Կուռքեր մի՛ կերտեք

Կուռքեր մի՛ կերտեք

Մեր ընդդիմադիր դաշտը վաղուց միատարր չէ. այն ընդգրկում է ոչ միայն բոլոր նախկիններին ու ներկա իշխանությանը մերժող  մարդկանց, ովքեր Հայաստանի փրկությունը չեն կապում որեւէ անձի կամ որեւէ իշխանության հետ: Նրանք մի հարցում են համակարծիք` որ այս իշխանությունը պետք է հեռանա: Ոմանք կողմնակից են նոր՝ ժամանակավոր անցումային կառավարության, որտեղ պետք է ներգրավված լինեն չարատավորված, ազգային եւ որեւէ աշխարհաքաղաքական կենտրոնից չկառավարվող մարդիկ: Կան ուժեր, որոնք Հայաստանի փրկությունը կապում են բացառապես Ռուսաստանից կտրվելու` հրաժարվելու եւ ԱՄՆ-ի հովանավորության տակ անցնելու հետ, ինչպես ԱԺԲ-ականները: Կան սերժականներ ու քոչարյանականներ, ովքեր Ռուսաստանի հանդեպ լոյալ մոտեցում ունեն եւ համոզված են, որ այս տարածաշրջանից ՌԴ-ի հեռացումը հղի է վտանգավոր հետեւանքներով: Բայց այս բոլոր ուժերի ջրերը մի առվով չեն հոսում` անգամ արտաքուստ գաղափարակից ուժերինը, այդ թվում` սերժականներինն ու քոչարյանականներինը: 

Թե ինչ հարաբերություն ունեն նախկին երկու նախագահները միմյանց հետ, դժվար է ասել: Բայց մի բան փաստ է, որ եթե դրանք շաքար-շոկոլադ լինեին, նրանց թիմերի միջեւ այդքան տարաձայնություն, այդքան հրապարակային կոնֆլիկտներ չէին լինի: Համենայնդեպս արձանագրենք, որ երկու նախագահները պահպանում են իրենց գործընկերային սոլիդարությունը եւ բացահայտ իրար չեն խայթում: Նույնը չի կարելի ասել նրանց թիմերի մասին. նրանց միջեւ հաճախ են տեղի ունենում փոխհրաձգություններ: Բավական է որեւէ մեկը հակառակ ճամբարից մի թթու խոսք ասի մյուս թիմի առաջնորդի մասին, ու թիմի երիտասարդները սկսում են ֆեյսբուքյան «մենամարտերը»` կանգնելով իրենց առաջնորդի թասիբին եւ հավատարմության ցուցադրումով մրցելով իրար հետ: Հատկապես, երբ մեկը համարձակվում է բարձրացնել հավերժական հարցը` ո՞վ բերեց Նիկոլին: Այդ ժամանակ մեղմ փոխհրաձգությունները վերաճում են կատաղի մարտերի: Մինչդեռ այդ հարցն ինչ-որ առումով հռետորական է, քանի որ Նիկոլին բոլորս ենք բերել: Բայց այդ հարցից իրենց հատկապես վատ են զգում Սերժ Սարգսյանի ճամբարում եւ երբեմն հակադարձում են, թե «Նիկոլին բերեց Ռուսաստանը, հիմա էլ ռուսն է ղեկավարում ռուսական կողմնորոշում ու մեծ կապեր ունեցող քոչարյանական ընդդիմությանը»: 

Նախկին երկու նախագահներն էլ իրենց ավանդն են ունեցել Հայաստանի ճակատագրում` ե՛ւ լավի, ե՛ւ վատի հարցում: Բայց նրանք դերակատարում են ունեցել Արցախի ազատագրման եւ պաշտպանության գործում, Հայաստանի զարգացման ու անվտանգության հարցում: Ունեցել են նաեւ մեծ ու փոքր սխալներ, բացթողումներ, բայց նրանք հողատու չեն, դավաճան չեն եւ թշնամու առաջ երբեք գլուխները չեն կախել: Երկու նախագահների օրոք էլ Հայաստանը եղել է անվտանգ, ապահով: Մեր բանակը եղել է մարտունակ, Արցախը մերն էր, թշնամին էլ Հայաստանի տարածքում իրեն սանձարձակ չէր պահում: 

Այնուամենայնիվ, նրանց (եւ ոչ մեկին) պետք չէ կուռք դարձնել, սրբացնել եւ կռապաշտի նման հարձակվել այն մարդկանց վրա, ովքեր իրենց գրավոր կամ բանավոր խոսույթում կհամարձակվեն որեւէ քննադատական խոսք ասել իրենց «կուռքի» հասցեին: Բոլորն էլ իրավունք ունեն կարծիք հայտնելու, եթե, իհարկե, այն չի անցնում անձնական վիրավորանքի շեմը:

Մանավանդ պետք է գիտակցեն, որ ընդդիմադիր դաշտի ներքին անհաշտությունը ոչ մի լավ արդյունքի չի հանգեցնելու: Պառակտված ընդդիմությունն ամենալավ նվերն է Նիկոլ Փաշինյանին: