Պատերազմի «բիզնեսմենը»՝ Նոբելյանի հավակնորդ

Պատերազմի «բիզնեսմենը»՝ Նոբելյանի հավակնորդ

Բոլորս հիշում ենք պատերազմի ժամանակ հայ հասարակության խորացող հիասթափությունը Իսրայել պետությունից, այդ երկրի վարչապետից ու նույնիսկ հրեա ժողովրդից, որոնք ոչ միայն որեւէ քայլով չփորձեցին օժանդակել նոր ցեղասպանության առջեւ կանգնած իրենց բախտակից հայ ժողովրդին, այլեւ օր ու գիշեր ինտենսիվորեն զենք ու զինամթերք մատակարարեցին ագրեսոր պետությանը՝ ուղղակի սատարելով թուրք-ադրբեջանա-ահաբեկչական զինուժի ցեղասպան գործողությունները։

Թե ինչու եղավ այդպես՝ պատմաբանների, քաղաքագետների, դիվանագետների, նույնիսկ էթնոհոգեբանների ուսումնասիրության հարց է, բայց այսօր, երբ պատերազմն ավարտված է, իսկ հարյուրավոր զոհերը՝ դեռեւս անթաղ, լուր ենք առնում, թե՝ «Խաղաղության նոբելյան մրցանակի 1998 թվականի դափնեկիր, Օլսթերի յունիոնիստական կուսակցության նախկին ղեկավար Դեյվիդ Թրիմբլն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին (եւ Աբու Դաբիի թագաժառանգ Մոհամադ բին Զայիդ Ալ Նահայանին) առաջադրել է 2021 թվականին այդ մրցանակը ստանալու համար»: Սա պաշտոնական տեղեկատվություն է, որի մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է Իսրայելի վարչապետի գրասենյակը:

Ճակատագրի ծաղր է, տիեզերական անարդարություն։ Մարդը, նաեւ ում խղճին է հազարավոր զոհերի եւ վիրավորների արյունն ու մայրերի անեծքը, այսօր Նոբելյան մրցանակի դափնեկրի թեկնածու է դառնում, այն էլ՝ խաղաղության։ Սա նաեւ անարգանք է զոհերի հիշատակին, որովհետեւ արդեն իսկ արյունով է «օծված» այն դափնեպսակը, որ կարող է դրվել Իսրայելի վարչապետի ուսերին։ 

Ուշագրավ է, որ այդ մասին հայտարարում է արյունոտ բիզնեսը սատարող, խղճի ու խղճմտանքի ձայնին խուլ վարչապետ-«բիզնեսմենի» գրասենյակը, ինչը հուշում է, որ նա ոչ միայն համաձայն է այդ առաջարկին, այլեւ համարում է բարոյական։ 
Հույս ունենանք, որ, այնուամենայնիվ, բանը դրան չի հասնի, «բիզնեսմեն» Բ․ Նեթանյահուն չի դառնա Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր, որովհետեւ աշխարհը չի կարող այդ աստիճանի անարդար եւ փչացած լինել։ 

ՀԳ։ Բոլոր դեպքերում, կարծում ենք՝ մեր պետության առաջիկա դիվանագիտական աշխատանքի մի ոլորտ էլ կարող է դառնալ սա՝ թույլ չտալ դարի այդ սրբապղծությունը, իսկ աշխատանքներին ներգրավել նաեւ սփյուռքյան կառույցներին, կարողունակ այլ ուժերի։ 
Նոբելյան այս «թեմայի» խելամիտ արծարծումը կարող է նաեւ յուրատեսակ նպաստ բերել արցախյան պատերազմի եւ, ընդհանրապես՝ հակամարտության խնդրի վերաբերյալ միջազգային հանրությանն իրազեկելու գործին։