«Երևան իմ սեր» հիմնադրամի ծրագրերից 2020 թ. ընթացքում ավելի քան  2000 ընտանիք է օգտվել

«Երևան իմ սեր» հիմնադրամի ծրագրերից 2020 թ. ընթացքում ավելի քան  2000 ընտանիք է օգտվել

Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հենց առաջին իսկ օրերից «Երևան իմ սեր» հիմնադրամը արցախցիների աջակցությանն ուղղված քայլեր ու ծրագրեր է նախաձեռնել:

Հիմնադրամը 50 հազար ԱՄՆ դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահավաքին, ինչպես նաև սոցիալ-հոգեբանական հատուկ ծրագիր է նախաձեռնել (որն այս պահին էլ շարունակվում է) Արցախից Հայաստան տեղափոխված երեխաների և նրանց ծնողների համար:

Մինչ այդ, հիմնադրամն աջակցության այլ բնույթի ծրագրեր էր իրականացրել հուլիսին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տուժած Տավուշի մարզի սահմանամերձ մի շարք համայնքերի շուրջ 500 կարիքավոր ընտանիքների համար՝ տրամադրելով առաջին անհրաժեշտության սննդամթերք, հագուստ և կոշիկ։ Մարզի ևս 700 ընտանիքների հիմնադրամն աջակցել էր նախորդ ամիսների ընթացքում:

Hraparak.am կայքում հրապարակված տեղեկատվության մեջ հեղինակը հենց Տավուշի սահմանամերձ համայնքերի համար նախատեսված ծրագիրն է նկատի ունեցել:Հարկ է նշել, որ Արցախից տեղափոխված ընտանիքների համար սոցիալական աջակցության առանձին ծրագիր, որպես այդպիսին, չի եղել. մի շարք արցախցի ընտանիքների հիմնադամի կողմից ուղղակի անհատական աջակցություն է ցուցաբերվել:

«Երևան իմ սեր» հիմնադրամը հնարավորությունների սահմաններում շարունակում է օգնել մեր հայրենակիցներին: Նշենք, որ հիմնադրամը մեկ այլ սոցիալական ծրագիր է իրականացրել COVID-19-ով պայմանավորված ՝ աջակցություն տրամադրելով հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքներին, զինհաշմանդամներին, սիրիահայ ընտանիքներին: 2020 թ. ընթացքում հիմնադրամի աջակցության տարբեր ծրագրերից ընդհանուր առմամբ օգտվել է ավելի քան 2000 ընտանիք: