Արայիկ Հարությունյանը հաղթել է 2005-ին

Արայիկ Հարությունյանը հաղթել է 2005-ին

Իմ բարեկամ Թաթուլ Հակոբյանը հոդված է հրապարակել, որտեղ այն միտքն է զարգացնում, թե նախագահական ընտրություններում Արայիկ Հարությունյանը նախ Երեւանում է հաղթել, ապա՝ Արցախում: Դա նրա անձնական տպավորությունն է կամ՝ վերլուծությունը, որ, սակայն, բացառապես կառուցված է Հայաստանի  լրագրողական միջավայրում շրջանառվող վարկածների վրա: Իրականությունը բոլորովին այլ կլինի, եթե  Արայիկ Հարությունյանի քաղաքական կերպարը դիտարկվի նրա կայացման եւ ինքնահաստատման ընթացքի մեջ: Արցախում 2005թվականը սահմանային էր: Նախագահ Արկադի Ղուկասյանն ավարտում էր պաշտոնավարման երկրորդ ժամկետը, սպասվում էին խորհրդարանական ընտրություններ, որ խոստանում էին լինել բավական սուր-մրցակցային: 2004-ի տարեվերջին ԱԺ-ում 9 մանդատով ներկա Դաշնակցությունը հայտարարել էր կոշտ ընդդիմության անցնելու մասին:

Մինչ այդ Շարժում 88-ՀՅԴ դաշինքը հաղթել էր Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններում: Նրանք ամբողջական իշխանափոխության հստակ խնդիր էին դրել՝ հաղթել խորհրդարանական ընտրություններում եւ 2007-ի նախագահական մրցապայքարում առաջադրել իրենց թեկնածուին: Այս իրավիճակում է, որ քաղաքական հայտ ներկայացրեց Արայիկ Հարությունյանը՝ ստեղծելով «Ազատ հայրենիք» կուսակցությունը: 2005-ի խորհրդարանական ընտրություններում այդ ուժն ստացավ 12 մանդատ, Դաշնակցությունը, որին միացել էր նաեւ Վիտալի Բալասանյանը՝ 3: Մյուս տեղերը բաժին ընկան Արցախի ժողովրդավարական կուսակցությանը, որի առաջնորդ Աշոտ Ղուլյանն ընտրվեց ԱԺ նախագահ:

Ակնհայտ էր, որ տեղի է ունենում քաղաքական սերնդափոխություն, եւ երկու ուժերի՝ ԱԺԿ-ի եւ Ազատ հայրենիքի միջեւ ծավալվելու է ոչ հրապարակային մրցակցություն, որ տեւեց շուրջ երկու տարի եւ հանգուցալուծվեց հօգուտ երկրորդի, երբ նախագահական ընտրություններից հետո 33-ամյա Արայիկ Հարությունյանը նշանակվեց վարչապետի պաշտոնում: Դա 2005-ի խորհրդարանական ընտրություններում նրա տպավորիչ դեբյուտի տրամաբանական շարունակությունն էր: Ահա այս կտրվածքով պետք է դիտարկել մարտի 31-ի քվեարկության արդյունքները՝ որ 2005թ. ի վեր Ազատ հայրենիք կուսակությունը քաղաքական վերելք է ապրել Այսօր արտառոց ոչինչ տեղի չի ունենում, 2005-ին սկսված սերնդափոխության հիմնական դերակատար Արայիկ Հարությունյանն Արցախում արձանագրում է  քաղաքական իր ժամանակի վերադարձը: