Ֆուտբոլ`առաջին տեղում… վերջից

Ֆուտբոլ`առաջին տեղում… վերջից

Ֆուտբոլային կյանքը հարաբերական հանգստի փուլ է մտնում: Կաշվե գնդակի անվանի վարպետները նախապատրաստվում են գլխավոր ստուգատեսին` Քաթարում տարեվերջին նշանակված աշխարհի առաջնությանը։ Սակայն ավելի ճիշտ կլինի ասել, որ գալիս է այն ժամանակաշրջանը, երբ հարկ է լրջորեն վերլուծել արդեն կայացածը եւ բանիմաց մասնագետների` պրոֆեսիոնալների մասնակցությամբ հետեւություններ անել՝ ղեկավարվելով Վիկտոր Հյուգոյի հայտնի ասույթով․ «Այն, ինչ մահացել է իբրեւ իրականություն, կենդանի է իբրեւ խրատ»։

Իսկ եթե համապարփակ եզրակացություններ անենք, ապա դրանք խիստ անհանգստացնող են։ Ամեն մի երկրի ֆուտբոլում գրանցվող խախուտ վիճակը բնորոշող առավել ամբողջական պատկերը սովորաբար իր արտացոլումն է ստանում միջազգային պատկառելի ասպարեզներում, երբ ազգային հավաքականների ելույթների ընթացքում ստացվում են օբյեկտիվ գնահատականներ։ Մենք սկսենք մեր ազգային առաջնությունից, որն ավարտվել է անցյալ ամիս։ Ավարտվել է, բայց դեռ չեն տրվել կանոնակարգով նախատեսված գնահատականներ ֆեդերացիայի կողմից։ Մինչ հիմա ոչ ոք չգիտի, թե արդյոք նույն 9 թիմե՞րն են վերսկսելու Հայաստանի չեմպիոնի կոչման համար հերթական մրցավեճը, թե՞, ինչպես ընդունված է, մրցաշարային աղյուսակը եզրափակած ԲԿՄԱ- ին փոխարինելու է առաջին խմբի հաղթող «Լեռնային Արցախը»։ Մեր ֆուտբոլի ֆեդերացիան (նախագահ` Արմեն Մելիքբեկյան) ասես ընդհատակ է անցել եւ ոչ մի հայտարարությամբ հանդես չի եկել։ Կարելի է ենթադրել, որ ՀՖՖ-ն ներկայումս տարված է ազգային հավաքականի պրոբլեմներով, որոնք, հարկ է խոստովանել, քիչ չեն։

Մեր ֆուտբոլի դրոշակակիրը համարվող ընտրանին, ցավոք, լուրջ խնդիրների առաջ հայտնվեց՝ հանդես գալով Եվրոպայի Ազգերի լիգայի առաջնության նախնական մրցումներում։ Ճիշտ է, ամեն ինչ վերջնական տեսք կստանա աշնանը, բայց ճանապարհի կեսը մնացել է ետեւում, եւ կարելի է ասել, որ այն պասիվ ու ամորֆ խաղաոճը, որ ընտրվել է, լավատեսություն չի ներշնչում։ Կայացած խաղերը տակտիկական տեսակետից հիմնականում ընթացել են մեր կիսադաշտում, հետեւաբար, ի՞նչ արդյունավետության մասին է խոսքը։ Պատահական չէ, որ ինքը` ավագ մարզիչ Խոակին Կապառոսը, մեկնարկային խաղում տարած առայժմ միակ հաղթանակը բնորոշել է այսպես․ «Բախտը ժպտաց մեզ»: Էլ չեմ ասում այն բազում տեխնիկական վրիպումների մասին, երբ հաջորդ հանդիպումներում վեհերոտ տակտիկա ընտրած մեր թիմի տղաները փոխանցումները հաճախ կատարում էին ե՛ւ ոչ ճիշտ պահին, ե՛ւ ոչ միշտ հասցեագրված։ Բաց թողած գոլերն էլ հենց նման կոպիտ վրիպումների տխուր հետեւանքներն են։

Անցած երեքշաբթի, երբ մեր հավաքականն ընդունեց շոտլանդացիների թիմին, ոչ միայն բախտներս չբերեց, այլեւ գրանցվեց շատ տհաճ երկու խայտառակ դեպք. մեր ֆուտբոլիստները կրեցին հերթական՝ երրորդ անընդմեջ պարտությունը, այն էլ՝ 1:4 խոշոր հաշվով։ Ավելին, դաշտի տերերից երկու Հովհաննիսյան` Արմանը` առաջին խաղակեսում, Կամոն` խաղավերջում, կոպիտ խաղի համար հեռացվեցին մրցասպարեզից, ինչը ծանր կորուստ էր ու վճռորոշ դերակատարում ունեցավ մեր թիմի համար։
Մրցաշարային աղյուսակը՝ այսօրվա դրությամբ.
1. Ուկրաինա` 7 միավոր
2. Շոտլանդիա` 6 միավոր
3. Իռլանդիա` 4 միավոր
4. Հայաստան` 3 միավոր

Մեր թիմի բաց թողած գոլերը (9) ավելի շատ են, քան մյուս երեք հավաքականներինը միասին վերցրած։

Սակայն անարդար կլինի սահմանափակվել զուտ այս կարգի դիտողություններով։ Մանավանդ որ մեր մյուս հավաքականները հաճախ թույլ են տալիս այնպիսի ձախողումներ, որ ակամա մտածում ես` սրանք ընդհանրապես կանոնավոր պարապմունքների, էլ չեմ ասում` մրցումների, մասնակցած կա՞ն։ Իսկ ամենազավեշտալին այն է, թե ինչը հաշվի առնելով են մասնագետ կոչվածները գտել, որ նրանք արժանի են հանդես գալու ազգային հավաքականում։ Խոսքն առաջին հերթին աղջիկների մասին է։ «Հրապարակն» առիթ ունեցել է անդրադառնալու հավաքականի անվան տակ հանդես եկող գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հավաքականին, որը, եթե հիշում եք, չորս միջազգային պաշտոնական մրցաշարերի 12 խաղում միայն պարտություններ է կրել՝ խփած միակ գոլի դիմաց բաց թողնելով 85։ Եվ ի՞նչ։ «Ավանդույթը» շարունակվում է․ հիմա էլ մեր ընտրանի կոչվածը մասնակցում է աշխարհի 23-րդ առաջնության փնջային մրցաշարին։ Նախատեսված 10 խաղից 8-ն արդեն անցկացրել են։ Կցանկանայի՞ք իմանալ ցուցանիշները։ 8 խաղ` նույնքան պարտություն, 0՝ խփած եւ 62՝ բաց թողած գոլ։ Գլխավոր նոկաուտն էլ բելգիացիներից կրած ջախջախիչ պարտությունն է՝ 0:19 հաշվով։ Ավելի եղկելի վիճակ դժվար է պատկերացնել։

Գլուխները կախ են տուն վերադարձել նաեւ 19-ամյա մեր զորեղ համարվող տղաները։ Նրանք, ճիշտ է, իրենց մրցակիցներին «մեծ նեղություն» չեն պատճառել` եվրոառաջնության ընտրական մրցափուլում անգլիացի, իռլանդացի եւ պորտուգալացի հասակակիցների հետ խաղերում ոչ միայն գոլ չեն խփել, այլեւ «չոր» պարտություններ են կրել՝ նույն 0:4 հաշվով։ Եվ վերստին, մի՞թե պրոֆան չեն նրանք, ովքեր ազգային ընտրանուն համարժեք թիմ են ճանաչել այն։

Անցած կիրակի էլ, ընդունելով ուկրաինացի հասակակիցներին, 21-ամյա երիտասարդները, այսինքն՝ մեր ֆուտբոլի ամենամերձավոր ապագան ներկայացնողները, 0:2 հաշվով պարտություն կրեցին՝ ավարտելով իրենց ելույթները Եվրոպայի առաջնության նախնական մրցափուլում։ Նրանք անհաջողության մատնվեցին, անցկացրած 10 խաղում իրենց օգտին գրանցելով մինուճար հաղթանակ, այսինքն՝ 30 հնարավորից վաստակելով սոսկ 3 միավոր։ Որպես խոսուն համեմատություն՝ բերեմ նույն խմբում հանդես եկած Ֆարերյան կղզու թիմի ցուցանիշը` ընդամենը 45 հազար բնակիչ ունեցող այդ երկրի տղաները վաստակել են 10 միավոր։
Ահա այսպիսի տխուր պատկեր է ներկայացնում մեր ներկայիս ֆուտբոլը։ Այդ զրոյական մակարդակի համար, անշուշտ, հարկ է մեղադրել ե՛ւ գլխավոր դերակատարներին, ե՛ւ նրանց մարզիչներին։ Բայց գլխավոր պատասխանատուն, ինչ խոսք, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան է, իր պարտականությունների կատարման նկատմամբ դրսեւորելով թե՛ դիլետանտիզմ եւ թե՛ տարօրինակ անտարբերություն։ Զուր չէ, որ վերջին շրջանում ՀՖՖ գործելաոճը դատապարտող բազում հրապարակումներ եղան։

Երկար տարիներ ու մոտիկից եմ հետեւել հանրապետական ֆեդերացիայի գործելաոճին եւ պետք է խոստովանեմ՝ մեծ ու փոքր թերություններ միշտ էլ եղել են։ Սակայն այն, ինչ փաստացի անում է ներկայիս ֆեդերացիան, ակամա ստիպում է հարցեր տալ` մի՞թե, իսկապե՞ս։ Բերեմ մի քանի ցցուն վերնագրեր` «ՀՖՖ-ում տիրող բարքերը», «Մասսայական ֆուտբոլն ինտրիգից կարեւոր է», «ՀՖՖ-ն` «հոր դուքյան»»։ Իսկ ի՞նչն է առավել շատ անհանգստացնում հոդվածներում կոնկրետ փաստեր գրանցած հեղինակներին։ Այն, որ ֆեդերացիան անտեղի միլիոններ է մսխում դրսից իբրեւ մասնագետ հրավիրվածների վրա՝ իրականում չապահովելով գոնե նվազագույն առաջընթացի մի քայլ, ինչի հետեւանքն էլ մասսայական ֆուտբոլի բացահայտ տապալումն է։ ԽԾԲ-ն այստեղ ազատ տժժում է։ Եվ ֆեդերացիայի վերաբերմունքն է գլխավոր պատճառը, որ մեր ամենահեղինակավոր ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ստիպված է եղել հրաժարվել հանդես գալ ազգային հավաքականում, որ ֆուտբոլի ակադեմիայի շոգեբաղնիքը վերացվել է քեֆչիների սաունայի…
Մեղադրանքները, ինչպես տեսնում եք, բավականին լուրջ են։ Սակայն ոչ պակաս տարօրինակ է, որ այս ահազանգերին ֆեդերացիան զարմանալիորեն անտարբեր վերաբերմունք է դրսեւորում։ Եվ սա՝ այն դեպքում, երբ մեր ֆուտբոլի վարկանիշը կտրուկ իջել է։ Մի խոսքով, իրավիճակն ավելի քան տագնապալի է, եւ սա, կասկածից վեր է, իր նոր տխուր հետքը կարող է թողնել ամենասիրված խաղի իմիջի վրա թե՛ ներքին եւ թե՛ միջազգային ասպարեզներում։

Միսակ Նազարյան