Չավուշօղլուի այցը Իրան․ Թեհրանի վախերն ու Անկարայի ակնկալիքները

Չավուշօղլուի այցը Իրան․ Թեհրանի վախերն ու Անկարայի ակնկալիքները

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուի վերջին այցը Իրան բավական հետաքրքիր էր։ Իրանում նախագահ Էբրահիմ Ռաեսիի ընտրությունից եւ Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ավարտից հետո սա Թուրքիայի ԱԳ նախարարի առաջին այցն էր Թեհրան։ Ու այս առումով այցը դառնում է ուշագրավ, քանի որ բոլորին է քաջահայտ, որ 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հետ մեկտեղ ոչ պակաս ակտիվությամբ հանդես էր գալիս նաեւ Թուրքիան եւ պատերազմն իր արձանագրած արդյունքներով բավականին շոշափեց նաեւ իրանական շահերը։ Բացի այդ, եւ պատերազմական իրականությունը եւ հետպատերազմական իրականությունն այնպիսին էր, որ Թեհրանն ինքը սկսեց զորքեր կուտակել իր հյուսիս-արեւմտյան սահմաններին։ Ու հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ Իրանին անհանգստացնում է ամեն բան՝ սկսած Հարավ-Կովկասյան ռեգիոնում սահմանների անձեռնմխելիության պահպանումից մինչեւ այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» գործարկումը, որը Ադրբեջանի բուն տարածքը կապելու է Նախիջեւանի ԻՀ հետ Հայաստանի տարածքով եւ բացի այդ, նաեւ Թեհրանին անհանգստացնում է այն, որ հնարավոր է, որ Մերձավոր Արեւելյան կոնֆլիկտը տեղափոխվի Կովկաս, ինչը նաեւ նշանակում է, որ իրանա-թուրքական դիմակայությունն է տեղափոխվելու Կովկաս։

Ի սկզբանե արձանագրենք, որ ներկայիս ռեգիոնալ քաղաքական իրավիճակում Անկարան ունի բավական հետաքրքիր եւ արժեքավոր խաղաթղթեր եւ կարելի է ասել, որ Չավուշօղլուն գնացել էր Թեհրան այդ խաղաթղթերը խաղարկության մեջ դնելու։ Ուստի հասկանալի է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի՝ իրանցի իր գործընկեր Հոսեյն Աբդոլահիանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ արված հայտարարության ենթատեքստն առ այն, որ Անկարան պատրաստ է երկարատեւ համագործակցության եւ Թեհրանի հետ աշխատելու եւ այդ համագործակցությունը պիտի փաստաթղթավորված լինի Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի՝ Թեհրան կատարելիք այցին ընդառաջ, որպեսզի հասկանալի է՝ վավերացվի երկու նախագահների կողմից։

Ըստ էության կարող ենք ասել, որ Իրանին Անկարան ինչ որ գործարք է առաջարկելու, բայց թե ինչպիսի, դժվար է ասել։ Նաեւ դժվար է ասել, թե Իրանը կհամաձայնի արդյոք այդ գործարքին։ Ի վերջո, իրանա-ադրբեջանական հարաբերությունների վերջին լարման ընթացքում, որին Անկարան ամենեւին էլ անտարբեր չմնաց, փորձագիտական-վերլուծական շրջանակներում բավականին ակտիվ կերպով քննարկվեց այն տեսակետը, թե Իրանին ինչ որ բան էր խոստացված եղել, որ կստանա՝ Ղարաբաղյան 44-օրյա պատերազմում իր այն դիրքորոշման դիմաց, որը նա ունեցավ, գոնե հանրային բաց կամ հասանելի մակարդակում /ասենք Ադրբեջանին տարածքային ամբողջականության վերականգնումը շնորհավորելով/, բայց չի ստացել, ու հիմա նյարդայնացած է։ Հնարավոր է, որ ի վերջո Թեհրանը ստանա այն, ինչ ուզում է, թեկուզ այն բանի դիմաց, որ իր հերթին երաշխավորի, որ որեւէ կերպ իրանցի կրոնավորները, որոնք շատ լուրջ ազդեցություն ունեն Ադրբեջանում, հավատացյալ մահմեդականների վրա, չեն անի քայլեր, որոնք կարող են խաթարել Իլհամ Ալիեւի վարչակարգը։ Իրանական դիվանագիտությունը եւս հայտնի է իր ճկունությամբ եւ բազմաշերտությամբ, ու առաջիկա ամիսները կարող են լինել բավական հետաքրքիր իրանա-թուրքական հարաբերությունների զարգացումների առնչությամբ։

Կարեն Ենգիբարյան