Մարզական ամենապատկառելի ստուգատեսին ընդառաջ

Մարզական ամենապատկառելի ստուգատեսին ընդառաջ

Մրցաշրջան - 24-ն առանձնահատուկ է, եւ դա հասկանալի է, քանի որ անվանի մարզիկներն անհաշտ պայքար են մղելու ոչ միայն մեդալների, այլեւ հերթական` 33-րդ օլիմպիական խաղերի ուղեգրերի համար: Ի դեպ, Փարիզում կայանալիք այդ խոշորագույն ստուգատեսի բացման արարողությունը կայանալու է հուլիսի 26-ին, եւ 32 մրցաձեւ ընդգրկող ծրագրի ամփոփումը նախատեսվում է օգոստոսի 11-ին:

Այս նախապատրաստական եռուն օրերին մարզասերների ուշադրությունը գրավում են հենց վարկանիշային մրցաշարերը: Դրանցից մեկն օրերս կայացավ Կահիրեում` շուրջ 600 հրաձիգ վիճարկեցին աշխարհի գավաթը: Այդ մեծ մրցասպարեզում իրենց վատ չդրսեւորեցին Հայաստանի պատվիրակները: Հատկապես աչքի ընկան 10 մետր տարածության խառը զույգերի մրցումներին մասնակցած Էլմիրա Կարապետյանն ու Բենիկ Խլղաթյանը, որոնք 581 միավոր (292+289) ընդհանուր արդյունքով գրավեցին երկրորդ տեղն ու արժանացան արծաթե մեդալների:
Առաջիկա երկուշաբթի օրը` փետրվարի 12-ին, Եվրոպայի առաջնության մեկնարկներ կտրվեն միաժամանակ երկու հարեւան երկրում` Ռումինիայում եւ Բուլղարիայում: Մեկը հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբիշների մասնակցությամբ կանցկացվի Բուխարեստում, իսկ Սոֆիայում հանդես կգան ծանրորդները: Հասկանալի է, որ մեր թե՛ ըմբիշները եւ թե՛ ծանրորդները մեկնելուց առաջ ուսումնամարզական հավաքներ են անցկացրել Ծաղկաձորում եւ Երեւանի օլիմպավանում: Ի դեպ, Հայաստան էին ժամանել նաեւ Լեհաստանի եւ Էստոնիայի ծանրորդների հավաքականները: Թերեւս, նկատի ունենալով մեր դյուցազունների բարձր հեղինակությունը, հյուրերը նպատակահարմար էին գտել Եվրոպայի առաջնության նախօրեին անցկացնել համատեղ մարզումներ:

Վարկանիշային իմաստով բավականին առատ են ստուգատեսները հատկապես կաշվե ձեռնոցի վարպետների համար: 13 տղամարդու եւ 6 կանանց նախ լուրջ փորձություն է սպասվում փետրվարի 28-ին իտալական Բուրսո-Արսիցիո քաղաքում մեկնարկելիք մրցաշարում, ապա` Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում մայիսի վերջին նախատեսված լայնամասշտաբ ստուգատեսում: Դեռ ավելին, բռնցքամարտիկներին ոչ պակաս լուրջ քննություն է սպասվում Եվրոպայի առաջնությունում, որն ապրիլի 2-15-ն անցկացվելու է Խորվաթիայի Պորեչ քաղաքում: Իսկ տարվա վերջին ծրագրվում է անցկացնել աշխարհի առաջնություն, որն օլիմպիադայից հետո ամենալուրջ ստուգատեսն է լինելու:
Տարին բռնցքամարտից ոչ պակաս հագեցած է լինելու նաեւ մեր բասկետբոլիստների համար: Բավական է ասել, որ աշխարհի եւ Եվրոպայի մրցասպարեզում հանդես է գալու Հայաստանը ներկայացնող յոթ ազգային հավաքական:

Առաջնային նշանակություն է տրվում տղամարդկանց գլխավոր ընտրանուն, որին սպասում է լուրջ քննություն` աշխարհի առաջնության նախընտրական մրցափուլը: Մեկնարկային խաղը մեր բասկետբոլիստներն անցկացնելու են փետրվարի 22-ին` ավստրիացիների հետ, ապա երեք օր անց ընդունելու են ալբանացիներին: Կարեւոր է նաեւ նշել, որ գլխավոր հավաքականի ավագ մարզիչ է նշանակվել ամերիկահայ Ռեքս Կալամյանը, ով մարզչական աշխատանքի 30 տարվա հարուստ փորձ ունի: Հետեւաբար, հուսով լինենք, որ այդ խաղային մարզաձեւում անպայման որոշակի առաջընթաց է գրանցվելու: Նման լավատեսություն հնչեց նաեւ բասկետբոլի ֆեդերացիայի օրերս կայացած նիստում: 
Մեր շախմատիստների համար էլ մրցաշրջան - 24-ի մեկնարկային ստուգատես դարձավ Իրանի Քերմանշահ քաղաքում անցկացված միջազգային մրցաշարը: Այստեղ ուժեղագույնների` A խմբում հանդես եկած գրոսմայստեր Լեւոն Բաբուջյանը ցույց տվեց երկրորդ արդյունքը` 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր: Երկրորդ ցուցանիշը գրանցվեց նաեւ B խմբում: Աչքի ընկավ նաեւ Ռադիկ Աբրահամյանը, ով 9 հնարավորից իր օգտին գրանցեց 7,5 միավոր: 
Իսկ ահա ֆուտզալի գծով արդեն մեկնարկել է աշխարհի առաջնության որակավորման փուլը: Երեւանում մեր թիմն ընդունեց Վրաստանի հավաքականին եւ համոզիչ առավելության հասավ 3:1 հաշվով: Աշխուժացել է նաեւ ֆուտբոլային կյանքը: Մեր ազգային հավաքականը մրցաշրջանը սկսելու է փորձնական հանդիպումներով: Առաջին ստուգողական խաղը կայանալու է մարտի 26-ին: Այդ օրը մեր թիմը Պրահայում կմրցի չեխերի հետ:

Իսկ տառացիորեն անցած կիրակի մանրամասներ հայտնի դարձան օլիմպիադայից հետո երկրորդ խոշոր իրադարձության` ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի մասին: Ինչպես հայտնի է, այն անցկացվելու է Գերմանիայում եւ շարունակվելու է ուղիղ մեկ ամիս` հունիսի 14-ից մինչեւ հուլիսի 14-ը: Չեմպիոնի կոչման համար պայքարը սկսելու են վեց քառյակների բաժանված ազգային հավաքականներ, իսկ շարունակելու իրավունք կստանան ենթախմբերում հաջողության հասած երկուական եւ լավագույն ցուցանիշներ գրանցած ու երրորդ տեղեր գրաված չորս հավաքականներ: Այսօր այդ հավաքականներից հայտնի են 21-ի անունները, մյուս երեք հավաքականները հայտնի կդառնան երեք քառյակի բաժանված 12 թիմերի կիսաեզրափակիչ, ապա` եզրափակիչ հանդիպումներից հետո: Ահա այդ քառյակները`
A. Լեհաստան-Էստոնիա, Ուելս-Ֆինլանդիա
B. Իսրայել-Իսլանդիա, Բոսնիա Հերցեգովինա-Ուկրաինա
C. Վրաստան-Լյուքսեմբուրգ, Հունաստան-Ղազախստան
Խաղերը կկայանան մարտի 21-ին եւ 26-ին:

Իսկ հիմա՝ ֆինանսական խոսուն թվեր. խաղերի տոմսի արժեքն է 95-ից մինչեւ 2 հազար դոլար: Նախատեսված պարգեւատրությունը կազմել է 331 միլիոն եվրո: Բոլոր 24 մասնակից թիմերը կստանան 9,25 միլիոն եվրո: Ամեն հաղթանակի եւ ոչ-ոքիի համար էլ թիմերին կտրվեն պարգեւներ՝ կես միլիոն եվրոյից սկսած: Հաշվարկված է, որ եթե չեմպիոնը հաղթել է իր ենթախմբի բոլոր երեք մրցակիցներին, նրա պարգեւը կկազմի 28,25 միլիոն եվրո:

Միսակ Նազարյան