Վտանգավոր առաջարկ Նիկոլ Փաշինյանից
Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտարարել է, որ լրագրողներն իրենք իրենց գործունեության էթիկայի կանոններ պետք է մշակեն և հետևեն այդ կանոններին: «Կառավարության ծրագրում լրագրողական էթիկայի կարգավորման հետ կապված կոնկրետ առաջարկ ունենք: Կարծում ենք, որ պետք է օրենսդրական փոփոխություններ առաջարկենք, որով սահմանենք ինստիտուտ, երբ լրագրողներն իրենք իրենց գործունեության էթիկայի որոշակի կանոններ կմշակեն և իրենք կհետևեն այդ կանոններին»,- մասնավորապես ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նա նաեւ խոսել է Կառավարության այլ նախաձեռնության մասին: Ըստ Փաշինյանի` ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն նաև իմանալ լրատվամիջոցների իրական շահառուների մասին, որպեսզի հստակ բաժանարար գծեր լինեն, և հստակ լինի որևէ լրագրող լրագրողական գործունեությամբ է զբաղվում, թե քաղաքական որոշակի շրջանակի ներկայացուցիչ է: Տեսականորեն որքան էլ վարչապետ Փաշինյանի ասածի հիմքում դնենք վեհ ու բարձր գաղափարներ եւ նպատակներ, այնուհանդերձ, ասվածը վտանգներ է պարունակում բուն խոսքի ազատության իրավունքի կամ դրա իրացման հետ կապված։ Նախ, պետք է փաստենք, որ լրագրողական հանրույթը, Հանրապետության՝ լրատվական գործունեություն իրականացնող սեգմենտը ամենից կայացած եւ կազմակերպված սեգմենտն է, եւ այդ սեգմենտում գործում են որոշակի կանոններ, որոնք չեն մշակվել ուղղահայաց՝ վարչահրամայական ձեւով, այլ մշակվել են ժամանակի ընթացքում, հանրույթի ներսում եւ պահպանվում են։
Այսինքն՝ լավ կամ վատ, բայց արդեն նման էթիկական կանոններ կան, որոնք նաեւ ինչ որ առումով, խարսխվում են Հայաստանում գործող օրենսդրության պահանջների վրա, թե, օրինակ, ինչ է կարելի հրապարակել, եւ ինչը՝ ոչ, ինչպես պետք է վերաբերվել մարդու անձնական տվյալներին, ինչպես ապահովել անձնական տվյալների գաղտնիությանը, մասնավոր եւ ընտանեկան կյանքի հարգմանը եւ այլն։ Իհարկե, մեղանչումներ լինում են, բայց առանց դրա հնարավոր չէ։
Նույնիսկ Եվրամիությունում, որտեղ իրավական դաշտը գրեթե իդեալականացման է հասցված եւ գործում է զորօրինակ՝ «Մոռացված լինելու իրավունքը», մեղանչումներ միշտ լինում են, եւ նման դեպքերում կարգավորումներն իրականացվում են իրավական ճանապարհներով, դատական նախադեպերով։ Այսինքն, այս դեպքում անհասկանալի է, թե վարչապետ Փաշինյանը լրագրողների հետ կապված, կամ լրագրողական գործունեության հետ կապված ինչ էթիկական կանոններ է ուզում, որ լրագրողական հանրույթն իր ներսում սահմանի եւ հետեւի։ Եւ կամ, նույնիսկ եթե ձեւակերպված են այդ կանոնները, հետեւելը լինելու է զուտ ջենթլմենական համաձայնության հիման վրա, թե ենթադրելի է, որ որոշակի, ասենք, արհմիութենական մակարդակի իրավակարգավորումներ կամ աշխատակարգային կարգավորումներ են լինելու, ու թե նման բան կա, ապա ով է լինելու այդ կարգավորիչ մարմինը՝ Ժուռնալիստների միությունը, թե կառավարությունը հավելյալ կարգավորիչ մարմին է ստեղծելու՝ որպես նոր պատժիչ օղակ։
Եթե այո, ապա սա նշանակում է, որ խոսքի ազատությունը կարող է վտանգվել, օրինակ, ինչ որ տեսչական կամ նույնիսկ կիսատեսչական մարմնի առկայությամբ։ Ի վերջո, պետք է արձանագրենք, որ եվրոպացիները ֆիքսել են, որ տեսչական ամեն մի նոր մարմին ենթադրաբար հավելյալ ռիսկեր է ստեղծում տվյալ ոլորտում ազատության, անաչառության, ի վերջո նաեւ՝ մարդկային գործոնի եւ կոռուպցիոն հնարավոր գործարքների հետ կապված։ Սրանք վտանգներ են, որոնք կառավարությունը պետք է գիտակցի։
Բացի այդ, երբ Հանրապետության վարչապետն ասում է, որ ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն նաև իմանալ լրատվամիջոցների իրական շահառուների մասին, որպեսզի հստակ բաժանարար գծեր լինեն, և հստակ լինի որևէ լրագրող լրագրողական գործունեությամբ է զբաղվում, թե քաղաքական որոշակի շրջանակի ներկայացուցիչ է, ապա նկատենք, որ ԶԼՄ-ների իրական սեփականատերերը հայտնի են՝ նրանք գրանցված են ՍՊԸ-ների փաստաթղթերում, իսկ ստվերային հովանավորներին գտնելն արդեն այլ դաշտում է՝ իրավապահների, հետաքննողների, որը ոչ մի օրենսդրությամբ հնարավոր չէ կարգավորել։
Հասկանալի է, որ սա արվում է բացառապես ընդդիմադիր մամուլի դեմ, սակայն հուշենք, Նիկոլ Փաշինյանին, որ այն, ինչն ինքն ուզում է անել, կարող է Հայաստանում ստեղծել մի այնպիսի իրականություն, որպիսին հիմա կա Ռուսաստանում, երբ լրատվամիջոցները բաժանված են տեղականի եւ «օտարերկրյա գործակալների», որտեղ ի դեպ՝ առաջնակարգ տեղերից մեկը զբաղեցնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսաստանյան մասնաճյուղը։ Իհարկե, նման պրակտիկա կա նաեւ Միացյալ Նահանգներում, սակայն այս դեպքում որակումները աշխարհաքաղաքական հարթության վրա են դիտարկվում, իսկ մեր դեպքում, ինչպես արդեն նշեցինք, ամեն բան հանգելու է նրան, որ ցանկացած կարգավորում միտված լինի սահմանափակելու ընդդիմադիր մամուլի հնարավորություններն ու նվազեցնելու հնչող քննադատական խոսքը։
Կարեն Ենգիբարյան
Կարծիքներ