Քաղաքաշինական «խաղիկների» շարքից
Մենք՝ բնիկ երեւանցիներս, աշխատում ենք տնից քիչ դուրս գալ: Խնդիրը ոչ այնքան կյանքեր խլող համաճարակն է եւ պատերազմը, որքան նախատրամադրությունը, երբ քո օրրան-ծննդավայրում քեզ արդեն օտար ես զգում:
Ուշագրավ է, որ Երեւանը երիտասարդանում է, գավառական քաղաքի մշուշը վերանում է մայրաքաղաքի համայնապատկերից. ծլարձակում են ժամանակակից կառույցներ, նույնիսկ ոչ ակնահաճո դղյակներ, կառուցվում են նոր մայրուղիներ, կամուրջներ, թունելներ, տրանսպորտային հանգույցներ: Սակայն այդ ամենի զգալի մասն իրականացվում է Երեւանի սակավաթիվ, ցիրուցան եղած, հարյուր եւ ավելի տարիների ինքնության կնիքը կրող՝ տեսանելի շենքերի տեղում: Անկախ Հայաստանում քաղաքաշինական այս «թարմացումը» թափ առավ 1998-ի իշխանազավթումից հետո: Գլխավոր գործիքը՝ մեծ փողերի ճնշումը, մե՛կ արագ, մե՛կ մեղմ տեմպերով բարեփոխվող քաղաքաշինությանը ստիպեց կտրուկ դիմափոխել, շնչահեղձ անել Երեւանի հատկապես կենտրոնը:
Թավշյա հեղափոխության սկիզբն էր, երբ քաղաքապետարանը որոշում կայացրեց Երեւանը մաքրել անօրինական եւ մայրաքաղաքի ճարտարապետական նկարագիրը խաթարող կառույցներից: Գլխավոր արդյունքը. Ազատության կիսաշրջանաձեւ հրապարակն ազատվեց ներքին շառավղով իրականացված սրճարանների ճնշող շարանից: Հաջորդն Օղակաձեւ զբոսայգու անտեր ու սննդի փնթի օբյեկտների վերացումն էր: Հետեւեց կցակառույցների, կիսակառույցների քանդումը Երեւանի ծայրամասերում՝ Էրեբունիում, Աջափնյակում… Մի պահ թվաց, թե Երեւանի գոնե կենտրոնն ազատվում է ավելորդություններից: Իրականում, սակայն, այդպես չէր, ներկա դրությամբ էլ աղբամանի վերածված շինություններ կան եւ հատուկենտ չեն:
Առաջին «հայտնագործությունը», որ արվեց քաղաքաշինության ոլորտում, այն էր, որ Երեւանում մնացած թափոն-օբյեկտների տերերը (պատվիրատու-ֆինանսավորողներ, կառուցապատողներ, սեփականատերեր-շահագործողներ) «ազդեցիկ տանիքների եւ տանիքավորների» խավից են: Նրանք իրենց թեթեւ ձեռքով հաջողացնում են քաղաքապետարանում «քննարկված», հաստատված նախագծեր, շինարարության թույլտվության անհերքելի որոշումներ: Միայն մեկ օրինակ. մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի տարածքում՝ Հակոբ Հակոբյան-Կասյան փողոցների հատույթում, յոթ թռիչքանի ուղետարին (путепровод) կից երկհարկ, «գլանաձեւ սեպի» խնդրով գրավոր բողոքներին այսօր էլ լրջորեն արձագանքող չկա: Ըստ քաղաքապետարանի թիվ 50/1-Ա-3211 (08.04.2021) տեղեկանքի` կառուցապատողներ Բագրատ Ասատրյանին, Էոաննիս Կեռասիդիսին եւ Տիգրան Սիմոնյանին տրամադրվել է h. 01/18-07/1-Ա-5503-633 (08.09.2014 ) նախագծման թույլտվությունը, մեկ ամիս անց` h. 01/18-Մ-6507-1153 (28.10.2014) շինարարական թույլտվությունը: Հարց. ի՞նչ քննարկումների մասին է խոսքը, ի՞նչ չափորոշիչներով են առաջնորդվել քննարկելիս, ովքե՞ր էին քննարկողները...։ Հավելենք, որ այս ամենից անտեղյակ էր Հայաստանի ճարտարապետների միությունը (հիմա՝ Ճարտարապետների պալատ): Մի բան անժխտելի է, որ քննարկումներից քաջատեղյակ էր կամ դրանց մասնակցել է 2014-ի Հայաստանի ամենայն գերագույն ճարտարապետը՝ իր թիմով: Հատկանշական է, որ նա՝ գերագույնը, Ճարտարապետների միության (պալատի) անդամ չէ:
Փաստենք, որ 2013-ին սկսված «գլանաձեւ սեպի» շինարարությունն առայսօր (շուրջ 8 տարի) կիսատ է. ներքին հարդարում չի իրականացվել, «գործում» է որպես խոչընդոտներ, վտանգներ հարուցող, աղտոտություն տարածող, լուսատեսադաշտ փակող կարկառ:
Հիշեցման կարգով. օրենք գոյություն ունի, երբ օտարված տարածքում մասնավոր կառուցապատողն անփույթ է, չի կատարում իր պարտավորությունները` կիրառվում են տույժեր: Տարիներով անտերության մատնելու դեպքում օբյեկտն օտարվում է կառուցապատողից, նոր մրցույթով տրվում է բարեխիղճ կառուցապատողի: Ծայրահեղ դեպքում` անտեր մնացած կառույցի զբաղեցրած տարածքը հանրային տարածք է ճանաչվում. քանդվում է մնացուկը, ու տեղում հիմնվում է կանաչ գոտի: Մեր օրինակի պարագայում հնարավոր է տեղում վերականգնել Բարեկամության հրապարակի միակ, եռանկյունաձեւ, ծառ ու թփերով կանաչ կղզյակը, ինչպիսին կար մինչեւ 2013 թվականը: Կասյան փողոցի 1/1 շենքի բնակիչների բողոքների պատասխանները նույնական են՝ տիպարային, անբովանդակ-տեղեկանքային: Պատասխանների ենթատեքստը մեկն է. «Ձեզ տրամադրում ենք անունների, որոշումների տեղեկանքներ: Հետագա փնտրտուքները՝ ձեր քաղաքացիական կամքի եւ հայրենասիրության վրա»:
Ահա այստեղ մի ներքին ձայն հուշեց, որ խնդիրը քաղաքական չէ, եղբայրական է: Ուստի պահը հասունացել է Երեւանի ճակատագիրը միջազգայնացնելու` եղբայրաբար դիմելու Երեւանի քույր քաղաքներից որեւէ մեկի իշխանությունների աջակցությանը: Օրինակ՝ Մարսել քաղաքի քաղաքապետարան՝ խնդրանքով, որ խորհրդակցական կարգով, բարեկամաբար մասնակցի Երեւանի ճարտարապետական ամբողջական նկարագրի բարեփոխմանը սպառնացող վտանգների վերացման, հին եւ նոր կառույցների օրգանական համակցումների արդյունավետ ձեւավորման գործընթացին:
Թերեւս, քաղաքաշինական «խաղիկների» դրսեւորումներն այսքանով չեն ավարտվում: Խոսքը Երեւանի ճարտարապետական նկարագրի ինքնությունը վկայող (նույնիսկ խորհրդային տարիներին կառուցված) այլ շինությունների մասին է: Այն շինությունների, որոնց «դիպչելը» կարող է հանրային ընդվզումի մեծ ալիք առաջ բերել: Գտնված է «զգուշավոր մարտավարության» սկզբունքը, ըստ որի՝ սպասել ինչ-որ ժամանակաշրջան, գուցե՝ մեկ կամ մի քանի տարի: Այդ ընթացքում չնկատելու տալ, անտերության մատնել, մինչեւ կառույցն ինքնաբուխ դառնա վթարային, լավագույն դեպքում՝ ինքնաքանդվի: Նաեւ՝ սպասումի ժամանակահատվածում այդ կառույցների հանդեպ հանրության ուշադրությունը կբթանա: Ինքնավերման, ինքնաքանդման հիմնավորումը, թե բնության տարերքն էր մեղավոր, հանրությունը վճռականորեն չի բողոքարկի, եւ վերջ: Այսպես վերացան «Սեւան» հյուրանոցը, կողքի՝ նախկին լուսավորության նախարարության շենքը, Երիտասարդության պալատի համալիրը, Մաշտոցի պողոտայի Ծածկած շուկայի կամարների կեսը: Իրենց հերթին են սպասում «Զվարթնոց» օդանավակայանը, «Հրազդան» մարզադաշտը, միջին ծավալի կառույցներից մինչեւ 2004 թ. վթարը գործող Երեւանի ճոպանուղին, նրա ցածի կայարանի ափսեաձեւ շենքը (2007-ից սեփականատեր՝ Ռոբերտ Եղիազարյան, քաղաքապետարանի տեղեկանք՝ թիվ 50/1-Ա-2618 28.03.2019): Մինչդեռ կիսավեր, երկհարկ, ափսեաձեւ շենքը նաեւ Երեւանի համայնապատկերն ընկալելու դիտահրապարակ-հանրային վայր էր:
Երեւանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բավական ժամանակ է, ինչ ցուցադրվում են Շուշիի գորգերի թանգարանի փրկված նմուշները: Թող չափազանցություն չթվա՝ մեկ այցելությամբ հնարավոր չէ ըմբոշխնել գորգերի գույների եւ նախշերի ողջ տեսականին: Մամուլի անդրադարձներից, ցուցադրության պատասխանատուներից տեղեկացանք, որ Երեւանում ու Ստեփանակերտում փնտրվում է գորգերի մշտական ցուցադրության վայր: Դիմել են իշխանություններին եւ հասկանալի պատճառներով մերժում ստացել: Հանդիպել են Հայաստանի ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին: Նրանք իրենց քաղաքական գործունեությունից ժամանակ են հատկացրել եւ ԱԺ ամբիոնից խոսել թանգարանի խնդիրներից: Խնդիրն առկախ է:
Տպավորությունների գրքում գրառում կատարեցինք եւ անդրադարձանք նաեւ ցուցադրության մշտական վայրի խնդրին: Ակներեւ է, որ Երեւանում քիչ չեն դատարկ ու կիսադատարկ առանձնատները: Նրանց «հավաքատեղին» Ուլնեցու փողոցում է՝ Հաղթանակի հուշարձանի թիկունքում, որտեղ ապրում են ոչ քիչ թվով մեծահարուստ արցախցիներ: Գուցե պետք էր նրանց աջակցությո՞ւնն ակնկալել… կամ՝ դիմել Հաղթանակի զբոսայգու մուտքի՝ Հաղթանակի կամարի դիմացի մայթի խորքում գտնվող, ԱԺ շենքը հիշեցնող ԱԺ նախկին նախագահի առանձնատան տիրոջը:
Մեկ այլ կարծիք-տարբերակ եւս. արդեն նկարագրված խափանված ճոպանուղու վթարային ափսեաձեւ շինությունը նույնպես հարմար է որպես ցուցասրահ՝ հրաշք գորգերը ցուցադրելու համար: Հարմար է նաեւ նրանով, որ ոչ մեծ վերանորոգումից հետո կփրկվի Երեւանի դիմագծի կարեւոր տարրերից մեկը: Շնորհիվ կենդանացած ափսեաձեւ կառույցի եւ նրա ցայտուն դիրքի՝ կամբողջանա Նալբանդյան, Կորյունի, Չարենցի փողոցների խաչմերուկը: Հետեւապես՝ դիմե՞լ համերկրացիներին, թե՞ չդիմել... Այս է խնդիրը:
2018 -ին հաջորդած երեք տարիները բավարար են համոզվելու համար, որ թավշյա հեղափոխությունը շրջանցել է քաղաքաշինության ոլորտը: Որ 3-ամյա «բարեփոխումների» ընթացքը նախորդ 20-ամյա «նորարարությունների» օրգանական շարունակությունն է:
Թերեւս տպավորություն է ստեղծվել, թե ճարտարապետությունը եւ քաղաքաշինությունը քաղաքական ուժերի բանուգործը չեն: Սակայն 1998-ից այս կողմ ճարտարապետությունը, քաղաքաշինությունը դարձան իշխող քաղաքական գործիչների, նրանց համագործակիցների շահերը սպասարկող գործիքակազմ՝ ահռելի փողերի ստվերային շրջապտույտներով:
ՀԳ․ Ի դեպ, Հայաստանի ժողովրդի ներքին պառակտվածությունը, ներքաղաքական գզվռտոցները պարարտ հող են քաղաքաշինական «խաղիկների» բարգավաճման համար, որի մասին բազմիցս ահազանգել է Հայ ազգային կոնգրեսը:
Մարտին եւ Արամայիս Ասլանյաններ
Ճարտարագետ-նախագծողներ
Կարծիքներ