյանը մեղավոր չէ, որ դրանք նախկիններն են հանձնել թշնամուն և այլն: Բայց քանի որ հոգու խորքում հասկանում է, որ անհեթեթություններ են ասածները եւ դավաճանություն` իր եղբոր հիշատակին, այնքան է նյարդայնացել, որ կոպտել է իրեն հարց ուղղող լրագրողին:

«Խաչակիրներ» ջոկատի փոխհրամանատար Շահե Աճեմյանը «Հրապարակի» հետ զրույցում իր տարակուսանքն է հայտնում Արամ Սարգսյանի մասին, ասում է, որ բանական մարդու գլխում չի կարող տեղավորվել, թե ինչպես է Սպարապետի հարազատ եղբայրն իր եղբոր արյամբ ազատագրած Արցախի կորստյան փաստի հետ այդքան հաշտ.

«Ես զզվանք եմ ապրում, երբ լսում եմ իրեն: Ժամանակին հանդիպել ենք, նստել ենք, իրար հետ զրուցել ենք, հարգել եմ իրեն` որպես Վազգենի եղբայր: Մանվելի կալանավորումից հետո, ես իրեն առաջարկեցի ինքը դառնա ԵԿՄ նախագահ, սիմվոլի համար, որ որպես Վազգենի եղբայր տոնական օրերին ելույթներ ունենա, եղբոր ոգին փոխանցի մեզ, իմ առաջարկը չընդունեց: Ընտրվեց Սասուն Միքայելյանն ու մտերմացավ Նիկոլի հետ: Նիկոլը ողջ Հայաստանին, հայ ժողովրդին խաբել է, բայց ես չեմ հասկանում, Արամ Սարգսյանն այդ խաբվածներից մե՞կն է, թե՞ ինչ-որ բան են խոստացել: Նա հավանաբար ներքուստ գիտակցում է, թե ինչ է կատարվում իրականում, ուղղակի չի խոստովանում: Աստված գիտի, թե իրեն ինչեր են խոստացել: Այսօրվա ընդդիմությանն է քննադատում, մեղադրում, բայց տարիներ առաջ էլ նրանց ձեռքից վարչապետի պաշտոնը վերցրեց: Չեմ հասկանում, թե նա ինչ տեսակի մարդ է, երանի հոգեբան լինեի ու այդ մարդուն հասկանայի, ինչ է մտածում, ինչի համար, առհասարակ ի՞նչն է նրա կյանքի նպատակը, եթե Սպարապետի համար այդքան սիրելի Արցախը հանձնվեց թուրքին: Ես նրան մի բան կասեմ. Թող Աստված դատի քեզ, հազար ամոթ քեզ: Անառակ որդի ես դու, մեր հաղթանակները քեզ համար ոչինչ էին…. Երեխա չես, վարչապետ ես եղել իբր թե, եթե չես գիտակցում այդքանից հետո, թե ինչ է կատարվում, ուրեմն խոսքերն ավելորդ են, էլ ասելու բան չկա: Ես փորձում եմ անտեսել, արհամարհել այդ արարածին», - ասում է Շահե Աճեմյանը: 

Նիկոլ Փաշինյանն ամեն անգամ այցելում է «Եռաբլուր», չոքում մեր հերոսների շիրիմների առաջ, ժամեր անց խոսում Ադրբեջանի հետ եղբայրանալու մասին, Շահե Աճեմյանն ասում է.

«Նիկոլը պարզապես խայտառակություն է: Տպավորություն է, թե ուզում է մեր նախկին նախագահներին նմանվի, որ հաղթանակած տոնական օրերին այցելում էին Եռաբլուր, խունկ վառում ու ծաղիկներ դնում հերոսների շիրիմներին, բայց չի կարող նմանվել: Պարտված մարդը չի կարող նմանվել ոչ մեկին: Նա շողոքորթ, կեղծ մարդ է ու իրեն թվում է, թե մարդիկ հավատում են իրեն, բայց իրականում մեր ժողովուրդն արդեն զզվում է իրենից: Նա Եռաբլուր գնալու բարոյական իրավունք չունի: Էժանագին դերասան է, գնում է դերասանություն է անում: Նողկանք է առաջացնում այդ տեսարանը: Ինչպես կարելի է մարդասպանություն անել, հետո գնալ շարվել «Եռաբլուրում»», - նշեց Աճեմյանը: