Ուսուցչական 1 դրույքի համար՝ 108,8 հազար դրամ աշխատավարձ

Ուսուցչական 1 դրույքի համար՝ 108,8 հազար դրամ աշխատավարձ

Հանրային քննարկման է ներկայացվել դպրոցների ֆինանսավորման կարգի նախագիծը՝ «Հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցներն ու նորմատիվները հաստատելու մասին»։ 
Ըստ այդմ՝ ուսուցչական մեկ դրույքի համար սահմանվելու է նվազագույն աշխատավարձ՝ 108,8 հազար դրամ։ Դասղեկության համար նախատեսվող լրավճարը, որը հավասար է մինչեւ 18 աշակերտով կոմպլեկտավորված դասարանների դեպքում՝ ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի 10 տոկոսին, 18 եւ ավելի աշակերտով դասարանների դեպքում՝ ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի 20 տոկոսին։ Մեթոդմիավորման ղեկավարին տրվող լրավճարը հավասար է ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի 10 տոկոսին, մինչեւ 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ ոչ ավելի, քան 4, 9-ից մինչեւ 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ ոչ ավելի, քան 6, 18-ից ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ ոչ ավելի, քան 8 մեթոդմիավորների հաշվարկով։

«Դուք ասում եք՝ դրանով անցում ենք կատարում ըստ դասարանների թվի ֆինանսավորման, բայց չեք հստակեցնում դասարաններում աշակերտների առավելագույն թիվը: Եթե պիտի դարձյալ մնա 35-ը, ապա ոչինչ էլ չի փոխվելու։ 45 րոպեում 35 աշակերտից յուրաքանչյուրի կարիքներին համապատասխան կրթություն ապահովելը պարզապես անհնար է. արդյունքում տուժում են կա՛մ առաջինները, կա՛մ երկրորդները: Իզուր չէ, որ մասնավոր դպրոցներում աշակերտների առավելագույն թիվը 15-17 է: Դասարաններում աշակերտների առավելագույն թվաքանակի նվազեցումը բխում է ամենից առաջ երեխաների շահերից, երկրորդը՝ ուսուցչի»,- նկատել է e-draft.am-ում քննարկման մասնակիցներից մեկը։

Մեկ ուրիշի դիտարկմամբ էլ՝ նախագծի հեղինակների առաջարկած 2,30 գործակցով տնօրենի աշխատավարձը կազմում է 157 հազար․ «Հարկումից հետո էլ մնում է 110-120 հազար դրամ: Սա, ոչ ավել-ոչ պակաս, արհամարհանք է տնօրենի նկատմամբ: Ո՞ր տնօրենն էս խղճուկ աշխատավարձով կաշխատի ամենաանշնորհակալ եւ ամենապատասխանատու գործում: Առաջարկում եմ տնօրենի հաստիքի համար նախատեսված նվազագույն 2,30 գործակիցը կրկնապատկել, անկախ դպրոցի աշակերտների թվից»: «Հարգելի գործընկերներ, առաջարկվող նախագծում խոսք անգամ չկա սահմանամերձ բնակավայրերի դպրոցներում աշխատող մանկավարժներին ավելի բարձր աշխատավարձ կամ հավելավճար տալու մասին: Առաջարկում եմ այս հարցը եւս ներառել նախագծի մեջ»,- նկատել է մեկ այլ օգտատեր։  

Նախագծի մասին ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն էլ իր էջում գրել էր, որ դրանով անցում է կատարվում ըստ դասարանների թվի ֆինանսավորման։ «Նորմատիվային ֆինանսավորում ենք նախատեսում՝ դպրոցի պահպանման ծախսերի համար։ Բոլոր դպրոցներում ամրագրում ենք հոգեբանների առկայության պահանջը։ Ամրագրում ենք ներառական կրթության նպատակով ֆինանսավորման պահանջը բոլոր դպրոցներում՝ երեք բաղադրիչով. մասնագիտական ծառայություններ, ֆիզիկական միջավայրի հարմարեցում եւ յուրաքանչյուր երեխայի համար անհատական հարմարեցումների ֆոնդ։ Ամրագրում ենք լաբորանտների հաստիքները եւ լաբորատորիաների պահպանման ծախսերը։ Ուսուցչական դրույքներն արդեն իսկ պլանավորում ենք նոր կառուցվածքի համաձայն․ 2023-ից՝ 18 շաբաթական դասավանդվող ժամ՝ տարրականների, եւ 20 շաբաթական դասավանդվող ժամ՝ միջին եւ ավագ աստիճանի համար»։