Ես չեմ սիրում «քաղաքացուն», ես «հայ մարդուն» եմ սիրում

Ես չեմ սիրում «քաղաքացուն», ես «հայ մարդուն» եմ սիրում

Առաջին հայացքից կարող է թվալ` թեման, որի մասին ուզում եմ խոսել, ոչ մի կապ չունի այս երկրի ու նրա այսօրվա հետ: Բայց իրականում դա միայն առաջին հայացքից ստացված տպավորություն կարող է լինել: Իսկ այն այդպիսին կարող է լինել, որովհետեւ, եթե իրոք մենք ազգովի ուզում ենք կամ երբեւէ կուզենանք, որ այս ջախջախված ու արժանապատվությունը կորցրած երկրում ինչ-որ բան փոխվի, ապա առաջին հերթին պետք է հենց այստեղից սկսենք, հենց այս պարտված ու անպատվված երկրում մոլեգնող, այսքան շատ «քաղաքացիապաշտությունից» ազատվենք:
Այո, ես չեմ սիրում Հայաստանի Հանրապետության «քաղաքացուն»: Չեմ սիրում, որովհետեւ համարում եմ, որ այս տարածաշրջանում արդյունավետ ու արժանապատիվ հայկական պետություն ունենալու համար այսօրվա Հայաստանի Հանրապետության «քաղաքացու» իրավունքները ոչ թե միայն շատ են, այլ շատ-շատ են:

Փոխարենը ես «հայ մարդուն» եմ սիրում: Իսկ նրան սիրում եմ, որովհետեւ նա ընդամենը երկու պարտականություն եւ մեկ իրավունք ունի: Ես նրա այդ երկու պարտականությունն ու մեկ իրավունքն եմ սիրում:
Այո, ես սիրում եմ «հայ մարդու» առաջին պարտականությունը: Պարտականություն, որը երկիրն ու երկրի սահմանները պաշտպանելու համար, իրեն ու իր զավակին զոհաբերելու՝ նրա կամքին ու վճռականությանն է վերաբերում: Ես «հայ մարդու» մոտ նրա հենց այդ կամքն ու վճռականությունն եմ սիրում:

Այո, ես սիրում եմ նաեւ «հայ մարդու» երկրորդ պարտականությունը: Պարտականություն, որը որքան հնարավոր է շատ երեխա ունենալուն եւ նրանց «հայեցի դաստիարակություն տալուն» է վերաբերում: Ես «հայ մարդուն» իր՝ այս պարտականության կարեւորությունը գիտակցելու համար եմ սիրում:

Եվ վերջապես․ գուցե բոլորից եւ ամեն ինչից շատ ես «հայ մարդու» միակ իրավունքի՝ նրա «աշխատանքի իրավունքի» իրացումն եմ սիրում: Բայց այն «աշխատանքի իրավունքի» իրացումը, որը ոչ թե չափազանցության եւ խելագարության հասած նրա կենսաբանական եւ ֆիզիոլոգիական պահանջների բավարարման, այլ իր ընտանիքի բարեկեցության համար է արվում: Այն բարեկեցության համար, որը «հայ մարդուն» եւ նրա ընտանիքին մեկ կամ երկու երեխա ունենալու փոխարեն վեց-յոթ երեխա ունենալու եւ նրանց «հայեցի դաստիարակելու» մոտիվացիայով է ապահովում: Ահա թե ինչու ամեն ինչից ու ամեն բանից շատ ես «հայ մարդու» այդ «երկու պարտականություններն» ու նրա «մեկ իրավունքի» իրացումն եմ սիրում:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ